Ի վերջո՝ Պֆայզերը բերվե՞լ է Հայաստան

Ի վերջո՝ Պֆայզերը բերվե՞լ է Հայաստան

Օրեր առաջ մենք տեղեկություն էինք ստացել, որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում սկսել են Պֆայզեր պատվաստանյութով պատվաստումներ իրականացնել, սակայն, այսպես ասած, միայն ծանոթներին, քանի որ շատ քիչ քանակությամբ է ամերիկյան այս պատվաստանյութը ներկրվել։ Մենք դիմել էինք առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե բերվե՞լ է արդյոք Պֆայզերի ինչ որ քանակություն եւ ովքե՞ր են դրանով այժմ պատվաստվում։

Առողջապահության նախարարության խոսնակը հերքել էր ամերիկյան այդ նյութի ներկրման փաստը, ասելով, որ դա կարող էր միայն առողջապահության նախարարությունը բերել, իսկ իրենք Պֆայզեր չեն ներկրել։

Փաստը հերքել էին նաեւ ՀՎԱԿ-ից, սակայն նշել էին, թե՝ հիմա բանակցություններ են ընթանում, շուտով կբերվի։ Սա օրեր առաջ էր եւ չնայած մեզ առողջապահության համակարգից վստահեցնում էին, որ Պֆայզերը բերվել է եւ պատվաստումներն ընթանում են, սակայն մենք, չունենալով որեւէ ապացույց, ձեռնպահ էինք մնացել այդ տեղեկատվությունը հրապարակելուց։

Այսօր պատահաբար համացանցում նկատեցինք մի գրառում, որի հեղինակը Համալսարանի դասախոսներից է եւ որը հաստատում է մեր տեղեկատվությունը։

Նա մասնավորապես գրել է.

«Պարզվում է, Հայաստանում (պ)ֆայզերը անում են միայն բժշկական ու հավանաբար քաղաքական էլիտային։ Հիերարխիան մեր ամեն ինչն է։

Բայց մի' տխրեք։ Եթե աստրազենեկայից կամ մոդեռնայից հետո 3 օր եք մեռնում, (պ)ֆայզերից հետո, ասում են, էլիտար մարդիկ 6 օր ուշքի չեն գալիս։ Քանի որ մեր մոտ ամենալավը միշտ ժողովրդի համար է»։