Որ թատրոններն ու թանգարանները կաշխատեն Ամանորի օրերին

Որ թատրոններն ու թանգարանները կաշխատեն Ամանորի օրերին

Ամանորի տոնական օրերին երեւանյան եւ մարզային մի շարք թատերահամերգային հաստատություններ ու թանգարաններ իրենց դռները կբացեն հանդիսատեսի եւ այցելուների առջեւ:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանի կարծիքով՝ այս նախաձեռնությունը կարեւոր իրադարձություն է, քանի որ Ամանորը դիմավորելու ընդունված ձեւաչափն արդեն սպառվել է: «Կարծես հայտնվել ենք մի շրջապտույտի մեջ ու գիտակցում ենք, որ տոները դիմավորելու նոր ձեւաչափի, կենցաղն ու մշակույթը փոխելու, մեզ անառողջ ապրելակերպով եւ կենցաղով հնարավորինս չծանրաբեռնելու կարիք ունենք»,- ասել է Ա. Խզմալյանն ու հավելել, որ Ամանորի օրերին քաղաքացիները կարող են ընտանիքի հետ այցելել թատրոններ, դիտել ներկայացումներ, որոնք ոչ միայն մանկահասակների համար են, այլեւ՝ մեծահասակների:

Ամանորի օրերին՝ բացառապես կամավորության սկզբունքով, աշխատելու են ոչ միայն մայրաքաղաքային, այլեւ համայնքային թատրոնները: Այս նախաձեռնությանը միացել է 13 թատրոն, որոնց թվում են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Ռուսական դրամատիկական, Խամաճիկների, Համազգային, Պարոնյան, Սունդուկյան եւ մի շարք այլ երեւանյան թատրոններ, ինչպես նաեւ՝ Արտաշատի, Վանաձորի, Գյումրու, Գորիսի թատրոնները։    

Գնային քաղաքականության առումով թատրոնները եւ թանգարանները շարունակելու են աշխատել նույն սկզբունքով: Տոնական օրերին բաց կլինեն նաեւ մի շարք թանգարաններ։ ԿԳՄՍ նախարարի հրամանով, Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով, 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի, Ռուսական արվեստի, Հայաստանի պատմության (մինչեւ ժամը 18:00-ն) թանգարաններում եւ Հայաստանի ազգային պատկերասրահում (մինչեւ ժամը 18:00-ն):

«Սա ավելի քաղաքակիրթ ժամանցի ձեւ ընտրելու, մաշված եւ վնասակար ավանդույթներից հրաժարվելու ճանապարհ է: Ես՝ անձամբ, իմ ընտանիքի հետ այցելելու եմ թանգարաններ եւ թատրոն՝ ներկայացում դիտելու: Եթե ընտրում ենք քաղաքակիրթ երկիր լինելու ճանապարհը, դա պիտի անդրադառնա նաեւ մեր կենցաղի վրա»,- ասել է փոխնախարարը: