ՀՀ-ն Ադրբեջանից խաղաղության պայմանագրի հերթական առաջարկներն է ստացել․ Միրզոյան

ՀՀ-ն Ադրբեջանից խաղաղության պայմանագրի հերթական առաջարկներն է ստացել․ Միրզոյան

Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել վերջերս: Այս մասին Բեռլինում իր գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Երևանը դիտարկում է դրանք և շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա»,- Միրզոյանի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

«Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը։ Բայց, չնայած դրան, մենք մեր առաջարկները ներկայացրել ենք ադրբեջանական կողմին, և մի քանի օր առաջ Բաքվից ստացել ենք պատասխան և նոր առաջարկներ խաղաղության պայմանագրի վերաբերյալ»,- ասել է Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ բանակցային գործընթացը կանգ չի առել, այն շարունակվում է, թեև ոչ այնքան սահուն։ Այս բանակցություններին, ըստ Միրզոյանի, խանգարում է նաև Բաքվում հայատյացության մթնոլորտը։

Բացի այդ, կարգավորմանը խոչընդոտում են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, այդ տարածքների օկուպացումը, ինչպես նաև հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։

Նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը վճռական է խաղաղության օրակարգն առաջ մղելու հարցում։ Դա կկրկնապատկի ջանքերը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ամրապնդման համար։