Հ՜եյ, «հպարտ» քաղաքացիներ,որտե՞ղ եք

Հ՜եյ, «հպարտ» քաղաքացիներ,որտե՞ղ եք

Նիկոլ Փաշինյանն իր փոքր «շքախմբով» իշխանության եկավ՝ շահարկելով փողոց փակող «հպարտ» քաղաքացիների ինքնասիրությունը: «Դուխով» գլխարկը դրած՝ «Սերժին մերժելը» բարդ բան չէ՝ եթե հատկապես քո դեմ կանգնած վահանուվ ու մահակով ոստիկանը (կամ կարմիր բերետավոր զինվորականը) վճռական գործողությունների չի դիմում: Արդյունքում եղավ «թավշյա» հեղափոխություն (չնայած այն չի համապատասխանում լենինյան բնորոշմանը, այնուամենայնիվ, հեղափոխություն էր, քանի որ փոխվեց իշխանության բնույթը), ու երկրում ձևավորվեց 3 միլիոն վարչապետների ինստիտուտը: Բայց շատ արագ այդ ինստիտուտը քայքայվեց, և հաստատվեց մեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանով մարմնավորված միանձնյա իշխանություն: 

Ընդհանրապես, անցումային իրադրություններում միանձնյա իշխանությունն ինքնին արգահատելի երևույթ չէ՝ որքան էլ լինի բացասական: Եթե, իհարկե, տվյալ անձը գիտակցում է երկրի առջև ծառացած իրական մարտահրավերները և դիմում է համապատասխան քայլերի: Այդ դեպքում դրական փոփոխության է ենթարկվում նաև «հպարտ» քաղաքացիների ինստիտուտը. փողոց փակողներից այն վերածվում է գիտակցված ու հաշվարկված գերնպատակի իրականացման ծանրության տակ կքված սուբյեկտների միության: Այսպիսով, միանձնյա ղեկավարման ու վերընշված միության համագործակցությունն առաջացնում է սիներգիայի էֆեկտը. երբ երկու կամ ավելի անձերի ջանքերի միավորման դեպքում առաջանում է նրանց կարողությունների ոչ թե մեխանիկական գումար (1+1=2, 1+1+1=3 և այլն), այլ շատ ավելի մեծ մեծություն (1+1-ը հավասար է 3-ի, 4-ի կամ 5-ի): 

Հակառակ պատկերն է ստացվում, եթե միանձնյա իշխանավորը, գիտակցելով հանդերձ երկրի առջև ծառացած իրական մարտահրավերները, դիմում է ոչ ադեկվատ քայլերի, որի արդյունքում «հպարտ» քաղաքացիների ինստիտուտը քայքայվում է՝ վերածվելով բաժան-բաժան եղած հուսահատվածների խմբերի: Այդ դեպքում ոչ միայն չի առաջանում սիներգիայի էֆեկտը, եթե նույնիսկ իշխանություն ունեցողը համագործակցում է իր նեղ շրջապատի հետ, այլ ստացվում է նույնիսկ հակառակ պատկերը՝ Իվան Կռիլովի «Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը» հայտնի առակի նմանությամբ: Որովհետև իշխանության նեղ խմբում գոյատևող «հպարտ» քաղաքացիները, կորցնելով զանգվածներում նախկինում ունեցած իրենց հիմքերը, վերածվում են առաջնորդից ստրկամիտ կախվածություն ձեռք բերած առանձնյակների, որոնցից յուրաքանչյուրը մտածում է միայն իր անհատական շահերի մասին:

Հայասատանում այսօր մենք տեսնում ենք երկրորդ պատկերը, և դա նույնիսկ ամիսներ առաջ ներկայացվել է հենց վարչապետ Փաշինյանի կողմից: Ճիշտ է, ներկայացվել էր ընդամենը պատկերի մի մասը՝ 3 միլիոնանոց  «հպարտ» քաղաքացիների հուսահատության տրվելը և բաժան-բաժան լինելը, սակայն այն իր ետևից պետք է տաներ և արդեն տանում է նաև իշխանության նեղ խմբում հանգրվանած «հպարտներին», ինչը դեռևս չի գիտակցվում նույն այդ իշխանության կողմից: Չի գիտակցվում, քանի որ հակառակ դեպքում հասարակությունը կտեսներ այնպիսի քայլեր, որոնք միտված կլինեին հիմնովին փոփոխության ենթարկելու այն համակարգը, որը ձևավորվել է փողոց փակող «հպարտ» քաղաքացիների միջոցով կատարված իշխանափոխությունից հետո:

Վախթանգ Սիրադեղյան