Հոխորտալը՝ որպես միակ զենք

Հոխորտալը՝ որպես միակ զենք

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Բրատիսլավայում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանի ԱԳՆ-ի տարածած մամուլի հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, որ կողմերը 3.5 ժամ քննարկել են վստահության միջոցառումներն ու հրադադարի պահպանման անհրաժեշտությունը: Ամեն ինչ ստանդարտի մեջ կլիներ, եթե հանդիպումից անմիջապես առաջ Ադրբեջանը շրջանառության մեջ չդներ մի վերջնագրային փաստաթուղթ, որում սահմանում է արցախյան հակամարտության կարգավորման իր համար ցանկալի քարտեզը եւ հայտարարում, որ, բացի դրանից, այլ հիմք բանակցությունների համար լինել չի կարող:

Ադրբեջանի տարածած հայտարարության մեջ թեեւ բովանդակային նորություն չկա, բայց նման փաստաթուղթ շրջանառության մեջ դնելն ու դրան միջնորդների կողմից արձագանքի բացակայությունը մտահոգվելու տեղիք են տալիս: Նախ, դա տեղի ունեցավ անմիջապես ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցից հետո, որտեղ նա հայտարարում էր, որ ռուսական առաջարկներն Ադրբեջանում ընկալում են գտնում: Նման իրավիճակում բարդ է ենթադրել, որ Ադրբեջանի քայլն անակնկալ էր Մոսկվայի համար, իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա պետք է ականատես լինեինք Ռուսաստանի կոշտ արձագանքին՝ իր միջնորդական իմիջին հարված հասցնելու համար: Նման արձագանք մինչ այժմ չկա: Իսկ դա շատ խոսուն է՝ առավել եւս հաշվի առնելով, որ խոսքը Հայաստանի ռազմավարական գործընկերոջ, դաշնակցի մասին է:

Հերթական անգամ բախվում ենք մի իրավիճակի, երբ գործ ունենք իշխանությունների արտաքին քաղաքականության ձախողման հետ եւ առաջին հերթին՝ մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները ձախողելու։

Մինչ Հայաստանի վարչապետը երեք ժողովուրդների համար կարգավորման ընդունելի լինելու մասին հայտարարություններ է անում եւ խաղաղասիրություն քարոզում, Ադրբեջանն աստիճանաբար կոշտացնում է իր դիրքորոշումը, այն ընկալելի է դարձնում միջնորդների համար ու փորձում բանակցությունների օրակարգ թելադրել: Հասել ենք նրան, որ այսօր միջնորդ երկրի արտգործնախարարը ողջունելի է համարում Ադրբեջանի կողմից արհեստականորեն հորինված կառույցի, այսպես կոչված՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներգրավումը կարգավորման գործընթացի մեջ: Ցանկացած պատասխանատվությունից խուսափելու համար բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների որդեգրած անհասկանալի ու հակասական քաղաքականությունն արդեն իր հետեւանքներն է ունենում՝ ամրացնելով Բաքվի դիրքերը եւ այն ապակառուցողականից վերածելով առավել ընկալելիի: Այսօր Ադրբեջանը փորձում է խաղի կանոններ թելադրել, իսկ մենք «կառուցողականորեն» լռում ենք:

Ուրեմն, ստեղծված իրավիճակում ինչի՞ շուրջ է Հայաստանի ԱԳ նախարարը 3.5 ժամ բանակցել մեզ վերջնագիր ներկայացրած Ադրբեջանի հետ: Եվ ինչո՞ւ է Հայաստանը միայն այդ հանդիպումից հետո հայտնում իր մոտեցումները: Ինչո՞ւ Հայաստանն ու Արցախն անմիջապես չեն հրապարակել իրենց մոտեցումները՝ բանակցությունների մտնելիս առնվազն հավասար պայմաններ ստեղծելու եւ Ադրբեջանի թելադրած խաղի կանոնները զրոյացնելու համար:

Դա պետք է արվեր անմիջապես։ Ավելին՝ Հայաստանի ու Արցախի դիրքորոշումները պետք է զգալիորեն տարբերվեին միմյանցից, այլ ոչ թե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում հայտարարել, 100 տոկոսով նույնական լինեին: Հակառակ դեպքում՝ ո՞րն է Արցախը, որպես բանակցային լիարժեք կողմ, գործընթաց վերադարձնելու իմաստը:
ՀՀ իշխանությունները ոչ միայն համապատասխան հայտարարություն չտարածեցին, այլեւ ԱԺ-ում ուղիղ հարցին վարչապետը խուսափողական, անորոշ պատասխան տվեց՝ ոգեւորվելով նրանով, որ համանախագահները մասամբ հղում են անում իր խոսքերի վրա: Բնականաբար, խոսքն այն անհեթեթ գաղափարն է, թե արցախյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, որը կրկնեց Լավրովը Երեւանում:
Հարց է ծագում՝ նման հայտարարությունից հետո Ադրբեջանը հերթական անգամ հայտարարե՞ց, թե որն է իր համար ընդունելի լուծումը, եւ ո՞րն է Հայաստանի պատասխանը: