Իմամօղլուն ցուցմունք է տալիս, ընդդիմությունը հուժկու հանրահավաքի է պատրաստվում

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այսօր առավոտյան սկսել է ցուցմունք տալ ահաբեկչության գործով հետաքննության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Hürriyet-ը։
Նշվում է, որ Ստամբուլի քաղաքապետը ցուցմունքներ է տալիս ահաբեկչության դեմ պայքարի վարչությանը։
Sözcü թերթը հայտնում է, որ այս հետաքննության շրջանակներում բոլոր ձերբակալվածները միաժամանակ ցուցմունքներ են տալիս։ Ընթացակարգը սկսվել է տեղի ժամանակով 10:00-ին և կտևի մի քանի ժամ:
Միևնույն ժամանակ, Իզմիրում ոստիկանությունը ձերբակալել է 123 մարդու, ովքեր կասկածվում են իրավապահների վրա քարերով, փայտերով և մոլոտովի կոկտեյլներով հարձակվելու մեջ։ Հաղորդվում է, որ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման դեմ չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվածները փակել են ճանապարհները՝ շրջելով աղբի տարաները:
CNN Türk-ի թղթակիցը հայտնել է, որ Արդարադատության պալատի շենքում, որտեղ ցուցմունք տալուց հետո շաբաթ օրը երեկոյան տանելու են քաղաքապետին, բազմաթիվ իրավապահներ են տեղակայվել։ Նրա խոսքով՝ անվտանգության աշխատակիցները օտարերկրացիներին թույլ չեն տալիս մտնել դատարանի շենք։ Դատարանի շենքի տարածքը փակ է. Այնտեղ հավաքներն ու երթերն արգելված են։
Դատավարության շրջանակում, որը նախատեսված է Թուրքիայի ժամանակով 21.00-ին, 30 դատախազներ կլսեն 90 ձերբակալվածների ցուցմունքները:
CNN Türk-ի մեկ այլ թղթակից հայտնել է, որ ինքը գտնվում է Ստամբուլի քաղաքապետարանի շենքի դիմաց, որտեղ նախօրեին հազարավոր մարդիկ բողոքի ցույց էին կազմակերպել։ Հարակից փողոցներն ու պողոտաները արգելափակված են։
Նախօրեին Իմամօղլուն երեք ժամ շարունակ ցուցմունք է տվել քաղաքապետարանում տեղի ունեցած ենթադրյալ կոռուպցիոն գործով և հերքել բոլոր մեղադրանքները, հաղորդում է Sözçü TV-ն։
«Հետաքննությունն ուղղված է զրպարտությանը և հանցագործությունների կատարմանը։ Չկա հետաքննության տրամաբանական, իրավական կամ համոզիչ կողմ», - ասել է Իմամօղլուն: Նշվում է, որ նրա ցուցմունքը զբաղեցրել է 121 էջ։
Ստամբուլի քաղաքապետին և քաղաքապետարանի հարյուրից ավելի աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել բյուջետային միջոցների յուրացման, կաշառակերության, փողերի լվացման, կեղծ մրցույթների անցկացման և ահաբեկչության հոդվածներով։
Զուգահեռաբար, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) նախատեսում է մարտի 22-ի երեկոյան հերթական անգամ բազմահազարանոց հանրահավաք անցկացնել Ստամբուլի քաղաքապետարանի դիմաց։ Նախօրեին այնտեղ հավաքվել էր ավելի քան 200 հազար մարդ։ CHP-ի նախագահ Օզգուր Օզելը հայտարարել է, որ կուսակցության կողմնակիցները պատրաստ են երթով շարժվել ինչպես Արդարադատության պալատ, այնպես էլ՝ կենտրոնական Թաքսիմ հրապարակ՝ ի պաշտպանություն Իմամօղլուի։
Կարծիքներ