Իմ պահանջով ֆակուլտետի դուռը բացվել է

Իմ պահանջով ֆակուլտետի դուռը բացվել է

«Դիմադրություն» շարժումն այսօր եւս վաղ առավոտից մեկնարկեց իրազեկման երթեր՝ մտնելով բուհեր եւ կոչ անելով ուսանողներին միանալ շարժմանը։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը մեզ փոխանցեց, որ իրենց ամբիոնում այսօր դաս չի եղել, իսկ մի քանի խմբում ընդհանրապես ուսանող չի եղել․ «Ուսանողները ներկա չեն եղել մի քանի խմբում, իսկ մի խմբում 25 ուսանողից ներկա է եղել ընդամենը 3-ը, ամեն դեպքում սա՝ մեր ամբիոնի մասով։ Կարելի է ասել, ուսանողները ընդհանուր առմամբ չեն ներկայացել դասերին, ինչի հետեւանքով դասերը տեղի չեն ունեցել»,- նշեց Հովհաննիսյանն ու հավելեց, որ բացակա ուսանողներին ինքն անձամբ բացակա չի նշանակում։

Հետաքրքրվեցինք, իսկ անձնապես ռեկտորի կողմից կա՞ ցուցում խիստ վերաբերվել դասադուլ անող ցուցարարներին, սահմանափակել նրանց ազատ տեղաշարժը կամ նշանակել բացակաները․ «Ես ճիշտն ասած ռեկտորի ցուցումներին ծանոթ չեմ այս մասով եւ առաջանորդվում եմ իմ սկզբունքներով ու ԵՊՀ կանոնադրությամբ»։ 

Ի տարբերություն 2018-ի, ուսանողությունը հիմա պասի՞վ է, թե՞ ավելի նախաձեռնող․ «Դասերին չներկայանալու առումով գոնե ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասով՝ իրավիճակը նույնն է։ Ես տեղեկություն չունեմ, արդյոք այդ դասերին ներկա չգտնվողները միացե՞լ են «Դիմադրության» շարժմանը, թե՞ ոչ, բայց հաճախելիության եւ ուսանողների ներկայության տեսանկյունից փոփոխություն չեմ տեսնում։ Ամեն դեպքում երբ ուսանողները չեն հաճախում դասերի, դա ինչ որ բանի մասին խոսում է»։ 

Վահե Հովհաննիսյանը փոփոխություն չի տեսնում նաեւ ԵՊՀ ադմինիստրացիայի վարած քաղաքականության մեջ․ «Այն առումով, որ այն ժամանակ էլ գործող քաղաքական իշխանությունը, երբ փորձել էր մտնել ԵՊՀ՝ փակ դռների էին հանդիպել, ուսանողները չէին կարողացել դուրս գալ։ Նույն իրավիճակը եղել է նաեւ այսօր։ Բայց, երբ ես մուտք եմ գործել իրավագիտության ֆակուլտետի մասնաշենք, իմ պահանջով, դուռը բացվել է, սակայն փաստը մնում է այն, որ Երեւանի պետական համալսարանի ղեկավարության քաղաքականության եւ գործունեության մեջ դռներ փակելու մասով որեէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Փաստացի ի՞նչ է ստացվում, որ քաղաքական իշխանության խնդիրը հանդիսացել է ոչ թե այն, որ ԵՊՀ-ում եւ բուհերում դուռ չփակեն կամ ընդհանրապես դռներ չփակվեն, այլ որպեսզի իրենք լինեն դուռ փակողը։ Ես այսպես եմ հասկանում այս ամեն ինչը»։     

Զրուցակիցս ընդգծում է, որ անկախ կուսակցական պատկանելիությունից, քաղաքական հայացքներից, անկախ այն բանից, թե անձը որտեղ է աշխատում, Արցախի հարցը պետք է դիտարկել զուտ հայ ժողովրդի անվտանգային համակարգում․ «Խնդիրը հետեւյալում է, որ Արցախյան շարժումը, Արցախի հարցը համազգային նշանակություն ունեցող վերկուսակցական հարց է եւ այս հարցը կուսակցականացնելը ես ճիշտ չեմ համարում։ Սա ամբողջ հայ ժողովրդի անվտանգային հարցն է, միայն Արցախի կարգավիճակի հարցն էլ չէ, հետեւաբար տարամադրությունների մասին խոսելը նույնիսկ ավելորդ է, որովհետեւ ցանկացած գիտակից հայ հասկանում է, որ Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծումը ինչ ավելի բարդ մարտահրավերների առաջ է կանգնեցնելու ողջ հայ ժողովրդին»։

Ի դեպ, քիչ առաջ ԵՊՀ-ից «փաստեցին», որ որոշ մասնաշենքերի դռներ փակել են, հետեւյալ հիմնավորմամբ․ «Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակելու որոշ մասնաշենքների դռներ, իսկ ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում»,- պարզաբանել էին ԵՊՀ-ից։