Գտեք՝ ով հող ա զավթել, նրանից էլ հետ վերցրեք․ Կովալենկո Շահգալդյան

Գտեք՝ ով հող ա զավթել, նրանից էլ հետ վերցրեք․ Կովալենկո Շահգալդյան

Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ մի շարք նախկին պաշտոնյաներ, նրանց մերձավորները կեղծ փաստաթղթերով հողամասեր են ձեռք են բերել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից ստեղծված աճուրդային հանձնաժողովի անդամներ Լևոն Պետրոսյանը, Մանվել Պետրոսյանը, Ռուդիկ Հովսեփյանը, Արմինե Վերդյանն ու Մյասնիկ Կոստանյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ:

Նշված պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում ապօրինի օտարվել են 106 հա հողատարածքներ, ինչն էլ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ:

Փորձեցինք կապ հաստատել Կ․Շահգալդյանի հետ, սակայն նա նշեց, որ այժմ Հայաստանում չի գտնվում եւ տեղյակ չէ` ինչի մասին է խոսքը։ Երբ ներկայացրինք ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունը, նշեց․ «Դա իրականությանը չի համապատասխանում, ես հող չեմ զավթել, գտեք՝ ով հող ա զավթել, նրանից էլ հետ վերցրեք։ Կապ չունեմ ես դրա հետ, դա 100 տոկոսով»։

Նշենք, որ նկարագրված դեպքերով անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, ինչի կապակցությամբ հակաօրինական արարք կատարած վերոհիշյալ անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ուստի քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Որոշման օրինակներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` պետական շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Ծաղկաձոր համայնքին և Կոտայքի մարզպետարանին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար: