Լռեցնել Օլեգ Կուզնեցովին

Լռեցնել Օլեգ Կուզնեցովին

Ռուսաստանյան որոշակի շրջանակներ վարձահրավիրվել են ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի ներդրումը նսեմացնելու՝ Իլհամ Ալիեւի նախաձեռնած քարոզարշավին: Առանձնակի համառություն է դրսեւորում իրեն պատմաբան-քաղաքագետ համարող ոմն Օլեգ Կուզնեցով, որը հերթական զրպարտանքն է հեղինակել հայկական 89-րդ լեռնահրաձգային դիվիզիայի, նրա հրամանատարների եւ մարտիկների հասցեին:

Որ դա կազմակերպված հակահայկական քարոզչություն է, պարզ երեւում է հեղինակի օգտագործած որակումներից: Մեջբերելով ինչ-որ գրություն, որ պահվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության արխիվներում, Ալիեւից վարձահրավիրված ռուս պատմաբանը հայկական դիվիզիայի մարտիկներին անվանում է «վախկոտ» եւ «դավաճան»: Ատելությունից կուրացած պետք է լինել, չտեսնելու համար պատմական ակնհայտ փաստերը. Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում ցուցաբերած բացառիկ խիզախության համար հայկական 89-րդ լեռնահրաձգային դիվիզիայի 9 զինծառայող արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Ահա նրանց անունները՝ Հունան Ավետիսյան, Սուրեն Առաքելյան, Այդին Հարությունյան, Աղվան Բաբայան, Հրանտ Բաբայան, Սեմյոն Բաղդասարյան, Ջհան Կարախանյան, Հարություն Մկրտչյան, Վարդգես Ռուստամյան: Դիվիզիայի եւս 9 զինծառայող պատերազմ ավարտել է որպես Փառքի երեք շքանշանի ասպետ Նրանք նույնպես հայեր են: Համեմատության համար նշենք, որ ադրբեջանական 223-րդ հրաձգային դիվիզիայի զինծառայողներից միայն 4-ն է արժանացել Խորհրդային Միության հերոսի կոչման: Ահա նրանց անունները՝ Վասիլի Կուռլով, Ֆյոդոր Մարտինով, Վլադիմիր Մոտուզ, Միրգայ Ֆահրուդդինով:

Ինչպես տեսնում ենք, նրանցից ոչ մեկն ազգությամբ ադրբեջանցի չէ: Ահա այսպիսի համեմատական պատկեր, որ հարկ է հասցնել ռուսական կողմին եւ պետական մակարդակով Օլեգ Կուզնեցովին եւ նմաններին լռեցնելու, պատասխաանտվության ենթարկելու պահանջ դնել ՌԴ պատկան մարմինների առջեւ: