«Երկնքից կիջեցնեն» Բաքվին, որը Ղարաբաղը նվաճելուց «կորցրել է գլուխը»

Ռուսական «Նեզիգար» Telegram ալիքի փոխանցմամբ, ՌԴ Անվտանգության խորհուրդը՝ այլ գերատեսչությունների մասնակցությամբ, դիտարկում է պատասխան քայլեր կիրառելու տարբերակները` ի պատասխան «Բաքվի կողմից ագրեսիվ էսկալացիայի, որը հակասում է երկրների միջեւ կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի, այդ թվում՝ 2022 թ. դաշնակցային փոխգործակցության մասին պայմանագրի ոգուն եւ տառին»։ Ըստ հեղինակի, այն, թե ինչպես է Ռուսաստանը վարվում Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռի ողբերգության համատեքստում, լիովին համապատասխանում է կնքված պայմանագրերի ոգուն եւ տառին։
«Նեզիգար»-ի զրուցակիցներից մեկը նշել է, որ Ադրբեջանը «գլխապտույտ է զգում Ղարաբաղը ձեռք բերելուց» եւ մոռացել է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի մասին, ինչը կարող է թանկ արժենալ Ադրբեջանի վրա։ Այնուհետեւ աղբյուրը թվարկում է հնարավոր միջոցները. «Ադրբեջանցի աշխատանքային միգրանտների` Ռուսաստանից իրենց հայրենիք տրանսֆերտները (տարեկան միջինը ավելի քան 1 մլրդ դոլար) կազմում են Ադրբեջանի բյուջեի տարեկան եկամտի մոտավորապես 7%-ը։ Դրանց արգելափակումն անմիջապես կազդի դրա դեֆիցիտի եւ պետական ծախսերի վրա: Ադրբեջանական մատակարարումները Ռուսաստան հիմնականում բաղկացած են բանջարեղենից եւ մրգերից, որոնք հաճախ վերաարտահանվում են Թուրքիայից։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարում է հացահատիկ, կաթնամթերք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, ունի նաեւ մի շարք համատեղ ձեռնարկություններ (1400 ձեռնարկություն ռուսական կապիտալով, ընդհանուր ներդրումները կազմում են մոտ 8 մլրդ դոլար)՝ հիմնված տեղայնացված ռուսական տեխնոլոգիաների վրա։ Առեւտրաշրջանառության դրական հաշվեկշիռը 2024-ին հօգուտ ՌԴ-ի կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ Ադրբեջանում սննդամթերքի ընդհանուր գնումների 30%-ը գալիս է ՌԴ-ից։ Այսինքն՝ Ռուսաստանը մի քանի ամսվա ընթացքում կարող է Ադրբեջանին հասցնել տնտեսական կործանման եզրին՝ գործնականում առանց իր համար ցավոտ հետեւանքների»։
Բացի այդ, աղբյուրն ակնարկում է «Բաքվի ծովային նավահանգիստը «Հյուսիս-Հարավ»-ից բացառելու» եւ երթուղու ռուսական հատվածի՝ իրանական նավահանգիստների հետ ուղիղ կապի մասին։ Հնարավոր է նաեւ, որ Նովոռոսիյսկ տարանցիկ նավահանգստով ադրբեջանական նավթի մատակարարումները Եվրոպա արգելափակվեն, ինչը կհանգեցնի Բաքվի եկամուտների կտրուկ նվազմանը։ Այս երթուղու այլընտրանքներ չկան։
Բացի այդ, ՏԳ ալիքի զրուցակիցն ընդգծել է. «Ռուսաստանը կարող է վերանայել իր քաղաքականությունը, այսպես կոչված, «լեզգիների խնդրի» առնչությամբ»: Խոսքը գրեթե 100 հազար լեզգիների մասին է, որոնք ապրում են Ադրբեջանի հյուսիսում՝ իրենց ազգակից Դաղստանին սահմանակից։ ԽՍՀՄ ժամանակներից (1965թ.) ադրբեջանցի լեզգիները պահանջում էին վերամիավորվել Ռուսաստանի լեզգիների հետ։ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծվեց «Սադվալ» շարժումը, որը դեմ էր լեզգիների բռնի ձուլմանը եւ նրանց բնակեցրած տարածքները Դաղստանին փոխանցելուն»։ Սակայն այդ պահանջները մերժվել են ՌԴ աջակցությամբ, իսկ շարժումը «կորցրել է իր արմատականությունը», սակայն «վերամիավորման գաղափարը» շարունակում է ակտուալ լինել։ Այսպիսով, «Կրեմլը կարող է աջակցել նրանց նախաձեռնություններին»։
Բաքվի եւ Մոսկվայի փոխհարաբերությունների լարումն այլ դրսեւորումներ էլ ունի. Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսական տան փակվելու սկանդալային որոշումից հետո արգելել է ՌԴ իշխող կուսակցության պատգամավոր Նիկոլայ Վալուեւի մուտքը երկիր․ նրան մեղադրում են Ադրբեջանի ժողովրդի հասցեին անթույլատրելի եւ վիրավորական արտահայտություններ անելու համար: Չնայած պատգամավորը հերքում է մեղադրանքները: Ի դեպ, սա առաջին նման դեպքը չէ. նախկինում եւս Ադրբեջանը «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել ՌԴ իշխող կուսակցության պատգամավորներին։ Օրինակ, Կոնստանտին Զատուլինին, որը «դատապարտել էր Ադրբեջանի ներխուժումն Արցախ»:
Այժմ հարեւան երկրում հակառուսական դիսկուրսի նոր ալիք է ծավալվել` անցել են ավելի կտրուկ միջոցների, մասնավորաբար՝ Ռուսաստանին ծառայող «հինգերորդ շարասյան» բացահայտմանը, եւ բացահայտել են Մոսկվայի շահերը ներկայացնող խումբ` կառույց, որն իբր ղեկավարել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիեւը։ Կազմում են նաեւ նախկին նախարարներ Աբուլֆազ Գարաեւը, Ազադ Ռահիմովը եւ Էլմար Մամեդյարովը։ Խմբի նիստերին ժամանակ առ ժամանակ ներկա է եղել Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մախմուդովը։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիեւը պատասխանել են այս մեղադրանքներին: «Ինձ մեղադրել Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ՝ ուղղակի ծիծաղելի է։ Էլմար Մամեդյարովը 5 տարի ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, եւ, ըստ ամենայնի, դրա համար են փորձում ինձ այսկերպ հիշեցնել նրա մասին։ Այս մեղադրանքները լիովին անհիմն են։ Ինձ Մոսկվայի հետ կապելու ոչ մի համոզիչ պատճառներ կամ հիմքեր չկան։ Սովորել եմ Ուկրաինայում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում։ Սա նշանակում է, որ ես հիմա պետք է բոլոր այս երկրների գործակա՞լ կոչվեմ»,- ասել է Մամեդյարովը։ Ռամիզ Մեհտիեւն էլ ասել է. «Ծիծաղելի լուրեր են տարածում. այս ամենը սուտ է եւ որեւէ հիմք չունի»։
Դատելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների «էսկալացիայից», այս ամենը կարող է փոփոխություններ առաջացնել ռուս-ադրբեջանական հարաբերություններում, եւ ալիեւյան բռնապետական ռեժիմը կարող է ճաքեր տալ:
Կարծիքներ