Հաքան Ֆիդանը երեւի զզվել էր սրանց լալահառաչ աղերսանքներից
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հերթական անգամ ի ցույց է դրել Նիկոլ Փաշինյանի, Արմեն Գրիգորյանի, Արարատ Միրզոյանի եւ մյուս հայ թրքասերների անմեղսունակությունը՝ կրկնելով, որ եթե Հայաստանն ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, պետք է կատարի Ադրբեջանի պահանջները: Թուրքական «Հուրիեթ»-ին տված հարցազրույցում նա ասել է. «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», եւ այդ պայմանագիրը պետք է ստորագրվի Հայաստանի կողմից Ադրբեջանի պայմանները բավարարելու դեպքում, ու նշել է.
«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը եւ ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան։ Սահմանազատման վերաբերյալ վերջին որոշումներն այս առաջընթացի լավ օրինակ են»: «Վերջին որոշումներ» ասելով՝ նկատի ունի Կիրանցի հատվածում Հայաստանի միակողմանի զիջումները, երբ Հայաստանի վարչապետի հրամանով զիջվեցին ռազմավարական նշանակության բարձունքներ: Ֆիդանն ասում է, որ այդ «առաջընթացի» մեջ կա նաեւ Թուրքիայի ներդրումը, աջակցությունը, եւ եթե սահմանի մյուս հատվածներում էլ Հայաստանը նմանօրինակ զիջողականություն դրսեւորի, հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն: Ինչո՞ւ է Թուրքիայի ԱԳ նախարարը հիմա նման հայտարարություն անում: Նախորդ օրը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ստացել են խաղաղության պայմանագրի ադրբեջանական կողմի 11-րդ խմբագրումը: Նա ասում է. ուզո՞ւմ եք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում՝ ընդունեք Ադրբեջանի ներկայացրած տարբերակը եւ ստորագրեք: Ֆիդանի հայտարարությունը Թուրքիայի կողմից Ադրբեջանին արվող եւս մեկ աջակցություն է: Թե ինչ տեսք ունի Ադրբեջանի խմբագրմամբ խաղաղության պայմանագիրը, դժվար է ասել, որովհետեւ այն գաղտնի են պահում, հատկապես՝ թե որ կետերի շուրջ կողմերն ունեն տարաձայնություններ, եւ ինչի շուրջ հնարավոր չի լինում հասնել համաձայնության: Բայց եթե 11 անգամ խմբագրելուց եւ փոխանակելուց հետո հնարավոր չի լինում հասնել համաձայնության, նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում է այնպիսի պահանջներ, որ նույնիսկ Փաշինյանի նման մեկը չի համարձակվում նման փաստաթուղթ ստորագրել:
Բայց հարցը հիմա փաստաթղթի ստորագրումն էլ չէ, այլ՝ այն, թե ինչ ստացավ Հայաստանի գործող իշխանությունը Թուրքիայի առաջ ստորանալով եւ նվաստանալով: Բավական է հիշել, որ Փաշինյանի իշխանությունը 2 անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններ․ առաջին շարասյունը շարժվեց երկրաշարժից 5 օր հետո` 2023 թ. փետրվարի 11-ին: ՀՀ իշխանությունն այն ժամանակ ասում էր, որ դա Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրականացրած թշնամական քաղաքականության հետ կապ չունի, իրենք մարդասիրական օժանդակություն են ցուցաբերում: Բայց երբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով 100 հազարից ավելի արցախցի կորցրեց իր հայրենիքը եւ փախստականի կարգավիճակով փախավ Հայաստան, ապա ցրվեց ամբողջ աշխարհում, երբ բազմաթիվ երկրներ ֆինանսական եւ այլ օժանդակություն էին ցուցաբերում՝ նրանց խնդիրները լուծելու համար, Թուրքիան նույնիսկ մեկ լիրա չուղարկեց` ցույց տալով, որ բավարարված է այդ բռնագաղթի արդյունքներով: Թուրքերը ստիպեցին, որ Փաշինյանը ստորացված կարգավիճակում հայտնվի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, եւ նրան հատուկ նստեցրին Ադրբեջանի նախագահի հետեւում՝ ցույց տալով, թե ինչ երկրորդական նշանակություն ունի իրենց համար Հայաստանը, եւ որքան կարեւոր է Ադրբեջանը: Դա էլ բավարար չէ՝ ուղիղ 3 տարի Թուրքիան բեմականացնում էր հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց․ հանդիպումներ էին կազմակերպվում, ինչ-որ փաստաթղթեր ստորագրվում, դրական ակնկալիքներ ձեւավորում, թեեւ կարող էին կարճ ու կոնկրետ ասել. մինչեւ Ադրբեջանի պահանջները չկատարեք, մինչեւ վերջին հայը չստորագրի կապիտուլյացիա, սահմանը չի բացվի․ մի բան, որն արեց Հաքան Ֆիդանը` երեւի արդեն զզված Արարատ Միրզոյանի, Ռուբեն Ռուբինյանի կամ Արմեն Գրիգորյանի լալահառաչ, թախանձագին խնդրանքներից, թե երբ է բացվելու սահմանը:
Փաշինյանը եւ թիմը կարող են ասել, որ այդ նվաստացման եւ ստորացման գինն իրենց իշխանության երկարաձգումն է` չստորանային Թուրքիայի առաջ, չստանային նրա աջակցությունը, Ադրբեջանը նոր հարձակում իրականացրած լիներ Հայաստանի դեմ, Հայաստանը կզրկվեր նոր տարածքներից, իրենք էլ` իշխանությունից: Բայց դա կեղծ թեզ է, որովհետեւ Թուրքիան կամ Ադրբեջանը Հայաստանի վրա նոր հարձակում չեն նախաձեռնել ոչ թե այն պատճառով, որ ի դեմս ՀՀ իշխանության տեսել են ամեն նվաստացման եւ զիջման պատրաստ խմբի, այլ՝ այն, որ չեն ունեցել Իրանի, Ռուսաստանի, Արեւմուտքի համաձայնությունը: Դեռեւս որեւէ մեկին չի հաջողվել ստորանալով կամ նվաստանալով շահել թշնամու բարեհաճությունը եւ նրանից կյանքի իրավունք վաստակել, հակառակը` նմաններից առաջինն են ձերբազատվում: Բայց Փաշինյանը կարող է իրեն սփոփել, որ համաշխարհային պատմության մեջ ինքն ու իր թիմակիցները յուրահատուկ են, եւ շարունակի շարժվել նույն տրամաբանությամբ: Եթե իշխանության գալով գիժ ես խաղացել, հետագայում հնարավոր չէ խելոքի տեսք ընդունել` խելքի բացակայության պայմաններում:
Կարծիքներ