Բնակարան Արաբկիրում․ ինչ է հետ գցել Քրիստինե Գրիգորյանը

Բնակարան Արաբկիրում․ ինչ է հետ գցել Քրիստինե Գրիգորյանը

Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը 2021 թվականի ընթացքում, երբ զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը, ձեռք է բերել բնակարան Արաբկիր վարչական շրջանում, թեև մեկ բնակարան Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում մինչ այդ արդեն ուներ։ Այսինքն՝ 2021 թվականի վերջում միանձնյա սեփականության իրավունքով Գրիգորյանին պատկանել է 2 բնակարան։ 

Ըստ Գրիգորյանի ներկայացրած հայտարարագրի՝ 2021 թվականի ընթացքում նա պարտքով գումար է տվել «Միկշին» ՍՊԸ-ին, գումարի չափը կազմել է 6 մլն դրամ։ «Միկշին» ՍՊԸ-ն «Երազ» թաղամասի կառուցապատումն իրականացրած ընկերությունն է։ Այս ընկերությունը հիմնադրել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու որդի Տիգրան Հարությունյանը։ Քրիստինե Գրիգորյանը իր բանկային հաշվին 2021 թվականի ավարտին ունեցել է 5 մլն 207 հազար դրամ գումար, ևս 900 հազար դրամ և 1200 դոլար ՝ կանխիկ գումար։

Տարվա ընթացքում Քրիստինե Գրիգորյանը արդարադատության նախարարությունից 16 մլն 233 հազար դրամ վարձատրություն, իսկ Պետական եկամուտների կոմիտեից 1 մլն 283 հազար դրամ է ստացել։ Բանն այն է, որ Քրիստինե Գրիգորյանի պաշտոնային դրույքաչափը փոխնախարարի համար 8.50 է, այսինքն՝ Գրիգորյանը որպես աշխատավարձ ամսական ստացել է 562 հազար դրամ, տարվա կտրվածքով՝  6 մլն 746 հազար 280 դրամ, այսինքն՝ մոտ 9.5 մլնը Գրիգորյանը ստացել է որպես պարգևավճար։ 

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարականի դրությամբ հայտարարագիրը Գրիգորյանը դեռևս չի ներկայացրել, սակայն պարզ է, որ այս պաշտոնում նա ավելի մեծ եկամուտներ է ստացել, քանի որ ՄԻՊ աշխատավարձը ավելի բարձր է, իսկ Գրիգորյանը պարգևավճարներ բաժանելիս իր անձի հանդեպ բավականին շռայլ է գտնվել։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնային դրույքաչափը 15 է, այսինքն՝ ՄԻՊ-ը ամսական ստացել է 992 հազար դրամ, Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնում պաշտոնավարել է 11 ամիս, այսինքն ստացել է 10  մլն 913 հազար դրամ աշխատավարձ։

Անցած տարվա հուլիսին ՄԻՊ աշխատակազմից հայտնել էին, որ Գրիգորյանը ամսական ինքն իրեն պարգևատրել է 1 մլն 650 հազար դրամի չափով, այդ ընթացքում Գրիգորյանը պաշտոնավարում էր 4 ամիս։ Այսինքն՝ 992 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան ամսական հավելյալ ստացել է նաև 1 մլն 650 հազար դրամ, նրա պաշտոնավարման 11 ամիսների համար այդ գումարը կազմում է 18 մլն 150 հազար, եթե դրան էլ գումարենք մոտ 11 մլն դրամ աշխատավարձը, ապա կստացվի, որ Գրիգորյանը պետական բյուջեից 11 ամիսների ընթացքում ՄԻՊ պաշտոնում ստացել է 29 մլն դրամ եկամուտ։