Ուզում ենք տալ այլընտրանք, որ ժողովուրդն արդարանալու հնարավորություն չունենա․ Ս․ Գիմիշյան

Ուզում ենք տալ այլընտրանք, որ ժողովուրդն արդարանալու հնարավորություն չունենա․ Ս․ Գիմիշյան

Սոս Գիմիշյանի գլխավորած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը շարունակում է Հայք (Հայկազուններ), Նժդեհյան ցեղակրոն կուսակցությունների հետ համագործակցությունը։ Այս կուսակցությունները մաս են կազմում նաև «Համահայկական Ազգային Համաձայնության» շարժման, որի նպատակը «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իր անօտարելի իրավունքների պահանջատերը դարձնելով և տնտեսաքաղաքական համակարգային փոփոխություններ կատարելով՝ ՀՀ-ն ազգային պետություն դարձնելն է»։

Ներքաղաքական գործընթացների շուրջ «Հրապարակը» զրուցել է Գիմիշյանի հետ։

- Պարո՛ն Գիմիշյան, Ձեր համագործակցության շրջանակն ընդլայնե՞լ եք։ Նախկինում երկու կուսակցության հետ էիք համագործակցում։

- Երեք կուսակցությունով համագործակցում էինք, նույնը շարունակում ենք։ Պատրաստվում ենք ընտրությունների։ Քաղաքական կառույցները՝ ոչ, բայց հասարակական կազմակերպությունները 15-ից ավելի են արդեն։ Նոր մտավորականներ կան, գիտնականների խումբ կա։

- Անուններ կնշե՞ք գործիչներից։

- Կարող եմ։ Եթե Դուք «Համահայկական Ազգային Համաձայնության» կայքը  մտնեք, այնտեղ բոլորի նկարներն անուններով կան։

- Շարժման ներքո՞ եք հանդես գալու որպես դաշինք։

- Դեռ չենք որոշել՝ դաշինքո՞վ ենք գնալու, թե՞ կոնկրետ Նժդեհյան ցեղակրոն կուսակցության անունով։ Ուզում ենք ընդգծվել որպես ազգային-հայրենասիրական ուժերի միավորում։ Այս պահին գործում ենք «Համահայկական Ազգային Համաձայնություն» միավորման շրջանակներում։ 

- Իսկ որտե՞ղ ունեք գրասենյակներ, արդեն բացո՞ւմ եք այլ գրասենյակներ։

- Դեռ մեկ գրասենյակ է բացված Երևանի կենտրոնում: Բավականին մեծ գրասենյակ է։ Մի գրասենյակն էլ դարձրել ենք ինտերնետային հեռուսաստեսություն, տեխնիկայով հագեցրել ենք և պարբերաբար մեր տարբեր անդամների խոսքը հեռարձակում ենք։ Բոլոր խոշոր քաղաքներում անպայման լինելու է գրասենյակ, միանշանակ։ Տեսնենք։ Նախ թող վճիռը լինի, որ ընտրություն է լինելու։ Որովհետև դեռ չի բացառվում, որ ինչ-ինչ պատճառով տեղի չունենան։ Մեծ հավանականությամբ կլինի, այդպես ենք վերաբերվում։

- Նաև մայիսի 7-ին նոր կազմակերպության համաժողով է լինելու, որ նախաձեռնել էր Արկադի Տեր-Թադևոսյանը մահվանից առաջ։ Կարծես թե, գործուն մասնակցություն են ունենալու քաղաքական զարգացումներում։ Նախաձեռնությունը կոչվում է «Քաղաքացիական Խորհուրդ»։ Ինչ-որ շփումներ ունե՞ք։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ էի խոսել, ասել էր, որ ծրագրեր են մշակում ոլորտի մասնագետներով։ Եվ մայիսի 7-ին նախատեսված համաժողովում մանրամասն կանդրադառնան մշակած ծրագրերին։ 

- Այդ նախաձեռնության մասին առաջին անգամ եմ լսում։ Մենք Թաթուլ Մանասերյանի հետ համագործակցում ենք, կոնկրետ իր հետ։ Բայց այդ գործընթացին ծանոթ չեմ։

- Նախընտրական մթնոլորտն ինչպե՞ս եք գնահատում։ Հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ նորմալ ընտրություններ են կարող անցկացվել։

- Հայաստանում նորմալ ընտրությունները եզակի երևույթ են։ Չեմ կարող ասել։ Մտավախություններ ունեմ, որ նորմալ չեն լինի։

- Իսկ բախումների, ընտրակեղծարարությունների վտանգ տեսնո՞ւմ եք։

- Դրա համար էլ կասկածում եմ, որ նորմալ ընտրություններ լինեն։ Աստված չանի, բախումներ լինեն։ Ընդհանրապես հիմա ընտրություններ անցկացնելը պրոբլեմների առջև է կանգնեցնում երկիրը, կարծում եմ՝ սխալ է։ Բայց դե, եթե որոշվի, որ ընտրություններ լինելու են, ինչ-որ ձևով կմասնակցենք։ Որովհետև կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ այսօրվա վտանգների առջև կանգնած լինելու դեպքում, ինչ կարող է, պետք է անի։ Դա վերաբերում է ամբողջ ժողովրդին և առավելևս քաղաքական ուժերին։ Բոլորը պետք է լծվեն այդ գործին, ինչ-որ բան անեն, որովհետև երկիրը վտանգված է, ժողովուրդը վտանգված է։ Չի կարելի այսօր կողքի քաշվել, անտարբեր լինել․ հանցավոր կլինի այդ մոտեցումը։ Քանի որ հիմա խոսքը հիմնականում գնում է նախկին և ներկա իշխանությունների մասին, մեր հիմնական նպատակն է տալ ժողովրդին այլընտրանք։ Եթե մեզ դա հաջողվի, մենք կհամարենք մեր խնդիրը լուծված, որ ժողովուրդը տեսնի՝ կա այլընտրանք։ Մյուսն ինքն է որոշում։ Ինչպես կցանկանա, թող այդպես էլ որոշի։ Բայց պետք է հասկանա, որ իր վճռից է կախված։ Ժողովուրդն է այս երկրի տերը, և իր վճռից ամեն ինչ կախված է։ Եվ հետևանքները կլինեն այդ վճռից ելնելով։ Ոչ մեկին էլ չեն կարողանա մեղադրել։ Հիմա բնակչության մի մասն ասում է․ «Ո՛չ նախկինն է մի բան, ո՛չ էլ՝ ներկան։ Չենք գնալու ընտրության կամ չգիտեմ՝ ինչ ենք անելու»։ Մենք ուզում ենք տալ այլընտրանք, որ ժողովուրդ իրեն արդարացնելու իրավունքից զրկվի, արդարանալու հնարավորություն չունենա։ Կա այլընտրանք, չե՞ք հավանում այընտրանքին, քվեարկեք գործողին կամ նախկինին։ Պետք է հնարավոր քաղաքական ամբողջ սպեկտրը ներկայացված լինի, որ բոլորի ճաշակը բավարարի, յուրաքանչյուրը գնա, վճիռ կայացնի ընտրատարածքում։ Սա ամենակարևոր բանն է։ Որովհետև եթե լիներ 10 տարի առաջ, կարող էինք ինչ-որ տեղ անտարբեր լինել, չհավատալ, հիասթափված լինել։ Այսօր վտանգներն ահռելի չափերի են հասել, երկիր ենք կարող կորցնել և պետականություն։ Ոչ ոք իրավունք չունի ձեռքերը ծալած նստել։