Ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները

Ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները

Ընդհանուր առմամբ, ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները: 2018-ից սկսած բանակցությունների ընդհատումը հանգեցրեց 2020-ի պատերազմին: Այդ առումով շփումները կարևոր են։ Բայց նրանց հայտարարություններից տեսանք, որ պայմանավորվել են հերթապահ արարողակարգային խոսքերով արտահայտվել, շարունակել բանակցությունները։ Պարզ չեն, թե որոնք են այն սկզբունքները և հարցերի հերթականությունը: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ իրենք միջնորդի կարիք չունեն: Սա պայմանավորված է նրանով, որ փորձում են ճնշում գործադրել միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա։ Մյուս կողմից, նրանք բավականին խելամտորեն օգտագործում են և արևմտյան, և հետխորհրդային հարթակները՝ իրենց շահերը առաջ տանելու համար: Մեր շահերից ելնելով՝ արևմտյան հարթակում ունենք բարեկամական երկրներ, բայց որևէ երկիր տեղում աջակցելու հնարավորություններ չունի, բացի հատվածական դիտորդական առաքելությունից: Իրականում այս բանակցություններից գլոբալ արդյունք ակնկալելը հուսադրող չէ»,- ասել է նա: