Մենք տեսել ենք Ծառուկյանի կողմից կոնկրետ քայլեր, որ խոսքը գործ է դարձել․ Ս․ Օքմինյան

Հնարավոր արտահերթ ընտրությունների թեմայով «Հրապարակը» զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Հայահավաք» շարժման համահիմնադիր Սուրեն Օքմինյանի հետ։
- Պարո՛ն Օքմինյան, Դուք նախաձեռնել էիք «Հայահավաք» շարժումը։ Հիմա ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում։ Ո՞ւմ հետ եք համագործակցելու, ո՞ւմ հետ եք մասնակցելու, եթե արտահերթ ընտրություններ լինեն։
- Մեր շարժման սկզբունքն առաջին իսկ օրվանից եղել է, որ հայ ազգի մեջ միասնություն է պետք։ Առանց միասնության ոչ մի բանի չենք կարող հասնել։ Ես կողմ եմ, որ մեկս մյուսին սրտանց կամենանք ու եթե մեկս մյուսի հանդեպ անկեղծ եղանք՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ ժողովրդի մեջ տարբեր խավերից, որ օրը, որ դա մեզ մոտ ստացվեց, բնականաբար բոլորովս միասին դառնալու ենք մի բռունցք։ Իսկ եթե մի տեղ լինում է միասնություն, բնականաբար այդտեղ լինում է հաջողությունների շարան։ Աստծուց զորեղ բան չկա։ Աստված մեզ առաջինը ստեղծել է մարդ։ Որ բոլորս մարդ մնանք անկախ ամեն ինչից, անկախ մեր զբաղեցրած պաշտոններից։ Յուրաքանչյուրս մեր քայլերի մեջ պետք է պատասխանատու լինենք։ Բոլոր ուժերի կողմից էլ գրեթե առաջարկներ եղել են, քանի որ մեր շարժումով համագումար ենք արել, տեղյակ եք, կուսակցությունն ինչ-ինչ պատճառներով չի գրանցվել։ Այդ առաջարկներից ամենագերադասելին մենք՝ «Հայավաք» շարժումով, համարել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալը, դառնալ կուսակցականներ։ Ազգի համար ինչ կկարողանանք մեր քայլերի մեջ անել, կանենք․ մի քար կկարողանանք ավելացնել, թե երկու քար, ինչ կարողանանք։ Մենք տեսել ենք Ծառուկյանի կողմից կոնկրետ քայլեր, որ խոսքը գործ է դարձել, ու ամենակարևոր բանը, որ ցանկացած ոլորտում, որտեղ եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ոլորտը ծաղկել է։ Մեր շարժման պայքարն առաջին իսկ օրվանից արդար է եղել, մեր գործն արդար է եղել։ Չեմ ուզում իմ ասածով վիրավորել մնացած քաղաքական ուժերին, բոլորին հարգում եմ։
- Իշխանությունների դեմ պայքարը, իշխանությունների հեռացումն ի՞նչ միջոցներով եք տեսոնւմ։ Ուժեր կան, որ խնդիր են տեսնում արտահերթ ընտրություններով, ուժեր կան, այդ թվում «Բարգավաճը», նպատակ են դրել ընտրությունների միջոցով հեռացնել։
- Իմ կարծիքն եմ ասում։ Ես չեմ ցանկանա, որ մեր հայ ազգի մեջ թշնամիներ փնտրենք։ Տեղից մենք քիչ ենք մնացել։ Մեր պառակման պատճառով է, որ հասել ենք էս օրին։ 1990-ականների պատերազմում ինչո՞ւ հաջողեցինք, որովհետև միասնություն կար, որովհետև կազմակերպչականը կար, որովհետև այն ամեն ինչը կար, որը հայի ոգուն վայել էր։ Ես ինքս, գիտեք, մասնակցել եմ պատերազմին, ջանք ու եռանդ չեմ խնայել ոչ մի տեղ, ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան իմ սուրբ հայրենիքը պաշտպանելու համար։ Ես և իմ ընկերները, մեր շարժման տղերքը՝ բոլորս միասին։ Բայց արտահերթ ընտրություններով հարցի լուծում լինո՞ւմ է, թե՞ չի լինում, որոշելու է հայ ժողովուրդը։ Դա որոշելու է յուրաքանչյուր քաղաքացի, ով ապրում է Հայաստանի Հանրապետությունում։ Ես կոնկրետ հավատում եմ, որ եկել է ժամանակը, որ ժողովուրդն իր կարծիքը, իր կամքը արտահայտի և իր որոշումը կայացնի։ Պետք է մի բռունցք դառնանք ու դրանից հետո որոշենք՝ ով էր սխալ մեր մեջ, ով էր ճիշտ։
- Մհեր Սեդրակյանը [Օքմինյանը Սեդրակյանի փեսան է] Հանրապետական կուսակցությունից պատգամավոր էր, եղել է Էրեբունու վարչական շրջանի ղեկավարը։ Նա ինչպես է վերաբերվում ձեր որոշմանը, պատրա՞ստ է Ձեզ աջակցել ընտրությունների ժամանակ։
- Ես Մհեր Սեդրակյանին աշխարհի չափ հարգում եմ, հարգելու եմ մինչեւ կյանքի վերջին րոպեն։ Կխնդրեմ անձնական հարցերը քաղաքականի հետ չկապել։
- Անձնականի հարց չէ։ Քանի որ քաղաքական գործիչ է եղել․․․
- Չեմ ցանկանա պատասխանել այդ հարցին։ Չէի ցանկանա դա քաղաքականացնել։ Ավելի պարզ ասեմ։ Մենք շարժումով ենք միացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Ու մեր հետագա անելիքներն արդեն իսկ կուսակցության ներսում կլինեն։
- Իշխանությունները փորձո՞ւմ են քայլեր ձեռնարկել այս ընտրություններին ընդառաջ։ Դուք ինչպե՞ս եք այս ընթացքում գործունեություն ծավալում Էրեբունիում, ընդհանրապես Երևանում։
- Քանի դեռ քարոզարշավը չի սկսվել, ոչ մեկ չի կարող գործունեություն ծավալել։ Կուսակցության գրասենյակներում ինչպես սովորական օրերին, նույն կերպ մենք ինչպես բոլորը։
- Արտաքին հարաբերությունների հարցով ո՞ւմ հետ եք տեսնում հարաբերությունների խորացումը, հարաբերութունների կառուցումը։
- Կոնկրետ ես միշտ կողմ եմ եղել ռուս ազգի հետ մեր բարեկամությանը։ Եվ ԲՀԿ-ին միանալու պատճառներից մեկն էլ հենց դա եղել։ Եթե մենք գերհզոր ազգ լինեինք, որի համար ես ուրախ կլինեի, որ մեր խնդիրները կարողանայինք աշխարհով մեկ լուծեինք․․․ Բայց քանի դեռ այդպես չէ, մենք թշնամիներով շրջապատված ենք ու միակ բարեկամ պետությունը ես Ռուսաստանն եմ համարում։
- Իշխանությունները խոսում են Թուրքիայի հետ սահման բացելու մասին, Մեղրիի միջանցքի մասին։
- Անձամբ իմ կարծիքով՝ քանի դեռ մեր զոհված հայորդիների վրեժը չլուծենք, ես չեմ կարող թուրքին բարեկամ համարել, ինչպես շատերը համարում են։ Թուրքը մեր թշնամին կա, ինձ համար եղել է և մնացել է։ Այդ ամեն ինչը, որ ես պատերազմի դաշտում տեսել եմ, ինչը ես հասկացել եմ, շատ բաներ է փոխել իմ հայացքների մեջ։ Ինչքան զոհված տղա կա, ես բոլորին եղբայր եմ ընդունում, իսկ քանի որ իրենց ընտանիքներին վատություն են արել, մեր հայորդիները, մեր սերունդը չկան, նման ազգին ես չեմ կարող բարեկամ ընդունել։ Սահմանների բացումն ամենավատ որոշումներից մեկը կլինի մեր ազգի համար։ Մեր ազգն այնպիսի վիճակում է, որ մեկի հետ պետք է բարեկամ լինենք․ ավելի լավ չէ՞, որ ռուս ազգի հետ բարեկամ լինենք։ Ռուս ազգի հետ մեր բարեկամությունն ուժեղացնենք, հզորանանք, որպեսզի վաղը մյուս օրն էլ, մի քիչ ժողովրդական ձևով ասեմ, մեր մեծացող սերունդն անվտանգ երկրում ապրի։
Կարծիքներ