Փնտրվում է պետական մտածողություն

Փնտրվում է պետական մտածողություն

Օրերս ֆեյսբուքը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ դրանում հարցադրում էի արել, թե երբ է Աստված մեր ժողովրդի գոնե ղեկավարներին օժտելու պետական մտածողությամբ: Գոնե ղեկավարներին, քանի որ ողջ ժողովրդի առումով նման հարցադրումն իրատեսական չէր լինի: Չնայած եթե ժողովուրդն այն չունենա, ապա նրա միջից առաջ եկած ղեկավարը որտեղի՞ց պիտի գտնի այն: Ու հայտնվեցի կախարդական շրջանում: Դե, իսկ առանց պետական մտածողության պետություն կայացնել և զարգացնել հնարավոր չէ: Պետական մտածողության հիմնական հատկանիշն էլ պետական շահ ձևավորելու, այն ամեն ինչից վեր դասելու և կյանքի կոչելու կարողությունն է: Ի դեպ, ասվածը չշփոթել 2000-ականնների սկզբի գերակա հանրային շահի անվան տակ ձևավորված բիզնես ծրագրի հետ:

Ի գիտություն՝ Իսրայել պետությունը նախագծվեց զրոյից ու կազմավորման ժամանակից (1948 թ.) աչքի ընկավ պետական մտածողության առկայությամբ՝ վարչապետից մինչև ամենացածր պաշտոնյան և հրեական բնակչության ամենալայն խավերը: Իսկ նոր ժամանակներին համապատասխան պետական մտածողության սաղմերը դրվել էին ընդամենը կես դար առաջ կիբուցիների (գյուղատնտեսական ուղղվածության ինքնակազմակերպված ավաների) ձևավորմամբ: Մինչ այդ էլ համարյա երկու հազար տարի այդ մտածողության հիմնական տարրերը պահպանվել էին տարբեր երկրներում գոյություն ունեցող հրեական համայնքների կենսագործունեության մեջ: 

Իսկ հայ ժողովուրդը, որպես հավաքականություն, զրկվել է պետական մտածողությունից, քանի որ շուրջ իննհարյուր տարի առաջ մեր տարածքում հայերը կորցրին վերջին՝ Բագրատունիների թագավորությունը: Եվ եթե դրանից առաջ, ժամանակ առ ժամանակ թշնամիների կողմից բնաջնջվում էր իշխանական և ազատական դասը, ապա Անիի անկումից (1045 թ.) հետո այդ գործընթացը ստացավ իր տրամաբանական ավարտը: Օտարի տիրապետության տակ թագավորական տան և իշխանական դասի վերացմամբ, բնականաբար, պետք է վերանար նաև պետական մտածողությունը, քանի որ դրա կրողներն էին ֆիզիկապես բնաջնջվում: Ինչ մնում է Կիլիկիայի հայկական թագավորությանը, նախ, այն կարճատև ընթացք ունեցավ, և ապա, հայության բնակության հիմնական տարածքից դուրս էր և այստեղի բնակչության մտածողության վրա դրական լուրջ ազդեցություն թողնել չէր կարող: Այսպիսով, օտարի դաժան տիրապետության պայմաններում հայոց հավաքականության մեջ ձևավորվելու էր զուտ կենցաղային մտածողություն՝ հիմնված սեփական անձի և ընտանիքի պահպանության բնազդի վրա:

Որոշակի ինքնության պահպանման պայմաններում պետական մտածողության քիչ թե շատ հատկանիշներ պահպանվել էին Խամսայի (Արցախի) մելիքություններում: Դրանով է պայմանավորված 1722-1730 (1731) թվականների Արցախ-Սյունիքյան ազատագրական պայքարը: Սակայն այն ավարտվեց անհաջողությամբ՝ ավելի քան 100 տարով կասեցնելով հայության շրջանում պետական մտածողության լայնամասշտաբ ձևավորումը: Արդեն 19-րդ դարի կեսերից Արևմտյան Հայաստանի առանձին երկրամասերի ինքնապաշտպանական, մի կողմից, և մյուս կողմից՝ լուսավորչական (նաև Հայաստանի ռուսահպատակ մասում) շարժումները հայկական շրջանակներում գեներացրին հայրենասիրական զգացումներ, իսկ առանձին հայերի մեջ՝ նաև պետական մտածողություն: Դրա շնորհիվ մենք ունեցանք Հայաստանի առաջին հանրապետությունը, որն էլ հետո վերածվեց երկրորդի ու նաև երրորդի: Երրորդի ծնունդը պայմանավորվեց հայրենասիրական պոռթկումով: Եվ կրկին, ինչպես առաջին հանրապետության ժամանակ, առաձին մարդիկ առանձնացան պետական մտածողության առկայությամբ: Սակայն վերջինս չդարձավ նորմ և չկարողացավ ձևավորվել որպես ավանդույթ:

2018 թվականի ապրիլյան՝ Սերժին մերժելու շարժումը և դրան հետևած իշխանափոխությունը մեկ անգամ ևս վկայեց պետական մտածողության բացակայությունը: Սակայն 2020 թվականի պատերազմը և հատկապես ս. թ. հունիսի 20-ի ընտրությունը բացահայտեցին մեկ այլ իրողություն՝ Հայաստանում առկա է շուրջ 350 հազար հայ, որ դրա կրողն է կամ կարող է լինել կրողը: Ինչը պատկառելի թիվ է՝ հաշվի առնելով մեր ժողովրդի պատմական ընթացքը: Իհարկե, այդ զանգվածն իշխանության հենարանը չէ, ինչը թույլ կտար արագացնել պետական մտածողության ձևավորման գործընթացը: Սակայն բավարար է, որպեսզի ճշգրիտ աշխատանքի շնորհիվ ձևավորվի իշխանափոխության պահանջ և այն կյանքի կոչվի: