«Պատերի տակ վնգստացող» դատավորների անունները հայտնի են․նրանք շարունակում են պաշտոնավարել (տեսանյութ)

«Պատերի տակ վնգստացող» դատավորների անունները հայտնի են․նրանք շարունակում են պաշտոնավարել (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում Բարձրագույն դատական խորհրդի անդամների եւ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորների միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ դատավոր Զարուհի Նախշքարյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նախկինում դատավորները «պատերի տակ վնգստալով տերեր են ման եկել»։

Հավաքի ավարտից հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ չեն արձագանքում նման հայտարարությանը, եւ արդյոք ինքը որպես դատավոր վիրավորվե՞լ է այդ խոսքերից, ինչին ի պատասխան ասաց․ «Ոչ, ես չեմ վիրավորվել, քանի որ գտել եմ, որ դա ինձ չի վերաբերվում։ Այդ բառակապակցությունը թիրախ ուներ, մենք գիտենք ում էր հասցեագրված, հանրությունն էլ գիտի։ Վարչապետն իր հարցազրույցի ժամանակ նույնպես նշեց, որ դա կոնկրետ անձանց էր վերաբերում, որոնք հայտնի են հանրությանը»։

Մեր հարցին, թե կոնկրետ անուն կասե՞ք, մեզ, օրինակ, հայտնի չէ այդպիսի մի դատավորի անուն, արձագանքեց․ «Չեմ ասի»։

Այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ հանրությանը հայտնի անձինք են, ասաց՝ ես անուն չեմ տալիս։
Մեր մյուս հարցին, թե պաշտոնավարո՞ւմ են նրանք եւ նորմա՞լ է, որ այդպիսի անձինք շարունակում են մնալ, ասաց, որ պաշտոնավարում են, երկրորդ մասի վերաբերյալ էլ նշեց՝ այդ հարցի հասցեատերն ինքը չէ։