ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը Հարավային Կովկասի գործերին ոչ մի լավ բանի չի հանգեցնի. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությանը և միշտ պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել կարգավորման բոլոր ուղիներով։ Սակայն ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը տարածաշրջանի գործերին ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք պատրաստ ենք աջակցել հավասարակշռված խաղաղության պայմանագրի մշակմանը, տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանը, սահմանագծմանը և սահմանազատմանը, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացմանը՝ կայուն խաղաղության և բարեկեցության հասնելու նպատակով», - ասել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Բաքվի և Երևանի հաշտեցման և կայուն, ամուր, խաղաղության իրական ճանապարհային քարտեզն արտացոլված է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարությունների համալիրում: Անդրադառնալով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակին` Զախարովան այն անվանել է Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության կառուցման հեռանկարային մեխանիզմ: Նա նշել է, որ ձևաչափը որևէ կապ չունի Արևմուտքի հետ, որն ունի իր խնդիրները, նպատակները: Իսկ ինչ վերաբերում է Հարավային Կովկասի գծով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանը` Զախարովան նշել է, որ այն դեռևս դժվար է կանխատեսել:
Հիշեցնենք` «3+3» հարթակն ընդգրկում է Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը: «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից։ Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։ «3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվեց Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չմասնակցեց քննարկումներին։
Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։
Կարծիքներ