Հայաստանում համաճարակ է

Հայաստանում համաճարակ է

Հայաստանում կորոնավիրուսի համավարակն արագորեն վերածվում է համաճարակի: Այժմ, երբ վարակակիրների եւ մահացության թվերը շարունակական եւ շեշտակի աճ են արձանագրում, համավարակի (պանդեմիա) եւ համաճարակի (էպիդեմիա) տարբերությունը դադարում է լինել բացառապես բժշկագիտական, լեզվաբանական՝ եզրութային եւ բառիմաստային: Թվային աճի հայաստանյան կորը դադարում է ենթարկվել նաեւ մաթեմատիկական հաշվարկների կամ որեւէ մեթոդաբանության: Կորոնավիրուսի համավարակի եւ համաճարակի տարբերությունը Հայաստանում խտացնում է հանրային վարքի, քաղաքական բարքերի, պետական կառավարման ողջ անբարեհուսությունը: 

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ Հայաստանում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին, մահվան առաջին դեպքը՝ մարտի 26-ին: Մարտի 18-ին վարակակիրների թիվը 78 էր, իսկ մեկ ամիս անց՝ ապրիլի 18-ին, 1248, մահվան դեպքերը՝ 20: Ապրիլի 18-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ աճի պահպանման նման միտումների դեպքում արդեն մայիսի 21-ին կգրանցվի 5000 դեպք: Մայիսի 21-ին վարակակիրների թիվը հասավ 5606-ի՝ մեկ օրում աճելով 335-ով, մահվան դեպքերը հասան 70-ի: 

Մայիսի 21-ին, երբ Ա. Թորոսյանը հայտարարեց, որ «վարակակիրներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր», կառավարությունը հաստատեց ԿԳՄՍ նախարարության առաջարկը՝ Երեւանի Հյուսիսային պողոտայում քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու՝ դրա համար հատկացնելով 124 մլն 863․600 դրամ՝ շուրջ 250 հազար ԱՄՆ դոլար:

Վարակակիրների թվի արագ աճի, ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերի առկայության, հիվանդանոցային մահճակալների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքի գերծանրաբեռնվածության, տնտեսական կանխատեսվող անկման, գործազրկության աճի, սոցիալական շնչարգելության պայմաններում կառավարությունը հաստատեց նման հիմնազուրկ ծախսատար ծրագիրը՝ այն դեպքում, երբ յուրաքանչյուր դրամի ծախսը պետք է խիստ հիմնավոր եւ նպատակային լիներ: Ընդ որում, դա ոչ միայն ֆինանսապես արդարացված չէ, այլեւ բարոյահոգեբանական առումով է անընդունելի: Գաղափարը, ենթադրաբար, ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանինն է, ում «օջախի եւ ընտանիքի մասին» ֆեյսբուքյան գրառման տարածման համար նույնպես պետբյուջեից զգալի ֆինանսական միջոցներ էին ծախսվել: 

Միայն այս փաստն էլ վկայում է իշխանությունների՝ կարեւորն ու անկարեւորը զատորոշելու անկարողության, իրավիճակի լրջությունը եւ վտանգի սպառնալից չափերն ամբողջությամբ չգիտակցելու մասին: Նման վարքագծի, իրարամերժ հայտարարությունների, պարետատան որոշումների եւ ԱԺ օրենքների ընդունման եւ դրանց կիրարկման ձախողման հետեւանքով է նաեւ, որ համավարակը Հայաստանում վերաճեց համաճարակի՝ սպառնալիք դառնալով հանրային առողջության, կրթության եւ պետական հաստատությունների կենսագործունեության համար:  
Մարտի 16-ին հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելով, այն երկու անգամ երկարաձգելով, ԱԺ-ում պարտադրաբար «տեղորոշման օրենքը» եւ համավարակի վերահսկելիության այլ օրենսդրական փոփոխություններն ընդունելով անգամ՝ համավարակի տարածման արագ ընթացքը Հայաստանում ոչ միայն չդանդաղեց, այլեւ կտրուկ աճեց: Այն դեպքում, երբ աշխարհում դանդաղ, բայց նվազման միտումներն առկա են նույնիսկ մարդկային մեծ կորուստներ եւ բարձր վարակվածություն ունեցող եվրոպական երկրներում: Մարտի՝ համեմատաբար վերահսկվող մեկ ամիսը, ՀՀ առողջապահական համակարգն ամրացնելու փոխարեն, ծախսվեց ներհասարակական լարվածությունն արհեստականորեն մեծացնելու վրա: 
Նման վարքագծի հետեւանքով է նաեւ վարակվել Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, որը թեպետ այսօր ամենապաշտպանված ընտանիքն է Հայաստանում, սակայն նրա անդամները զբաղված էին անձեռնոց եւ անդիմակ բուկլետներ բաժանելով, հարանքվեի քարոզարշավ իրականացնելով եւ կորոնավիրուսը ծաղրելով: 

Նման վարքագծի հետեւանքով են տեղական իշխանություններն անգործության մատնվել՝ իրավիճակը տեղերում վերահսկելու փոխարեն, իսկ Երեւանի քաղաքապետը՝ դարձել բացարձակ անմասն ու անհաղորդ մայրաքաղաքում համավարակի տարածվածության եւ սեփական պատասխանատվության հանդեպ: 

Անպատասխանատվության այս վարքագիծը եւ կորոնավիրուսի հանդեպ իշխանությունների ցուցաբերած արհամարհանքն անմիջական արձագանք գտան հանրության մոտ, որի մի մասը նախ սկսեց ցուցադրաբար անտեսել պարետատան որոշումները, ապա դավադրությունների տեսություն շրջանառել, «սաղ սուտ է»-ի դրոշը շարունակ թափահարել եւ վարակել ու վարակվել: Հանրության հենց այս մասն է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում «վարչապետ ջան, դուխով»-ի հանգույն լատինատառ գրառումներ անում, ապա ագրեսիվ հարձակվում այլոց վրա եւ անհեթեթ կարծիքներ տարածում «սաղ սուտ է»-ի հանգույն: Մարտնչող այս տգիտությունը դարձել է Հայաստանում համավարակի աղբյուրներից մեկը: Իրավիճակի պատասխանատվությունն ընկնում է ողջ «Քաղաքացիական պայմանագրի» եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա, որոնք այս երկու տարվա ընթացքում վախից ձերբազատված հանրության զգալի մասին վերածեցին ագրեսիվ եւ անպատասխանատու զանգվածի: Այս զանգվածն է այժմ ընդդիմանում համավարակի կանխարգելմանը, տարրական կանոնների պահպանմանը, շուկաների, տոնավաճառների փակմանը, տնտեսական գործունեության սահմանափակումներին, դիմակներ, ձեռնոցներ կրելու եւ հեռավորություն պահպանելու պարտադրանքին: 

Հետհեղափոխական երկու տարվա ընթացքում «ազատ եւ հպարտ քաղաքացին» դարձավ ագրեսիվ եւ անհանդուրժող, անպատասխանատու եւ օրինախախտ (թեպետ օրինապահությամբ երբեւէ չի էլ առանձնացել): Նիկոլի պոպուլիզմը խանգարեց դաստիարակելու, կրթելու Հայաստանի քաղաքացուն, իսկ կրթված քաղաքացիներն աստիճանաբար համալրեցին հիասթափվածների բանակը: 

Ուշագրավն այն է, որ բնակչության անպատասխանատու եւ օրինախախտ այս հատվածին մեկեն սկսեցին ջերմագին պաշտպանել Փաշինյանի ընդդիմադիր կուսակցություններն ու անհատ գործիչները, որոնց թե՛ համավարակի վտանգի աճն էր կարծես ձեռնտու, թե՛ հանրության այդ հատվածի՝ իշխանության որոշումներին եւ օրենքներին չենթարկվելու ագրեսիվ վարքագիծը: Այս եռյակն էլ՝ հանրությունը, իշխանությունը եւ ընդդիմությունը, դարձան Հայաստանում համաճարակի պատճառներն ու մեղավորները: 

Հայաստանում համավարակի տարածման, վարակակիրների եւ մահվան թվային աճող կորը ցավալիորեն վկայում է, որ հեղափոխական իշխանությունը, իրավիճակը կայուն եւ վերահսկելի պահելու փոխարեն, ճակատագրական ժամանակը վատնեց անօրակարգ քննարկումների եւ ներքին խժդժությունների վրա:

Հունիսի 2-ին եւ 3-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ամենաբարձր ցուցանիշը՝ համապատասխանաբար 517 եւ 515 վարակակիրներ, 19 եւ 12 մահ: Հունիսի 3-ի դրությամբ Հայաստանում վարակակիրների թիվը 10524 է, որից ապաքինվածները՝ 3454, մահվան դեպքերը՝ 170: Կատարվել է 61650 թեստավորում: Ստացվում է այնպես, որ Հայաստանում բնակչության համընդհանուր թեստավորման դեպքում 6-ից մեկը վարակակիր կարող է լինել կամ արդեն վարակակիր է: Այս վիճակագրության ետեւում ոչ միայն մարդկային կյանքեր են, անզորություն, տագնապ, այլեւ կառավարման ապաշնորհություն, վտանգի հանրային ընկալման ընդարմացում: 

Ըստ www.worldometers.info կայքի տվյալների՝ Հայաստանը համավարակի ցանկում ընդգրկված 215 երկրների մեջ 55-րդն է բացարձակ թվով, իսկ 1 մլն բնակչության հաշվով՝ 29-րդը: 
Իրավիճակը, անշուշտ, բարդ է ողջ աշխարհում: Ըստ նույն կայքի՝ հունիսի 3-ի դրությամբ աշխարհում վարակվածների թիվը 6 մլն 468863 է, որից ապաքինվածներինը՝ 3 մլն 79278, մահացածների թիվը՝ 382809: Այս տվյալներն անվերջ փոփոխվում են: Համավարակի այս ողջ ընթացքն ավելիով ցույց տվեց, որ պետությունները ստիպված են եղել ինքնուրույն հաղթահարել ամենաբարդ ընթացքը՝ բարձրանալով համավարակի տատասկոտ ճանապարհով եւ վարակի գագաթնակետից ինքնուրույն ներքեւ իջնելով: 

Համավարակը լրջագույն փորձություն է աշխարհի համար, իսկ Հայաստանի համար այն արդեն փորձանք է դառնում: 

Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կառավարման ճարակով անցած Հայաստանն այժմ հայտնվել է կորոնավիրուսի համաճարակում եւ հանրության, ընդդիմության, իշխանության համընդհանուր անպատասխանատվության սարդոստայնում: