Ինչո՞ւ ԱԱԾ-ն չի հետաքրքրվում, թե ով է մաքսանենգ սիգարետ ուղարկել ռուսական МЧС-ի «բորտով»

Ինչո՞ւ ԱԱԾ-ն չի հետաքրքրվում, թե ով է մաքսանենգ սիգարետ ուղարկել ռուսական МЧС-ի «բորտով»

Ռուսական լրատվամիջոցներում մի քանի օր շարունակ փակ աղբյուրից ստացված, ապա պաշտոնապես հաստատված լուրեր էին տարածվում, որ Կրասնոդարի անվտանգության մարմինները արտակարգ իրավիճակների ծառայությանը պատկանող ինքնաթիռում 40 տոննա հայկական ակցիզով դրոշմավորված սիգարետ են բռնել, որը Երևանից Աֆղանստան պետք է գնար: Սակայն հայտարարագրերը կեղծվել են: Բեռն իջել է Կրասնոդարում և պետք է նաև հասցվեր Դուշանբե: 

Ռուսական ԶԼՄ-ները փոխանցում են ՌԴ իրավապահների գնահատականն այն մասին, որ Հայաստանից մաքսանենգ սիգարետը միշտ էլ «օդով» է գալիս, և որ վերջին տարիներին ֆիկտիվ իրավաբանական ու ֆիզիկական անձանց անվան տակ ավելի քան 100 տոննա սիգարետ է բերվել: «Դեռ 2018 թվականին Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից բերված 33,5 հազար տուփ սիգարետ»,- նշում է «Տելեգրամը»: 

ՊԵԿ-ի մեկնաբանությունն այս լուրերի վերաբերյալ ավելացրեց հարցականները: «Խնդրո առարկա ծխախոտի արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է «արտահանում» (այլ ոչ թե «տարանցիկ») մաքսային ընթացակարգով՝ էլեկտրոնային ապրանքային հայտարարագրի կիրառմամբ,- նշում է ՊԵԿ-ը,- հայտարարագիրը գրանցվել է մաքսային մարմինների էլեկտրոնային համակարգում։ Հայտարարագիրը ներկայացնելիս կցվել են նաև ապրանքն ուղեկցող փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր, պայմանագիր, ծագման հավաստագիր և այլն): ՊԵԿ-ը հաղորդել է նաև, որ ՀՀ մաքսային մարմինները բեռը ձևակերպել են «օրենքի տառին համապատասխան» և պատասխանատվություն չեն կրում այլ երկրի տարածքում առերևույթ թույլ տված խախտման համար: 

Որպես ԵԱՏՄ տարածքը լքելու ելքի մաքսային մարմին՝ փաստաթղթերում նշված է եղել Ղազախստանի Տաժեն գյուղում գտնվող մաքսակետը: Եթե բեռը ձևակերպված է եղել, և ՌԴ մաքսավորների համար այն տեսանելի է եղել, ապա ինչպե՞ս կարող էր այն որակվել որպես մաքսանենգութուն: Մաքսայինի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի նախկին ղեկավարներից մեկը մեզ բացատրեց, որ բեռի տեսանելի լինելը էլեկտրոնային համակարգում չի ապահովագրում մաքսանենգությունից: «Ապրանքը թափվում է այլ տեղում, իսկ նշանակման վայր է գնում «օդ»: Եղել են դեպքեր, երբ, օրինակ, Իրանից սպիրտը գալիս էր, որ պետք է գնար Վրաստան, ստեղ թափում էին, քար էին բարձում, գնում էր Վրաստան: «Ելքը» տված էր Վրաստան, բայց դե ֆակտո այդ ապրանքը մնում էր Հայաստանում: Այդ դեպքում, իհարկե, մաքսանենգություն է: Հնարավոր է, որ այստեղ հենց այդ տարբերակն է գործել: Կրասնոդարի, Ստավրոպոլի մարզերն ամենաբարդակ տեղերն են, որտեղ ամենակոռումպացված մաքսավորներն են»,- ասաց նախկին պաշտոնյան:  
Ակնհայտ է, սակայն, որ բեռն ուղարկողները, այնուամենայնիվ, տեղյակ են եղել դրա հետագա ճակատագրից: «Եթե տեղյակ չլինեին, բեռի որևէ շարժ չէր լինի»,- ասում է նա, հիշեցնելով, որ սիգարետի շուկայի խաղացողները շատ ուժեղ են, և այնտեղ ամեն ինչ մտածված է: Փաստորեն, խաղացողն այդ այնքան «ուժեղ» է, որ մասանենգ սիգարետը ՌԴ ամենահեղինակավոր իրավապահ կառույցի՝ Արտակարգ իրավիճակների ծառայության ինքնաթիռով է ուղարկել: Եթե այդպես է, ապա ՀՀ ԱԱԾ-ն պետք է որ իր քննությունն իրականացներ: Բայց մարմինները կա՛մ չեն հետաքրքրվում այդ հզոր խաղացողներով, կա՛մ էլ հակված են գաղտնի ձևերով բավարարել իրենց հետաքրքրությունը: 

Հայկական ո՞ր ընկերությունն է ուղարկել Կրասնոդարի սիգարետը: «ՊԵԿ մասով ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է: Այլ տվյալների չեմ տիրապետում»,- պատասխանեց մեզ ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը: