Էլ ի՞նչ լինի, որ այդ մարդը գիտակցի` սա իմ ոլորտը չէ, թողնեմ` հեռանամ

Էլ ի՞նչ լինի, որ այդ մարդը գիտակցի` սա իմ ոլորտը չէ, թողնեմ` հեռանամ

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆանատները ներողություն են խնդրել հայ ֆուտբոլասերներից` Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղի ժամանակ վրացի երկրպագուների սադրիչ պահվածքի համար․ գրում է «Հայկական առաջին ճակատ»` ՖԱՖ շարժման համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանը:

«Վրաստանի հավաքականի ֆան շարժումը` «Կոմագեբին», ներողություն է խնդրել մեզնից իրենց մի քանի տասնյակ երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար, սոլիդարություն հայտնել մեր պայքարում։ Ինչպես նշել եմ մի քանի անգամ, ֆուտբոլի միջոցով ոչ մի դեպքում մեր 2 երկրների ժողովուրդների մեջ չպետք է թշնամանք ու բացասական տրամադրվածություն առաջանա, մեր թշնամիները մեզ հերիք են։ Իսկ նշածս քայլը, կարծում եմ, կնպաստի, որ մեր երկրների ֆան ակումբները ավելի մտերմանան»,- նշել է Ջանջոյանը՝ հավելելով, որ վրացի երկրպագուների սադրիչ գործողությունների մասին կխոսի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին` զիջելով նրանց 6:1 հաշվով: Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուների մի խումբ մտել էին խաղադաշտ`վազել դեպի հայ երկրպագուների սեկցիա ու պլաստիկե եւ մետաղական տարաներ նետել նրանց ուղղությամբ: ՀՀ հավաքականի խայտառակ պարտությունից հետո ֆուտբոլի հայ երկրպագուները կրկին վանկարել են «Մելիքբեկյան, հեռացիր», սակայն պարզ է, որ Մելիքբեկյանը հեռանալու միտք չունի, նա պարզապես ներողություն է խնդրել ու վերջ:

Թեմայի մասին «Հրապարակ» զրուցել է (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ) ֆան-ակումբի վարչության անդամ Վահե Գասպարյանի հետ:

- Երեկ տեղի ունեցած խայտառակ պարտությունից, հայ և վրացի երկրպագուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ի՞նչ տպավորություններով վերադարձաք Երևան: Ի վերջո` այս իրար հաջորդող ֆուտբոլային ձախողումների մեղավորն ո՞վ է: Ոմանք ասում են` մարզիչն է թերացել, ոմանք պնդում են, թե Արմեն Մելիքբեկյանը պետք է հրաժարական ներկայացնի:

- Մելիքբեկյանի դեմ այս շարժումը ոչ թե խաղի արդյունքում է ձևավորվել, ինչպես փորձում են մանիպուլացնել, այլև համակարգային խնդիրների լուծման պատճառով: Նախորդ տարվա վերջից է այս շարժումը սկսվել, այն վերհանում է այն բոլոր խնդիրները, որոնք թե ակադեմիական առումով են արդիական և թե մենեջմենթի առումով: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան մի շարք ծրագրեր է խոստացել, որոնք այդպես էլ կյանքի չի կոչել: Հայկական ֆուտբոլը տապալում են: Այն, ինչ տեսնում եք, այսբերգի միայն գագաթն է: Իհարկե, հավաքականն ամեն ինչից վեր է և այլ թեմա է, բայց հավաքականի խաղը վառ ապացույցն է, թե ինչ է կատարվում այժմ հայկական ֆուտբոլում: Արդեն վեց տարի է, ինչ Արմեն Մելիքբեկյանը ֆեդերացիայի ղեկին է, սակայն իր ծրագրերից ոչ մեկը չի իրականացրել: Հայկական ֆուտբոլի այս ողբերգական վիճակի պատասխանատուն ֆեդերացիայի ղեկավարությունն է: Բարդ է լրիվ խնդիրների մասին միանգամից խոսելը, որովհետև դրանք բազմաշերտ են, մենք հաղորդումների շարք ենք սկսել: Տարբեր մեթոդներով փորձում ենք պայքարել այս ամենի դեմ` օրենքի սահմաններում իհարկե: Պետք է հասկանալ անդունդը ճեղքելով դեռ մինչև ո՞ւր ենք իջնելու:

- Օրինակ` հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն ասում է` ի՞նչ անի Արմեն Մելիքբեկյանը: Եկեք Հովհաննիսյանի և նրա նմանների համար բացատրենք ՀՖՖ նախագահի անելիքները:

- Այնքան գործառույթ ունի ՀՖՖ-ն: Ֆեդերացիայի վրա դրված է երկրի ֆուտբոլի կազմակերպումը: Լիքը գումարներ են «ՈՒԵՖԱ»-ից և «ՖԻՖԱ»-ից հատկացնում տարբեր ծրագրերի, օրինակ` մարզադաշտեր կառուցելու, ակադեմիաներ ստեղծելու համար և այլն: Նույն հարևան Վրաստանի օրինակը բերեմ: Ի՞նչ է անում Վրաստանը, ստեղծել է ակադեմիական համակարգ` Դինամո Թբիլիսիի բազայի վրա և այդ ամենի պտուղներն այսօր մարդիկ քաղում են: Համակարգի գործառույթը երևում է ժամանակի ընթացքում: Այնպես չէ, որ Արմեն Մելիքբեկյանը մեկ տարի առաջ է եկել և մենք անմիջապես նրանից արդյունքներ ենք պահանջում, չէ, այս մարդը վեց տարի է ՀՖՖ նախագահ է: Ահռելի գումարներ են վատնում, բայց ոչ մի արդյունք: Իսպանական մոդելի ֆուտբոլն են Հայաստան բերում, 100 հազարավոր դոլարներ են վատնում, բայց այդ ամենի արդյունքը ո՞րն է: Մենք չունենք անգամ ազգային մարզադաշտ: Այն մարզդաշատը, որտեղ տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան խաղը ունի 55 հազար տեղ, Հայաստանի Հանրապետական ստադիոնը ընդամենը 14 հազար տեղ ունի: Տեսեք ինչ ահռելի տարբերություն կա: Տարիներով խոսվեց հրաշալի «Հրազդան» ստադիոնի մասին, նշեցին, որ այն շահագործել հնարավոր չէ, որ «ՈՒԵՖԱ»-ի պահանջներին չի համապատասխանում և այլն, խոսվեց նոր ստադիոն կառուցելու մասին, բայց հիմա վեց տարի անց մարդիկ հետ են եկել այն մտքին, որ պետք է վերակառուցեն «Հրազդան» ստադիոնը, քանի որ չկարողացան նոր ստադիոն կառուցել: Լավ, այս ամենի համար ո՞վ է պատասխան տալու: Չի կարելի ամեն անգամ վերացական մտքեր ասել, հետո թաքնվել խաղացողների հետևում:

- Ի դեպ, Արմեն Մելիքբեկյանը` ՈՒԵՖԱ գործկոմի անդամի թեկնածու է: Գուցե փորձում է այս քայլով ապահովագրե՞լ իրեն, հրաժարական տալու փոխարեն:

- Այս հարցը մի փոքր բարդ է: Եթե ամեն ինչ սիտուացիայից անդին վերցնենք, ապա խոսքը բավականին լուրջ ու ներկայանալի աշխատանքի մասին է, եթե ՀՖՖ նախագահը դառնա ՈՒԵՖԱ գործկոմի անդամ, դա կարող է դրական իմաստով ահռելի ազդեցություն թողնել հայկական ֆուտբոլի վրա: Այս պահին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ՈՒԵՖԱ գործկոմի անդամ է, արդյունքում` վրացական ֆուտբոլը ծաղկում է: Այստեղ հարցն այն է` արդյոք Մելիքբեկյանը ներկայանալի՞ է: Ընտրությունը կատարելու են տարբեր ֆեդերացիաներ, այդտեղ մրցակությունը բավականին թեժ է լինելու: Օգտակար, լավ գործիք կարող է այն լինել, եթե ճիշտ մարդու ձեռքում հայտնվի:

- Այսինքն` հավանականություն չկա՞, որ նա կլքի ՀՖՖ նախագահի աթոռը:

- Չգիտեմ էլ ինչ կարող է լինել, որ այդ մարդու գիտակցության մեջ նստի այն հանգամանքը, որ գուցե սա իմ ոլորտը չէ, թողնեմ հեռանամ: Թե ակումբների, թե երկրպագուների, թե լրագրողների, թե հավաքականի հետ նա ունի խնդիրներ: Ամեն ինչ տապալել է: Գոնե ստաբիլություն չկա, միայն` հետընթաց: Այդքանից հետո ի՞նչ հույսով կարելի է չհեռանալ: