Մոլորություն է պնդումը, թե Փաշինյանը վերադարձնում է հիմնադրամի 52 միլիարդը

Մոլորություն է պնդումը, թե Փաշինյանը վերադարձնում է հիմնադրամի 52 միլիարդը

Մարտի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, եւ որոշվեց Արցախում իրականացնել 110 միլիարդ դրամի բնակարանաշինության եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագրեր. 58 միլիարդը կտա «Հայաստան» համահայկական հիմնադրամը, 52 միլիարդը՝ Հայաստանի պետական բյուջեից: Այս որոշումից ժամեր անց սկսվեցին մեկնաբանությունները, թե Հայաստանի պետական բյուջեից 52 միլիարդ է տրվելու, քանի որ 44-օրյա պատերազմի օրերին հենց այդքան՝ 52 միլիարդ դրամ էր հիմնադրամից փոխանցվել պետբյուջե: Այս փոխանցումը մեծ աղմուկ հանեց, ու հիմա տարածվում է կարծիք, թե «Նիկոլը վերադարձնում է 52 միլիարդը»: Սա մոլորություն է: Նիկոլ Փաշինյանը չի վերադարձում 52 միլիարդը, փորձում է քողարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամից տարած 52 միլիարդի հետքերը:

Երբ հիմնադրամից 52 միլիարդ պետբյուջե փոխանցելու որոշումը շատերին էր հայտնի, ու շատերը՝ լրագրողներ, պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, ուզում էին իմանալ, թե բա ինչո՞ւ՝ հիմնադրամից ասացին. «Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն՝ «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում հանգանակված միջոցներից 52,703 միլիարդ դրամ է փոխանցվել առանձնացված գանձապետական հաշվեհամարին: Նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել կառավարությանը 2020 թվականի պետբյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցներն ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը»: 

Սա կրկնվեց մի քանի անգամ, տարբեր ձեւակերպումներով: Հետո պարզվեց, որ 52 միլիարդը փոխանցվել է 9 կտորով (որոշումներով), ու հիմա այդ 9 որոշումից 7-ը չկա, կորցրել են, կորել են, ջնջել են: Չասվեց, թե կորած որոշումներով որքան գումար էր փոխանցվել, մանրամասն հաշվետվություն չներկայացվեց, մեծ գումարների վերաբերյալ կարեւոր որոշումները կորցնելու կամ դիտավորությամբ ոչնչացնելու համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց:

Ուրեմն էլ ի՞նչ վերադարձի մասին է խոսքը: Նիկոլ Փաշինյանը հիմնադրամից 52 միլիարդ է հանել, չգիտեմ ինչ է արել ու հիմա Հայաստանի պետբյուջեից 52 միլիարդ է տալիս հիմնադրամին: Սա նույն 52 միլիարդը չէ: Զուտ թվաբանության հարթությունում ամեն ինչ նորմալ է. հանած 52, գումարած 52, բան չի փոխվի: Բայց բարոյական, իրավական, պետական կառավարման, հայրենիք-սփյուռք կապերի հարթություններում ոչ մի նորմալ բան չկա: Հիմնադրամից տարած 52 միլիարդը համայն հայության կուտակածն էր, պետբյուջեի 52 միլիարդը Հայաստանի քաղաքացիների կուտակածն է: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն իրենով է արել համայն հայության կուտակածը, իսկ Հայաստանի քաղաքացիների կուտակածը տալիս է Արցախին: Սա գումարների վերադարձ չէ: Սա ուրիշի հարսով փեսային լավություն անել է:

Արեգ Մարգարյան