Ինձ համար Հենրիկ Էդոյանը հարյուր անգամ ավելի հզոր ու մեծ ընդգրկումների բանաստեղծ է, քան ցօրս ուսուցանված Վահագն Դավթյանը կամ Հրաչյա Հովհաննիսյանը

Ինձ համար Հենրիկ Էդոյանը հարյուր անգամ ավելի հզոր ու մեծ ընդգրկումների բանաստեղծ է, քան ցօրս ուսուցանված Վահագն Դավթյանը կամ Հրաչյա Հովհաննիսյանը

Հարցազրույց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ
 
- Պարոն Մովսես, հանրակրթական չափորոշիչների, առարկայական ծրագրերի եւ մասնավորապես գրականության հայեցակարգը վերջին օրերին թեժ քննարկումների տեղիք տվեց։ Ինչո՞վ եք բացատրում այս օրերի աղմուկը։

- Երկու բանով, առաջին՝ քաղաքական շահարկումներով․ այս իշխանությունը, որը ժողովրդի ընտրած իշխանությունն է, լուսանցք ու պատմության աղբաման է ուղարկել մի իշխանության, որը նաեւ մեր ժողովրդի մշակույթն ու պատմությունն է ապականել․ ուսումնական հաստատություններում եւ դպրոցներում պատվանդան է բարձրացրել, այսպես կոչված, պատմաբանների, որոնք նրա դենշչիկներն են եղել, մանավանդ վերջին տասնամյակների պատմությունը գրել են նրանց պատվերով, արվեստն ու մշակույթը պրոպագանդել են նրանց ճաշակով ու  հարմարավետության պահանջներով․ նրանք նոր իրողություններում հայտնված մեր պետության եւ ժողովրդի պատմական եւ գեղագիտական ընկալումների բարենորոգչության հարցում ոչ միայն մատը մատին չեն խփել, այլեւ ավելի են խորացրել անդունդը․ կուլտիվացրել են այն, ինչը դիմում է գիտակցության ցածր եւ ամբոխական մակարդակներին, որպեսզի ամբոխային մշակույթով ամբոխ սարքեն, գրավեն եւ իրենց հսկողության տակ պահեն։ Դրանք վաստակավոր են հռչակել զանազան արմենչիկների, հեռուստատեսության էկրան են հանել ամեն կարգի շպրոտների, դպրոցներ են անվանակոչել ինչ-որ գրչակ լեւոնմիրիջանյանների անուններով։ Դպրոցներում ու բուհերում մեր գրականությունը դասավանդվել է իբրեւ պրիմիտիվ չուկչիական գրականություն։ Բանասիրական ֆակուլտետները մեթոդների, ծրագրերի ու գործառույթի իսպառ բացակայությամբ եւ միայն վարձավճարի կարեւորությամբ սպանել են բանասիրությունը,- մե՞ծ քաջություն է պետք խոստովանելու համար, որ Հայաստանի նորանկախ հանրապետությունում բանասիրական եւ հումանիտար կրթություն պարզապես գոյություն չունի։ Եվ մե՞ծ քաջություն է պետք խոստովանելու համար, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում գրականությունը, առաջին հերթին՝ հենց հայ, սպանել են այն մեթոդներն ու մոտեցումները, որոնցով գրականության հանդեպ ոչ թե սեր, այլ զզվանք է սերմանվում, որովհետեւ, պարզվում է, գրականությունը ոչ թե գեղեցիկի արվեստ է, այլ՝ գաղափարախոսություն։ Բանասիրական ֆակուլտետի ուսանողը ոչ մի գաղափար չունի, թե ինչ բան է հայ գրականության ոճը, կազմաբանությունը, ձեւաբանությունը, միջավայրը, որոնք են նրա փուլերը, ինչ բան է նրա առոգանությունն ու տաղաչափութունը, ինչն է այնտեղ գեղագիտությունը, ինչ է նրա գործառույթը, այն ինչ գոյաբանական եւ կենսական միջավայր է, ինչ առասպելական եւ իրական մակաբերություններ ունի եւ այլն։ Փոխարենը՝ ով հայրենիքի մասին թուրքական արուզի հանգուվանկով «մտնողական» բանաստեղծություններ է գրել, դրան ասել են հայրենասեր, ով դրա փոխարեն փորձել է գտնել ու վերագտնել Հայոցի ու Հայկականի բուն ոգին, նրան ասել են ոչ հայրենասեր։ Նարեկացու «Տաղ հարության» բանաստեղծության մասին սովորեցրել են, որ այդտեղ հայոց Տիեզերական վարդապետը երգել է աշխարհիկ կնոջը՝ հավանաբար նկատի ունենալով վերջինիս կրծքերն ու բդերը։ «Մատյանի» մասին սովորեցրել են, որ այդտեղ քրիստոնեության մեծ ճգնավորն ու սուրբը պայքարել է Աստծու դեմ, նրան իրենց սիրած գողական իշխանավորների նման կանչել է մի «յանի վրա» եւ հաշիվ մաքրել։ Հովհ․ Շիրազի՝ մեր մայրերի բռնաբարության եւ մեր մանուկների մորթի տեսարանները համարել են պոեզիայի աստվածային հրաշք, իսկ պոեզիայի հետ անգամ հեռավոր կապ չունեցող գրական այնպիսի մի բացարձակ ոչնչության, ինչպիսին, ասենք, Սիլվա Կապուտիկյանն է, հայտարարել են ամենայն հայոց բանաստեղծուհի։ Անգամ շատ գեղեցիկ բանաստեղծությունների հեղինակ Պարույր Սեւակին ու Համո Սահյանին են նրանք փչացրել, որովհետեւ սրանց էլ դասավանդել են ոչ թե իրենց ճաշակին անհաս նրանց գեղեցիկ բանաստեղծություններով ու տողերով («Ես իմ մթին, մթին կարոտն այնպես գիտեմ, ինչպես կույրը գիտի գավազանը իր հին»), այլ իրենց մակարդակին համապատասխան նրանց անհաջող գործերով (քանզի ամեն բանաստեղծ էլ անհաջող բաներ գրում է)։ Չշարունակեմ․․․ Հիմա պատկերացնո՞ւմ եք այս ամենի ջատագովների վիճակը, որոնց ինչ-որ մարդիկ եկել ու ասում են՝ այլեւս այդպես չի կարելի, իջեք ձեր պատվանդաններից։ Որ գրականությունն առաջին հերթին ոչ թե գաղափարախոսություն է, այլ՝ գեղագիտություն, ճաշակ, արդիականություն․․․ Այնպես որ, սա ենթատեքստում ուրիշ՝ մի կողմով՝ քաղաքական, մյուս կողմով՝ խիստ անձնական  կռիվ է․․․ Մի խավ զգացել է, որ ինքը չքվում է, ինչպես «Մակբեթի» վհուկները լուսաբացին։ Այս աղմուկը, ընդհակառակը, մեր գրականության դեմքը որոնելու աղմուկ է, աշակերտին եւ բանասիրական ֆակուլտետի ուսանողին վերջապես գրականության եւ իր ժամանակի ու նրա խնդիրների եւ մտածողության հետ կապելու կռիվ։         

- Գրականագետներից շատերն ահազանգեցին, որ պետությունը, ռետինն առած՝ ուզում է ջնջել մեր հիշողությունը, հայկականության ամեն մի դրսեւորում, հատկապես որ «Գրականություն» առարկայի անվանման մեջ բացակայում է «հայ» բառը։ Թե՛ առարկայի անվանման, թե՛ ներկայացված ծրագրի մեջ հայի ինքնությանը սպառնացող վտանգներ տեսնո՞ւմ եք։ 

- Մի՞թե բանը «հայ» բառն է, եւ այդ բառն ավելացնելը մեզ կփրկի վերեւոմ ասածս աղետից։ Մի՞թե կարծում եք, թե «հայ» բառը մեզ պետք է մղի ոչ թե ազատության ու զարգացածության, այլ՝ կռապաշտության։ Մի՞թե կարծում եք, թե «հայ» բառը նրա համար է, որ հայ ժողովրդի վրա զորք ու տանկ հանած եւ նրան «ղազացնել» փորձած Բաթու խանը նրանով ծպտվի եւ այսօր էլ հայտարարի, թե «Նռանք ուզում են մեզ զռկել մեռ ինքնագիտակցությունից»,- նրանոց ծպտվի, ինչպես սատանան է ծպտվում Աստվածաշնչով։ Եվ մի՞թե դուք չեք կարծում, որ այդ բառով պարզապես ուզում են կոծկած լինել այն տգիտությունն ու ստախոսությունը, որը քարոզվում է հատկապես բուհերում՝ արգելելով այդ բառի կնիքով խորամանկորեն կնքված որեւէ հայ բանաստեղծի մասին ասելու, որ նա շատ թույլ ու անարժեք բանաստեղծ է, եւ նրանով չի կարելի փչացնել ուսանողի կամ աշակերտի ճաշակը։  

- Շատերի կարծիքով, եթե չլիներ հանրության ճնշումը, նախարարությունը նախագծում չէր ներառի Խորենացուն, Նարեկացուն կամ Սայաթ-Նովային։ Համաձա՞յն եք այս տեսակետի հետ։

- Նախ ասեմ, որ դժվար թե Հայաստանում գտնվի մեկը, որը ձեռք բարձրացրած լինի Ձեր նշածների վրա։ Երկրորդ՝ նախեւառաջ պետք է գտնել նշածդ հեղինակներին դպրոցական ծրագրերով ուսուցանելու արդյունավետ մեթոդը․ այն չի գտնված, եւ պատմական, կրոնական ու լեզվական տեսակետից այդ բարդ հեղինակները, որոնք բարդ են անգամ ուսուցիչների ու դասախոսների համար, պետք է գտնեն մատուցման իրենց եղանակները։ Այնպես, ինչպես նրանց այսօր անցնում են դպրոցներում, այլեւս չի կարելի։ 

- Քննադատությունների թիրախում հայտնվեցին նաեւ ժամանակակից գրողները, ո՞րն էր նման արձագանքի պատճառը։

- Ժամանակակից գրականությունը գործընթաց է, որը ենթադրում է ոճերի ու սկզբունքների նաեւ շարունակական փոփոխություն։ Այնտեղ առկա է փորձարարությունը, որը ժամանակը ցույց կտա՝ հաստատվե՞լ է, թե՞ մերժվել։ Պետք չէ դպրոց մտցնել մի բան, ինչից հեղինակն ինքը վաղը կարող է հրաժարվել։ Ես կարծում եմ, որ այստեղ, նաեւ խմբակային ու սերնդային շահերից ելնելով, պետք է շատ զուսպ լինել եւ ոչ թե հիմա էլ ամեն ինչ «ղռռալով» լցնել դպրոցական ծրագիր։ Ես կառաջարկեի ստեղծել մի 100-150 բանաստեղծություն պարունակող անթոլոգիա-քրեստոմատիա, որը բարձր դասարանների աշակերտներին կծանոթացներ մեր պոեզիայի ընթացիկ վիճակներին, եւ ուսուցիչներին ու աշակերտներին հնարավորություն տալ, որ նրանք իրենք ընտրեն իրենց հավանածը։ Այն ամեն տարի կարող է եւ փոփոխվել, մինչեւ որ գործընթացն ինքը կպարզի, թե այդտեղ ինչ ուսուցանելի բան կա։ Ես՝ ինքս, կասեմ հետեւյալը․ ինձ համար Հենրիկ Էդոյանը հարյուր անգամ ավելի հզոր ու մեծ ընդգրկումների բանաստեղծ է, քան ցօրս ուուցանված Վահագն Դավթյանը կամ Հրաչյա Հովհաննիսյանը (ես անգամ ներողություն եմ խնդրում իմ ընկերոջից՝ իր անունը սրանց կողքը դնելու համար․ ինչպես տեսնում եք՝ ստիպված եմ), ինձ համար մատը հայկականության կազմաբանության վրա դրած վաղամեռիկ Աշոտ Ավդալյանը հարյուր անգամ ավելի մեծ բանաստեղծ է, քան դրանք բոլորը միասին վերցրած, ինձ համար Հրաչյա Սարուխանը, Հրաչյա Բեյլերյանը կամ Հրաչյա Թամրազյանը շատ ավելի խոշոր երեւույթ են, քան Գեւորգ Էմինը կամ Մարո Մարգարյանը, ինձ համար Հովհ․ Գրիգորյանն անհամեմատ խոշոր բանաստեղծ է, քան սրանք․․․ Ինձ համար, անկախ նրանց գեղագիտության հանդեպ իմ վերաբերմունքից, Վահագն Գրիգորյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Ղուկաս Սիրունյանը, Վարուժան Այվազյանը, Գուրգեն Խանջյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Հովհաննես Երանյանն ու Արամ Պաչյանը շատ ավելի կարեւոր ու խորունկ գրողներ են, քան ողորմելի սյուժեներ պատմող հրաչյաքոչարներն ու նաիրիզարյանները, որոնց մտցրել են մեր գլուխները եւ որոնց նկարներով լցրել են մեր քաղաքը։ Բայց որովհետեւ ուսումնական հաստատությունները եւ նրանցից ելած դպրոցի ուսուցիչները գրականության չուկչիական պատկերացումների ոլորտում են, հայրենասիրությունը խառնում են հայրենասիրական նամազի հետ, որի մոլլան էլ, ահա, կալանքից ազատվել եւ գրգռում ու գրգռում է նրանց։

- Ձեր՝ «Մորս» բանաստեղծությունը նույնպես ընդգրկված է «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչներով դասագրքի 11-րդ դասարանի «Լրացուցիչ ընթերցանության եւ նախագծային աշխատանքների առաջարկվող գրականություն (ընտրովի)» ցանկում: Համաձա՞յն եք այդ ընտրության հետ, որովհետեւ շատ գրողներ կարծում են, որ այդքան էլ ճիշտ ընտրություն չի արվել, եւ իրենց այս կամ այն գործն այնքան էլ հարմար չէ տվյալ տարիքային խմբի աշակերտների համար։

- Ես այդ բանաստեղծությունը գրել եմ 17 տարեկանում, երբ հրաժեշտ տվեցի հայրական տանս եւ եկա Երեւան՝ սովորելու։ Բայց մի՞թե բանը այս կամ այն բանաստեղծությունն է․ բանն այն է, որ այսօր դպրոցում երեխան հաղորդակցվի ժամանակակից բանաստեղծության մոտեցումների հետ, որ հասկանա, որ բանաստեղծությունը ջատագովության կամ քարոզչության միջոց չէ, այլ՝ գեղեցկության հրավառություն, որ Տերյանի «Արձակ դաշտերի ամայության մեջ» կամ Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ»-ը, կամ Թումանյանի «Սիրիուսի հրաժեշտը» պարզապես հրաշք են, ինչպես հենց Սիրիուսը։ Եթե իմ այդ բանաստեղծության մեջ որեւէ գեղեցիկ բան չկա, եւ այն պետք է պարտադրվի իբրեւ «մայրերգություն», լավ կլինի հանվի։ Եթե դպրոցում եւ բուհում ի վերջո կհաղթանակեն բարձր ճաշակն ու պոեզիայի հանդեպ սերը, իմ բանաստեղծություններն իրենք իրենց, առանց ծրագրերի մեջ մտցնելու, կընթերցվեն (կամ, հանգստացեք, կմերժվեն)․․․   

- Մեծ հաշվով, դասագրքերն ինչքանո՞վ են կարեւոր, եթե ուսուցիչները դասավանդում են հին մեթոդներով, եթե դասարաններն ու դպրոցները հագեցած չեն համապատասխան տեխնիկական միջոցներով։

- Այ, Դուք խփեցիք ուղիղ մեխի գլխին։ Բարենորոգման գործընթացը տարիների գործ է եւ շղթայական մի գործընթաց, որն իսկույն դառնում է առոչինչ, կտրվում է, եթե որեւէ օղակ բացակայում է։ Ես կուզենայի, որ այսօր հատուկ քննարկումների նյութ դառնար ուսուցման մեթոդիկան․ Մանկավարժական համալսարանի բոլոր ֆակուլտետների ամենակարեւոր առարկան պետք է լինի «Մանկավարժություն եւ մանկավարժական մեթոդիկա» առարկան։ Որպեսզի անգամ մաթեմատիկան ոչ թե լցոնես աշակերտների գլուխները, այլ՝ սիրել տաս։ Ես կարծում եմ, որ մեզ առնվազն տասնամյակներ են պետք՝ շղթայի բոլոր օղակները ստանալու համար։ Այսօր մենք ունենք մի վիճակ, որ բուհական դասախոսները պակաս չեն Նարեկացուն աթեիստ հանած վերեւում ասածս այդ գրականագետներից ու քննադատներից, ուսանողներն ու ուսուցիչները պակաս չեն իրենց դասախոսներից, աշակերտներն էլ՝ իրենց ուսուցիչներից։ Տասնամյակների վիթխարի ջանք է հարկավոր՝ այս ողջ շղթան կարգի բերելու համար։