Բամբակե պատեր

Բամբակե պատեր

Վահրամ Մարտիրոսյանը նոր վեպ է գրել՝ «Բամբակե պատեր» վերնագրով։ Այն շուտով կհայտնվի գրախանութներում։ Վեպը բրեժնեւյան շրջանի խորհրդահայ իրականության մասին է եւ ամբողջական պատկերացում է տալիս այդ ժամանակաշրջանի կենցաղի, սովորույթների, տարածված առասպելների, բանահյուսության, հագուստի, գաստրոնոմիական նախասիրությունների, փնտրված գրքերի ու երաժշտության, ժամանցի կազմակերպման, արտիստական սրճարանների, մարդկանց փոխհարաբերությունների, նրանց վախերի ու երազանքների եւ բազմաթիվ այլ բաների մասին։ Շարժուն զարգացումներով, առատ հումորով, արկածային սյուժեով (վեպում հղումներ կան Դյումայի «Երեք հրացանակիրներին», որ խորհրդային ընթերցողի սիրած վեպերից էր)՝ «Բամբակե պատերը» ընթերցանության համար հետաքրքրաշարժ նյութ լինելուց բացի, նաեւ կարեւոր փաստաթուղթ է տվյալ ժամանակի մասին։ Սա, կարելի է ասել, այն խոստովանական ցուցմունքն է, որ վեպի հերոսից չկարողացավ կորզել КГБ-ի աշխատակիցը։ Հավանաբար՝ նաեւ հեղինակից։ Վիքիպեդիայում Վահրամ Մարտիրոսյանի մասին հոդվածում կարդում ենք․ «Ուսանողական տարիներին, 1978 թվականին կազմակերպել է ուշ բրեժնեւյան ժամանակների հազվադեպ ցույցերից մեկը՝ ի պաշտպանություն բեյրության հայ համայնքի, որը հարձակումների ենթարկվեց Լիբանանում ծայր առած քաղաքացիական երկպառակության ընթացքում։ Հաջորդ տարի փորձել է բողոքի գործողություններ կազմակերպել ազգային բուհերում մասնագիտական առարկաները ռուսերեն դասավանդելու խորհրդային ղեկավարության գաղտնի որոշման դեմ, որոնք կանխվել են КГБ-ի կողմից»։ Ահա, այս երկու իրադարձությունն են վեպի առանցքը։ 

Այն, որ վեպն ինքնակենսագրական է եւ գրված է իրական իրադարձությունների հիման վրա, ակնառու է ընթերցանության ժամանակ, թեպետ հեղինակը ինքն իրենից հեռանալու, միգուցե նաեւ հումքն ավելի անկաշկանդ մշակելու համար ուրիշ անուն է տվել ոչ միայն գլխավոր հերոսին, այլեւ մյուս կերպարներին։ Չնայած դրան՝ կերպարները հեշտ ճանաչելի են։ Հեղինակը չի խաբում ընթերցողին, նա պարզապես չի ցանկանում կարեւորել արարքի հեղինակային իրավունքը, չէ՞ որ, ինչպես հերոսն է սարկազմով կրկնում հաճախակի, «իրենց փոխարեն նույնը կաներ յուրաքանչյուր սովետական քաղաքացի»։ 

Վեպին յուրօրինակություն հաղորդողն այն չէ, որ հեղինակը պատմում է իր հետ կատարվածը կամ, ավելի ճիշտ, իր կատարածը (ի վերջո, գրական երկերի մեծ մասը հեղինակի փորձն են ներկայացնում), այլ այն, որ նկարագրում է յոթանասունականների վերջին ուսանողական խաղաղ կյանքը ցնցած այդ իրադարձությունները՝ լինելով դրանց կազմակերպիչը։ Այսպիսով վեպը քայլում է վավերագրության ու գեղարվեստական գրականության սահմանագծով։ Սակայն երբեմն հեղինակի սահմանած հեռավորությունն իր հերոսից կարճվում է, գեղարվեստական տեսանկյունից ոչ այնքան կարեւոր մանրամասները հեղինակն ափսոսում է դեն նետել՝ ասես վախենալով խեղաթյուրել պատմությունը։ Հնագետի բծախնդրությամբ նա ազատում է հողից ու փոշուց անցյալը, արտեֆակտները տեսակավորում ու դասավորում։ Այս առումով «Բամբակե պատերը» հիշեցնում է հեղինակի մեկ այլ վեպ՝ «Հանուն խաչի ծպտածները», որում նույն բծախնդրությամբ հետազոտել ու ուսումնասիրել էր Կիլիկիայի պատմության մի դրվագ։ Միայն թե հիմա դա սեփական փորձառությունն է ու կյանքը՝ ներկայացված հստակ գաղափարական դիրքերից։ Հեղինակի եւ հերոսի միջեւ կատարյալ համաձայնություն ու ներդաշնակություն է։ Հեղինակը հերոսի գաղափարակիցն է։

Ո՞րն է այս վեպի հրատապությունը։ Արդյո՞ք Խորհրդային Միության զավեշտների ու սարսափների մասին գրելն այսօր, երբ այդ պետությունն արդեն վաղուց չկա, չի նմանվում հողմաղացների դեմ պայքարի։ Մյուս կողմից՝ հետգաղութատիրական դարաշրջանում, երբ գաղութացման միջոցներն առավել նուրբ են ու աննկատ, ինքնության խնդիրները, որոնց շուրջ հյուսվում է վեպի հիմնական կոնֆլիկտը, շարունակում են մնալ հրատապ։ Հետխորհրդային պետություններում շարունակում են հրատապ մնալ նաեւ մարդու իրավունքների ու ազատությունների հետ կապված հարցերը։ Վեպը միաժամանակ կարեւոր փաստաթուղթ է Խորհրդային Հայաստանում դիմադրական շարժումների ու այլախոհության մասին։ Ի դեպ, Խորհրդային Միությունում այլախոհություն եղել է միայն մերձբալթյան երեք հանրապետություններում, Ուկրաինայում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Հայաստանում։ Գուցե վեպը կօգնի մտորել, փնտրել եւ գտնել այդ ուշագրավ փաստի բացատրությունը։ 

«Բամբակե պատերը» որքան էլ մեզ ժամանակագրորեն մոտ, այնուամենայնիվ, պատմությանն է անդրադառնում եւ պատմավեպ է։ Եթե չեմ սխալվում, անկախության շրջանում առաջին պատմավեպն է, որի նյութը Խորհրդային Միությունն է։ Աշխարհից երկաթյա վարագույրով մեկուսացած այդ պետությունը հոգեբուժարանի բամբակե պատերով հիվանդասենյակն է, որտեղ ամեն ինչ արված է, թվում է, մարդուն ապահովության զգացում ներշնչելու համար, սակայն նրա ձեռքերը կապված են զսպաշապիկով, եւ նա իր մաշկի վրա է զգում պետության հսկող եւ պատժող ուժի ողջ թափը։ Անդրադարձն այս թեմային հոգեթերապեւտիկ նշանակություն ունի՝ գնալ հետ եւ վերապրել մի անգամ կիսատ-պռատ ապրածը՝ նրանից ընդմիշտ ազատվելու համար։ «Բամբակե պատերը» կարծես այն անհրաժեշտ սիմվոլիկ քայլն էր, որով Խորհրդային Միությունը վերջնականապես դառնում է պատմություն ու անցյալ։

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ