Որոշել եք հաջորդ անգամ առանց պատերա՞զմ հանձնվեք

Որոշել եք հաջորդ անգամ առանց պատերա՞զմ հանձնվեք

Հն, ժողովուրդ, ո՞նց եք, ձեզ ինքնիշխան պետության հպարտ քաղաքացի համարու՞մ եք: Սև լճի տեղը քարտեզի վրա նայել ե՞ք։ Բան չունե՞ք երկրի քաղաքական իշխանությանը ասելու:

Դե որ չունեք, մի պատմություն պատմեմ. երբ Շուշին ու Հադրութը տալիս էին, դուք լռում էիք, իսկ հադրութցի տղերքը խելագարվում, չէին քնում, չէին ուտում ու մոլորված հայացքով օգնություն էին մուրում, իսկ դուք 25-30 հազար փրկված զինվորներից էիք խոսում, թե՝ լավ հող է, ի՞նչ կա որ: Մի լավ ընտանիք կա Հադրութից, մեծ տուն-տեղ, ապրուստ է թողել, վերջին օրով մի կերպ փախել, ծնողները չեն ցանակցել լքել Հադրութը, երիտասարդ տղան, խաբելով ու ստիպելով, առանց շոր ու իր, մի կերպ մեքենան է նստեցրել՝ ասելով, թե մի երկու օրով են գնում, հենց հետ քաշվեն, վերադառնալու ենք:

Հիմա 7 ամիս է անցել, պարզ է, որ չեն վերադառնալու, հույս-հավատ կորցրել են, տղան էլ մենակ ադրբեջանցիների դրած լայվերն է նայում, որ գոնե մի ակնթարթ իր տունն ու այգին տեսնի: Մի քանի ամիս լայվեր նայելուց հետո, նկատել է, որ մի ադրբեջանցի կա, անըդհատ իր տան կողքերից լայվ է մտնում, վերցրել է, գրել, թե՝ եթե դժվար չի, մտի տան մեջ նկարի տեսնեմ ինչ վիճակ է:

Ի զարմանս իրեն, այս ադրբեջանցին համաձայնվել է ու տան մեջից նկարներ ուղարկել: Ասում է՝ «մենակ տեսնես ինչ են արել, տան կեսը վառել են, ինչ ապրանք կա, ջարդել ոչնչացրել, ինչ տանելու ենթակա է՝ տարել, իսկ մնացածն էլ հատակին գցել, խոզանոց սարքել, իմ նկարներից սկսած՝ դպրոցական տետրերով վերջացրած»:

Բայց դա դեռ ամենը չէ, ասում է՝ էս ադրբեջանցին պատմել է, թե մենք հոկտեմբերի 6-ին մտել ենք քաղաք, մանրամասն նկարագրել, թե խանութում ով է աշխատել, քանի մարդ է փողոցում եղել, ասում է՝ չենք գրավել էդ օրը, որ հասցնեք փախնեք, շատ չկոտորվեք, խղճացել են, մի խոսքով: Հետո՝ բա դուք շատ թույլ եք, դուք ոչ բանակ ունեք, ոչ իշխանություն, ձեզ շատ հեշտ էր հաղթելը, ասել է՝ մենք զարմացած մնացինք, դուք այդ ինչպե՞ս 44 օր հավատացիք իշխանության ստերին, ամբողջ աշխարհին պարզ էր, մենակ դուք չէիք տեսնում: Վերջում էլ՝ թե շա՞տ անհետ կորած ունեք, մեզ ով դիմադրում էր, սպանում թաղում էինք, անգամ չենք հիշում՝ որտեղ ինչքան դիակ կա, հանենք տանք թաղեք:

Ասել է ամենահետաքրքիրը, որ 7 ամիս է անցել՝ մի բան չեք սարքել, հույսներդ ինչի՞ վրա եք դրել, որ էլ չե՞նք հարձակվելու, թե՞ որոշել եք հաջորդ անգամ առանց պատերազմ հանձնվեք:

Այսքանը լսելուց հետո, սարսափած մտածում եմ, իսկապես հույսներս ինչի՞ վրա է, որ Ալիևը պատվի մարդ է, էլ չի՞ հարձակվի, որ էլ Արցախ չկա, էլ բանակ չի լինի, ձեր տղաները չե՞ն ծառայի։ Մտածում եք՝ պրծա՞վ, էլ բան չի՞ ուզում, ինչ ուզել ,է տվե՞լ ենք։ Իսկ Սյունիքն իրե՞նցն է, թե՞ ոչ: