Դիմում են ներկայացրել ՀՔԾ՝ ընդդեմ Գարիկ Սարգսյանի

Դիմում են ներկայացրել ՀՔԾ՝ ընդդեմ Գարիկ Սարգսյանի

Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դիմում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Այս մասին ունեցած մեր տեղեկությունը հաստատեց Գրիգորյանը։ Ինչպես հայտնի է, Գարիկ Սարգսյանը աշխատանքից ազատել էր Նորայր Գրիգորյանին՝ 6 ամիս շարունակ ավագանու նիստ չհրավիրելու հիմքով, մինչդեռ ավագանու նիստերի արձանագրությունները տեղադրված են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում։ Նորայր Գրիգորյանը հայց էր ներկայացրել Վարչական դատարան, և նրա պաշտպան Ամրամ Մակինյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ դատարանը հայցը վարույթ է ընդունել, ինչը Վարչական դատավարության օրենսգրքով նշանակում է, որ պետք է համայնքապետի լիազորությունները վերականգնվեն մինչև դատարանի վերջնական որոշումը։ Մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե վարչական ակտի կատարման կասեցումը չի ենթադրում հայցադիմումը վարույթ ընդունելու պահին արդեն կատարված գործողություններից առաջ գոյություն ունեցած իրավիճակի վերականգնում, այսինքն՝ համայնքապետի լիազորությունների վերականգնում։

Նորայր Գրիգորյանն էլ իր հերթին դիմել է ՀՔԾ՝ հայտնելով, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարվում է ենթարկվել օրենքին։