Դա վրաերթից ավելի սոսկալի բան է

 Դա վրաերթից ավելի սոսկալի  բան է

Կայքերից մեկը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը օրեր առաջ վրաերթի է ենթարկել 9 տարեկան մի փոքրիկ տղայի։ Մանրամասները չեմ ներկայացնում։ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջով հերքեց․

Davit Sanasaryan

Հերթական շառը

Քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ ես երեխայի եմ վրաերթի ենթարկել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։

Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է՝ ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի և մյուս բոլոր ստերի նման։

Այս գրառում - հայտարարությունից հասկանում ենք․

Կայքը ապատեղեկատվություն է տարածել։ Սա մամուլի դեմ յուրօրինակ քարոզարշավ է։

Նման բան երբևէ չի եղել։ Այսինքն հասկանում ենք, որ փոքրիկ երեխա, խոսակցություն, հիվանդանոց նման բաներ երբևէ չեն եղել։

Մնացած բոլոր լուրերը՝  ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի հետ կապված այս լուրի նման սուտ են։

Հետո հայտնվում է տեսանյութը և Դավիթ Սանասարյանը հիշում է դեպքը ու պատմում, թե ինչպես է եղել այն։ Այսինքն եղել է փոքրիկ տղա, եղել է շարժման մեջ գտնվող մեքենա, ղեկին՝ Դավիթ Սանասարյանը, փոքրիկը տուժել է, հիվանդանոց են տարել․․․ Ու այդքանից հետո, երբ կայքը գրել է այդ մասին, ասում է՝ սուտ է։ Հիմա, երբ արդեն դեպքը ամենայն մանրամասնությամբ քննարկվում է, Սանասարյան Դավիթը մանրամասնություններ է ներկայացնում, երեխայի մոր ասածներն է հերքում։  

Եթե դեպքն ամբողջությամբ ժխտում էիք, հիմա ինչու՞ եք մանրամասնություններով պատմում, փորձում «գործ սարքել» տուժող երեխայի մոր գլխին, ինչպես դուք եք ասում՝ շորթման հոդվածով։ Դուք հերքում էիք, որ նման բան չի եղել, հիմա ուզու՞մ եք, որ ձեր պատմությանը հավատա՞ն։

Ամենամեծ վրաերթը տեղի է ունենում մարդկային հուզաշխարհում, երբ մարդու հոգում խամրում են բոլոր գույները ու մնում է միայն գորշ ու սառը՝ քաղաքական  գույնը։ Ուշադիր լսում էի վրաերթի ենթարկված փոքրիկ տղայի մորը, համացանցում շրջում է տեսանյութը, ու ինձ մոտ տպավորվեց մոր հետևյալ խոսքերը․ « Բոլորս էլ մարդ ենք, բոլորիս հետ էլ կարող է ամեն ինչ լինել, բայց բոլորս էլ մեր մարդկայինը պիտի անենք»։ Այսինքն եթե նույնիսկ մայրը օգնությու՞ն է խնդրել տուժած երեխայի համար, դա շորթու՞մ եք համարում։ Ուզու՞մ եք դա՞ էլ քաղաքականացնել, բա՞վ չէ քաղաքական աստառի տակ, ատելություն սերմանելով, «ջրեք ձեր բոլոր գործերը»։

Ոստիկանության հայտարարությունը առավել քան ցնցող է․ «Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահանզանգ չի ստացվել։
Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Այստեղից պիտի սկսել գործը։ Այս հարցին «Արմենիա» բժշկական կենտրոնը պիտի պատասխանի։ Եթե երեխան հիվանդանոց է մտել, անկախ ամեն ինչից, հաղորդում պիտի տրվեր ոստիկանությանը։ Նման բան այդքան շատ քննադատվող նախկինների օրոք չի եղել, մի փոքրիկ վնասվածքի դեպքում անգամ ոստիկանները թափվում էին հիվանդանոց՝ պարզելու ինչ է եղել։ Այստեղ ինչ որ բան սուբյեկտիվ ընթացք է ունեցել, այդ փակագծերը պիտի բացել։ Այդքանից հետո տուժածի մորը ահաբեկել՝ շորթման հոդվածո՞վ․․․

Տուժողը երեխա է, անգամ եթե ինքն է եկել ու ընկել ձեր մեքենայի առաջ և վնասվել, ու դուք, ինչպես պատմում եք, իմացել եք, թե փոքրիկ կատու է, պիտի մինչև վերջ օգնեիք ու ոտի հանեիք երեխային։ Փոքրիկի մոր խոսքերը անկեղծ են․ «Բոլորս էլ մարդ ենք, բոլորիս հետ էլ կարող է ամեն ինչ լինել, բայց բոլորս էլ մեր մարդկայինը պիտի անենք»։ Դուք այդ մարդկայինն անելու փոխարեն, ահաբեկում եք ձեր մեքենայից տուժած երեխայի մորը։ Դրա համար հոդված չկա՞։ Սուտ խոսելու համար չկա՞, երբ բոլորին խաբեցիք, թե նման բան չկա։ Ձեր շրջապատը հանում եք  մոր դեմ ու առանց խղճի խայթի նայում, թե ինչպես են հայհոյում։ Ավելին չասեմ։ Վրաերթից ավելի սոսկալի բան է տուժած երեխայի մորը ահաբեկելը։