ՊԵԿ նախագահը՝ արտագնա աշխատանքի մեկնողների մասին

ՊԵԿ նախագահը՝ արտագնա աշխատանքի մեկնողների մասին

Գրել էինք, որ Մարտունի- Գավառ ճանապարհը փակ է: Բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ ՊԵԿ նոր օրենսդրական փոփոխությունների, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտահարկ ՀՀ-ին:

Այդ որոշումն ընդունվել է 2018 թվականից առաջ, որովհետեւ հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդպիսի կանոն, որ ռեզիդենտը վճարում է թե Հայաստանում, թե արտասահմանում առաջացող հարկերը։ Մենք ՊԵԿ կայքում հայտարարությունը դրել ենք, ՊԵԿ-ը պարտավորություն է կրում իրականացնել հարկային վարչարարություն։ Երբ մենք ԱՊՀ շրջանակներում 2020 թվականին միանում ենք պայմանագրի, եւ անցած տարվա ընթացքում մեզ էլեկտրոնային եղանակով գալիս են մեր քաղաքացիների կողմից ստացված եկամուտները, մեզ որեւէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ընթացող ակցիայի վերաբերյալ դիտարկումներին:

«Բայց քանի որ արդարացիության տեսանկյունից հարց է բարձրացվել, ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների մասով եւ որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ, որը ենթադրում է Հարկային օրենսգրքի փոփոխություն։ Եվ այդ մասով մենք արդեն ֆինանսների նախարարության հետ սկսել ենք որոշակի կոմունիկացիա եւ աշխատում ենք։ Հետեւաբար, անհանգստանալու, հարցը չափազանցնելու, նաեւ ինչ-որ քաղաքական ուժերի կողմից որոշակի շեշտադրումներ տալու եւ մարդկանց լրացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա։ Մենք կքննարկենք, արդյունքների մասին կտեղեկացնենք։ Հանգիստ կքննարկենք, կնայենք հարցի ծավալը։ Մի բան կարող եմ վստահեցնել, որ ֆիսկալ առումով մեզ համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում։ Այսինքն՝ այնպիսի գումարների մասին խոսք չի գնում, որից պետությունը հսկայական եկամուտներ է կուտակելու։ Իհարկե, հարկման մշակույթի հարցը կա, բայց քանի որ նոր է այս հարցը, նոր ենք ստացել տեղեկությունը, նոր երևույթի մասին է խոսքը, մեզ ազդակ է եկել, որ Հարկային օրենսգրքի որոշ կարգավորումներ միգուցե վերանայման կարիք ունեն»,- ասաց նա: