Ռոբերտ Կապա. Բավականաչափ մոտիկ

Ռոբերտ Կապա. Բավականաչափ մոտիկ

Մի անգամ Ռոբերտ Կապան հարցնում է Անրի Կարտյե-Բրեսոնին. «Ի՞նչ ես կարծում՝ ո՞վ ես դու»: «Ես սյուրռեալիստ եմ»,- պատասխանում է Կարտյե-Բրեսոնը։ «Մոռացիր այդ բառը, դու լրագրող ես»,- ասում է Կապան։

Իսպանիայում քաղաքացիական պատերազմ, Նորմանդիայում դեսանտի ափհանում, ճապոնա-չինական պատերազմ․․․ աշխատելով մի շարք թեժ կետերում՝ ռազմական ֆոտոլրագրության հիմնադիր Ռոբերտ Կապան անում է խորհրդանշական դարձած տարբեր նկարներ։ Օրինակ, դժվար թե Ֆեդերիկո Բորել Գարսիայի անունը հայտնի դառնար, եթե 1936 թվականի սեպտեմբերի 5-ին Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ վերոնշյալ անարխիստ հանրապետականի մահվան պահը ֆոտոխցիկով չֆիքսեր նրանից քիչ հեռավորության վրա խրամատում գտնվող Կապան։ 

Ռոբերտ Կապան անկախ ու անհանգիստ մարդ էր, այդքան էլ չէր սիրում համատեղ նախագծերում աշխատել։ Այնուամենայնիվ, 1947 թվականին Կապան ու գրող Ջոն Սթեյնբեքը որոշում են ուղեւորվել Սովետական Միություն։ Նրանք կիսում էին միեւնույն քաղաքական հայացքները՝ երկուսն էլ լիբերալ էին եւ մտածում էին՝ ինչով կարող է զբաղվել լիբերալ հայացքների տեր ազնիվ մարդը։

Կապայի խոսքերով՝ նրանց համագործակցությունը սկսվեց այսպես. «Սառը պատերազմ կոչվող նոր հայտնագործված պատերազմի սկզբում ․․․ ոչ ոք չգիտեր, թե որտեղ են գտնվելու մարտի դաշտերը։ Մտածելով, թե ինչով եմ զբաղվելու, ես հանդիպեցի պարոն Սթեյնբեքին, ով իր խնդիրներն ուներ։ Նա պայքարում էր չենթարկվող պիեսի դեմ, իսկ պատերազմը նրան ցնցում էր այնպես, ինչպես ինձ։ Մի խոսքով, մենք դարձանք սառըպատերազմյան թիմ։ Մեզ թվում էր, որ այնպիսի արտահայտությունների ետեւում, ինչպիսին էին «երկաթյա վարագույր», «սառը պատերազմ» ու «պրեվենտիվ պատերազմ», մարդիկ, նրանց մտքերն ու հումորի զգացողությունն ամբողջությամբ անհետացել են։ Մենք որոշեցինք իրականացնել Դոն Կիխոտ-Սանչո Պանսա հնաոճ քվեստ՝ երիվարել դեպի «երկաթյա վարագույրը» եւ ուղղել մեր նիզակներն ու գրիչն ընդդեմ այդ ժամանակվա հողմաղացների»։

Պետք է նշել, որ այդ ժամանակ Նահանգներում Սովետմիության կյանքի մասին չէր գրում ոչ ոք։ ԽՍՀՄ-ի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը կապված էր քաղաքական իրադարձությունների հետ։ Կապային ու Սթեյնբեքին հետաքրքիր էր այնտեղ ապրող հասարակ մարդու կյանքն իր հետպատերազմյան կենցաղով, հետաքրքրություններով։

Քառասուն օրվա ընթացքում՝ 1947 թվականի հուլիսից սեպտեմբերը, Կապան ու Սթեյնբեքը եղան Կիեւում, Մոսկվայում, Լենինգրադում, դրանց շրջակա կոլտնտեսություններում, Ստալինգրադում ու Վրաստանում։ Ամբողջ ընթացքը հսկվում էր Պետական անվտանգության նախարարության կողմից։ Օրինակ՝ վարորդը, ով տանում էր Կապային ու Սթեյնբեքին Վրաստան, չեկիստ էր։

Համացանցում հասանելի է Պետական անվտանգության գաղտնազերծած փաստաթուղթը շրջագայության կիեւյան փուլի մասին։ Փաստաթղթում կան լուսանկարչի եւ գրողի մասին կենսագրական նշումներ։ Սակայն այն մասին, որ «Ռոբերտ Կապա»-ն կեղծանուն է, ոչինչ ասված չէ։ Իրականում, հրեական ծագման հունգարացի Անդրե Էռնյո Ֆրիդմանի կեղծանվան՝ «Ռոբերտ Կապա»-ի հեղինակը նրա ընկերուհի՝ առաջին կին ռազմական լուսանկարիչ Գերդա Տարոն էր։ 1930-ականներին Փարիզում, որտեղ ապրում էր Ֆրիդմանը, գործում էր մեկ այլ լուսանկարիչ՝ նույն ազգանվամբ։ 

Պետական անվտանգության սովետական օրգանները համարում էին, որ օտարերկրացիների կողմից արված այն նկարները, որտեղ աղքատ մարդիկ էին, հնացած կառույցներ կամ խանութների մոտ գոյացած հերթեր, թշնամական հատուկ ծառայությունների պատվերով են արվում եւ ծառայում են հակասովետական ագիտացիային։ Կապայի կիեւյան ֆոտոշարքից միայն երկու նկարներ բարձրօղակներին անհանգստացրին՝ թանգարանի հոգնած այցելուհին եւ պոմպով ջուր մղող մաշված հագուստով կոլտնտեսական մի ընտանիք։

Կապայի ֆոտոխցիկը գյուղերում աշխատող մարդկանց մոտ սենսացիա էր առաջացնում։ Դաշտում աշխատող կանայք սկզբում գոռում էին նրա վրա, հետո ուղղում բլուզներն ու թաշկինակները։ Նրանցից մեկին Կապան ընտրեց պորտրետի համար։ Կինը Կապային ասաց հետեւյալը. «Ես ոչ միայն աշխատող եմ, այլ նաեւ կրկնակի այրի, եւ շատ տղամարդիկ հիմա պարզապես վախենում են ինձնից»,- ու թափահարեց վարունգը ֆոտոխցիկի առաջ։ Կապան առաջարկեց. «Գուցե Դուք ամուսնանայիք ինձ հետ»,- ինչին ի պատասխան կինը, ծիծաղելով ու ետ նայելով, ասաց». «Սրան մի տեսեք։ Եթե աստված, մինչեւ տղամարդ ստեղծելը, խորհրդակցեր վարունգի հետ, աշխարհում ավելի քիչ դժբախտ կանայք կլինեին»:

Հետպատերազմյան Ստալինգրադում Կապան ու Սթեյնբեքը տեսնում են մարդկանց, ովքեր ապրում են իրենց ոչնչացված տների նկուղներում, բեկորների տակից կարող էր դուրս գալ կոկիկ հագնված աղջիկ, ուղղել սանրվածքն ու, մոլախոտերի միջով անցնելով, ուղեւորվել դեպի աշխատանք։ Սա Կապայի այն փորձերից էր, երբ նա ոչ թե ֆիքսում է պատերազմի ընթացքը, այլ դրա հետեւանքը։

Օրինակ, մինչ Սովետմիություն մեկնելը, 1944-ին, Կապան Life ամսագրի համար նկարում է դեսանտների ափհանումը Նորմանդիայում։ «․․․ Պատերազմական թղթակցի համար բաց թողնել դեսանտի ափհանումը նույնն է, ինչ հինգ տարի Սինգ-Սինգ բանտում անցկացնելուց հետո հրաժարվել Լանա Թյորների հետ սիրային ժամադրությունից», - ասում է Կապան։

Ռոբերտ Կապան ԽՍՀՄ ճամփորդությունից հետո, ինչի արդյունքում ստեղծվում է «Ռուսական օրագիր» գիրքը, 1948-ին մեկնում է Իսրայել՝ Անկախության հռչակագրի ընդունման արարողությունը նկարելու նպատակով։ Մինչեւ 1950-ը մի քանի անգամ վերադառնում է այնտեղ, նկարում ներգաղթյալների ալիքները, տրանզիտային ճամբարները, փորձում ցույց տալ հրեական ազգի առջեւ ծառացած խոր անորոշությունը։

Նույն Սթեյնբեքը Կապայի մասին ասում էր. «Ես կարծում եմ, որ նա իր որոշակիությամբ ապացուցեց՝ ֆոտոխցիկն ամենեւին սառը մետաղական հարմարանք չէ։ Ինչպես նամակի համար գրիչը, ֆոտոխցիկն այն է, ով իրենով նկարում է։ Այն բանականության ու հոգու շարունակությունն է»։

1954 թվականին Վիետնամում առաջին չին-հնդկական պատերազմի ժամանակ իր հերթական շարքն անելիս Կապան պայթում է հակահետեւակային ականի վրա։ Նրա այն միտքը, որ «եթե ձեր նկարները բավականին լավը չեն, ուրեմն դուք բավականաչափ մոտ չեք նկարահանման օբյեկտին», ըստ էության, ուղեկցեց նրան մինչեւ կյանքի վերջին վայրկյանը։ 

Լիլիթ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Լուսանկարում` Ռոբերտ Կապան Ջոն Սթեյնբեքի հետ, Մոսկվա, 1947թ. 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ