Նիկոլին կարող ես ասել՝ ու՞մ ես պետք, հայ ժողովրդին իրավունք չունես ասելու․․․

Նիկոլին կարող ես ասել՝ ու՞մ ես պետք, հայ ժողովրդին իրավունք չունես ասելու․․․

2020թ․ օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հիշեցնեմ, թե այդ ժամանակ ինչ լայնամասշտաբ բողոքի ակցիաներ էին  ընթանում, որոնց մասնակիցները պնդում էին, որ 26 տարի երկիրը ղեկավարած Լուկաշենկոյի վարչակազմը կեղծել է ընտրությունների արդյունքները: Սա վկայություն է, որ ընտրությունների կեղծիքը իբր չհանդուրժող Նիկոլ Փաշինյանը ի՜նչ մեծ սիրով է հանդուրժել Լուկաշենկոյի ընտրական կեղծիքը։ Չանդրադառնամ, թե հետագայում ինչ դրվագներով էր Լուկաշենկոն «նախշում» Նիկոլ Փաշինյանին։ Միայն մի դրվագ հիշեցնեմ․ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հունիսի 14-ին, ազգային ժողովում խոսելով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններից, հայտարարել էր՝ Բելառուս երբեք չի այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է։ Լուկաշենկոն, ըստ Փաշինյանի, մասնակցել է 44 օրյա պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, սատարել է Ադրբեջանին, ցանկացել այդ երկրի հաղթանակը։ «Բա դրանց հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չեք խոսում արժանապատվությունից, սկզբունքայնությունից»,-ասել է նա։

Արժանապատվություն, սկզբունքայնություն չունենալու մեջ, քաղաքական ողջ դաշտը, հանրությունն է Փաշինյանին մեղադրում, երբ ալիևյան նվաստացումներին՝ անձնական և պետական մակարդակով,  չի արձագանքում։ Բայց չգիտես ինչու, Բելառուսի նախագահի մոտ արժանապատվությունից, սկզբունքայնությունից է խոսում։ Ինչևէ անցնենք առաջ։ Լուկաշենկոյին  թվում է, թե Նիկոլ Փաշինյւանը հայ ժողովուրդն է։ Նիկոլին թողել, հիմա էլ անցել է հայերին․
«Հայերը մեզնից բացի ո՞ւմ են պետք. ոչ ոքի պետք չեն։

Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնն այնտեղ չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»,- ասել է Լուկաշենկոն «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում։

Ցանկացած արժանապատվություն ունեցող հայ Լուկաշենկոյին կասի՝ դու  Նիկոլին կարող ես ասել՝ ու՞մ ես պետք, հայ ժողովրդին իրավունք չունես ասելու․․․ Ինչպես և Նիկոլ Փաշինյանը կարող է քեզ ասել՝ դու ու՞մ ես պետք, ոչ ոքի պետք չես։  Բայց նա իրավունք չունի նույն բանն ասել բելառուս ժողովրդին։