Ժողովրդի սուրբ պարտականությունը

Ժողովրդի սուրբ պարտականությունը

Մի քանի շաբաթ առաջ ահաբեկչություն իրականացնելու նպատակով Սյունիք ներթափանցած և մեկ հայաստանցու սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցուն և նրա համաերկրացուն ձերբակալելուն ի պատասխան արևելյան խանը հրամայել է ՀՀ տարածքից առևանգել երկու զինվորականի: Ինչը և կատարվել է, իսկ ադրբեջանական դատարանն էլ նրանց կալանավորման որոշում է կայացրել: Ավելի վաղ այդ երկրի դատախազությունը հայտարարել էր, որ հայ զինծառայողները մեղադրվում են իբրև թե «ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման» համար։ Սա վկայում է, թե ինչպիսին է լինելու ադրբեջանցիների հետ խաղաղության պատկերը:
Սակայն Փաշինյան Նիկոլին թվում է, թե թշնամու հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով՝ ապահովելու է իրական խաղաղություն 29800 քառ/կմ-ի վրա ապրող բնակչության համար: Չէ, ինքը հաստատ հասկանում է, որ դա սովորական մահկանացուի տեսակետից չլինելու բան է: Բայց չէ՞ որ ինքը «ժողովրդի փրկիչ» է, ուրեմն այս հարցում ինքը հաջողության կհասնի: Ինքը մի ժամանակ նաև համարյա թե երկրորդ Քրիստոսն էր (մեղա՜, մեղա՜): Եվ դրան հասնելու իր հոգեբանական տառապանքները հենց այդ մակարդակի տառապանքներ են: Եվ այդ տառապանքների պատճառը ոչ միայն թշնամին է, որին ինքն այլևս չի ցանկանում ատել: Քանի որ նրանց հարևանությամբ ապրելու այլ տարբերակ չունի: Ի դեպ, այդ հարցում ինքը միայնակ չէ՝ ՀՀ առաջին նախագահի ողջ շրջապատն այդ կարծիքին է: Իսկ ինքը, չմոռանանք, դաստիարակվել է հենց այդ շրջապատում: Երկրորդ պատճառը «սիրելի» ժողովուրդն է, որը չի գիտակցում իր տիտանական ջանքերն այդ ուղղությամբ: Ու չի հավատում թուրքի հետ բարեկամություն հաստատելու հնարավորությանը: Եվ ինքը ստիպված է հաղթահարել ժողովրդի դիմադրությունը:  

Իհարկե, ինքը մի ժամանակ հաղթական գերագույն հրամանատար էր: Եվ դիրքային մարտի հաջողության համար դրա մասնակիցներին Ազգային հերոսի 1 կոչում և 70-ից ավելի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան էր բաժանում: Եվ դա տեղի էր ունենում Սարդարապատում, որտեղ ինքն այսօր համարյա թե գողեգող էր այցելել՝ թիկնապահներով շրջապատված: Պատկերացնո՞ւմ եք՝ հայաստանյան ժողովրդավարության հիմնադիրը ժողովրդից պատսպարված գնում է առաջին հանրապետության հիմնադրման 105-ամյակը նշելու: Իրական ժողովրդավարության դեպքում, բնականաբար, ՀՀ վարչապետի պաշտոնին բախտի բերմամբ հայտնված Նիկոլը պետք է հրաժարական ներկայացներ: Բայց, նախ, մերն ուրիշ է, և երկրորդ՝ ինքը վերին ուժերից առաքելությամբ է ուղարկվել Հայաստան՝ փոխելու տարածաշրջանային դասավորվածությունը: Եվ հայ ժողովրդի համար ապահովելու այս տարածաշրջանում անվտանգ ապրելու տեսլականը: 

Ենթադրում եմ, որ Փաշինյան Նիկոլը տեղյակ է, թե ինչով ավարտվեց 20-րդ դարասկզբի Կ.Պոլսի հայ մեծերի հավատը թուրքերի հետ բարեկամություն անելու երևույթի վերաբերյալ: Հայ մեծերից Գրիգոր Զոհրապին թվում էր, թե այն, ինչ տեղի է ունենում իր հարազատ քաղաքում, ինչ-որ սխալի արդյունք է: Չէ՞ որ ինքը Թալեաթի մերձավոր բարեկամն է՝ նրա հետ երեկոները սուրճի սեղանի շուրջն անցկացրած մեկը: Բայց դա Թալեաթին չխանգարեց, որպեսզի իր թրքությունը ցուցաբերի նաև վերջինիս նկատմամբ: Բայց դա Նիկոլի ծրագրերին, ինչպես հասկանում ենք, չի սպառնում:   

Մեկ այլ օրինակ. միջնադարյան Իտալիայի Պադուա քաղաքում ծնված Ջիրոլամո Սավոնարոլան (1452-1498) վանական ձեռնադրվելով՝ ծառայության է անցնում Ֆլորենցիա քաղաքի վանքերից մեկում: Միջնադարյան եկեղեցական անիրավությունների դեմ պայքարող վանականը կյանքի վերջում իշխանություն է ձեռք բերում Ֆլորենցիայում, իրականացնում է բարեփոխումներ: Եվ սկսում է ինքն իրեն համարել Աստծո հետ անմիջականորեն շփվող անձ, բայց վերջում կորցնում է իշխանությունը, կախաղան բարձրացվում: Նրա աստվածաընտրյալ լինելու վերաբերյալ համոզմունքի անմիջական հետևանքները ողբերգական են եղել անձամբ իր, սակայն ոչ Ֆլորենցիայի առումով: Վախենամ, որ ի տարբերություն միջնադարյան վանականի, «նիկոլական աստվածաընտրյալությունը» ողբերգական լինի ոչ միայն իր, այլև Հայաստան պետության համար: Եվ որպեսզի դա տեղի չունենա՝ նրան պաշտոնից հեռացնելը պետք է լինի ողջ ժողովրդի սուրբ պարտականությունը: