New York Times-ի լրագրողները 40 տարվա մեջ առաջին անգամ գործադուլ են անում

New York Times-ի լրագրողները 40 տարվա մեջ առաջին անգամ գործադուլ են անում

Ամերիկյան New York Times թերթի լրագրողները 40 տարվա մեջ առաջին անգամ մեկօրյա գործադուլ են սկսել։ Այդ մասին ասված է պարբերականի կայքում։

New York Times-ի լրագրողներն ու խմբագիրները գործադուլ են հայտարարել իրենց արհմիության և ընկերության միջև ձգձգվող բանակցությունների պատճառով: Գործադուլին կմասնակցի թերթի ավելի քան 1,1 հազար աշխատակից։ 

Նշվում է, որ կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրացել է 2021 թվականի մարտին, սակայն աշխատողներն ու գործատուն համաձայնության չեն եկել աշխատավարձերի, բուժօգնության և այլ հարցերի շուրջ։

«Աշխատավարձի առաջարկը շարունակում է չհամընկնել տնտեսական իրողությունների հետ՝ էապես ետ մնալով ինչպես գնաճից, այնպես էլ ԱՄՆ միջին աշխատավարձի աճի տեմպերից», - ասվում է արհմիության հայտարարության մեջ։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ սա հեղինակավոր թերթի աշխատակիցների առաջին նման գործադուլն է ավելի քան 40 տարվա ընթացքում։