Մենք ինքներս ենք մեր միակ եւ անշահախնդիր բարեկամը

Մենք ինքներս ենք մեր միակ եւ անշահախնդիր բարեկամը

Հետհեղափոխական ժամանակահատվածում Հայաստանի պետական կառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ուղղակի «սիրահարված» էին (եթե հիշում եք՝ ժամանակին նման բառ էր ներմուծվել մեր բառաֆոնդ, թեեւ՝ այլ համատեքստում) ուկրաինական իրողություններին եւ անընդհատ այցելություններ էին կատարում Կիեւի ուղղությամբ: Կոռուպցիայի դեմ պայքար, դատավորների վեթինգ եւ ժողովրդի վստահությանն արժանանալուն կոչված այլ մեթոդներ եւ գործիքակազմ էին կրկնօրինակվում նրանց փորձառությունից: Սակայն սկզբում կորոնավիրուսի համավարակը, իսկ այնուհետեւ Արցախի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը դադարեցրին այդ ուղեւորությունները: Ենթադրում եմ, որ պատերազմի հաղթական ավարտից հետո դրանք կվերսկսվեն նոր թափով եւ նոր ոգեւորությամբ, քանի որ վերջիններիս համար Ուկրաինան կմնա որպես, այսպես կոչված, լավ կառավարման փորձադաշտ: Եվ չեմ կարող ասել, թե կխոչընդոտի դրանց, ասենք, ուկրաինական-ադրբեջանական կամ ուկրաինական-թուրքական ռազմական համագործակցությունը, որը նպաստում է, որ մեր համերկրացիները՝ մեր զավակներն ու եղբայրները, մահանան ճակատային գծում կամ խաղաղ բնակավայրերում:

Բայց իմ անձնական եւ սուբյեկտիվ կարծիքով (հատուկ շեշտեցի, թեեւ որեւէ անձի կարծիքը միշտ էլ անձնական է եւ սուբյեկտիվ), այդ ամենը պետք է դադարեցվի, եւ այն, ինչ արվում էր մեր երկրի ներքաղաքական կյանքում, պետք է գցվի արխիվ (մեղմ ասած): Պատերազմից հետո Հայաստանում պետք է իրոք Նոր Հայաստանի սկիզբը դրվի, եւ այն չպետք է նման լինի այն «նորին», որը գովազդվում էր վերջին երկու եւ կես տարում: Այդ իսկական նորը պետք է հիմնված լինի ողջ հասարակության ուժերի համախմբման հիման վրա բազմաթիվ մարտահրավերների լուծմանը, որ ներկայացրեց մեզ այս ծանր պատերազմը: Այդ իսկական նորում տեղ պիտի չունենան բաժանումները նախկինի եւ ներկայի, հեղափոխականի եւ հակահեղափոխականի եւ այլն, եւ այլն: Այդ իսկական նորում չպետք է տեղ գտնեն այն բոլոր բացասական դրսեւորումները, որ տեղ էին գտել վերջին 30 տարում, եւ որոնք ուղղակի ծաղկեցին վերջին երկու եւ կես տարում: Տեղ պիտի չունենան, որովհետեւ կյանքն ապացուցեց, որ դրանք մեզ չեն տանում դեպի պետության զարգացում եւ հզորացում, քաղաքացիների բարեկեցության բարձրացում եւ համերկրացու նկատմամբ հանդուրժողականության ամրապնդում: 

Պատերազմը ցույց տվեց, որ մեր միակ եւ անշահախնդիր բարեկամը… մենք ինքներս ենք ու մենք պետք է հենց մեզ վրա դնենք մեր հույսերը եւ մեր ձեռքբերումներն իրականացնենք հենց մեր ուժերով: Պատերազմը ցույց տվեց, որ մենք պետք է արժանի լինենք այն զինվորներին կամ սպաներին, որ չեն խնայում իրենց կյանքը հանուն մեր Հայրենիքի: Մենք հաղթելու ենք մեզ պարտադրված այս պատերազմում, քանի որ չհաղթել չենք կարող, չհաղթելը մեր կործանման սկիզբը կլինի, իսկ մենք չենք ցանկանում կործանվել, մենք շարունակելու ենք հազարամյակներ տեւող մեր գոյությունը եւ դեռեւս մեր «մեծ խոսքը պետք է ասենք աշխարհին»:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ