ԼԳԲՏ համայնքի իրավունքները համարվում են մարդու իրավունքների բաղկացուցիչ մասը

ԼԳԲՏ համայնքի իրավունքները համարվում են մարդու իրավունքների բաղկացուցիչ մասը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2020թ․ ապրիլի 30-ն իրականացրել է հայկական եւ ռուսական մի շարք ԶԼՄ-ների մոնիտորինգ, որը միտված էր բացահայտելու քարոզչության տարբեր մեթոդներով եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները: Դիտարկվել է 13 ԶԼՄ․ 5 հեռուստաընկերություն (Հ1, «Երկիր մեդիա», «Կենտրոն», «5-րդ ալիք», «РТР-Планета»), 3 թերթ («Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Իրավունք») եւ 5 առցանց լրատվամիջոց («1in.am», «24news.am», «Tert.am», «News.am», «Sputnik Արմենիա»): Լրատվամիջոցների ընտրության հարցում հաշվի են առնվել տարբեր քաղաքական կողմնորոշումները։ Այս տեքստը ԽԱՊԿ-ինն է, եւ այն բազում հարցեր առաջացրեց մեզ մոտ։ Նախ, ի՞նչ է նշանակում՝ «եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումներ», ապա՝ ո՞վ է այն պատվիրել, եւ ինչո՞ւ են շահագրգռված բացահայտել, ասենք, հենց եվրոպական արժեքները վարկաբեկող, այլ ոչ թե, ասենք, ռուսական, չինական, գուցե նաեւ՝ ղազախական։

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց․ «Էստեղ շահագրգռվածության հարցը չէ, այլ հետաքրքրության հարցն է։ Նախ, Չինաստանի հետ մենք էս տիպի համաձայնագիր չենք ստորագրել՝ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության լուրջ համաձայնագիր չկա ոչ մեկի հետ, եթե հաշվի չառնենք, ասենք, Ռուսաստանի հետ պայմանագիրը ստրատեգիական համագործակցության մասին։ Հիմնականում սրանով է հետաքրքրությունն առաջացել։ Մենք սա առաջին անգամ ենք անցկացնում, որովհետեւ, իսկապես, բավականին հետաքրքիր իրավիճակ է, մանավանդ, որ էս վերջերս շատ մեծ ճիգեր են գործադրվում՝ եվրոպական արժեքները նույնականացնել ԼԳԲՏ համայնքի հետ»։

- Իսկ ինչո՞ւ մոնիտորինգ չեք անում հայկական արժեքները վարկաբեկող հրապարակումների մասով՝ ԶԼՄ-ներում։

- Դա վատ գաղափար չէ, եւ կարելի է ինչ-որ ժամանակ նաեւ դա անել․ մեկը մյուսին չբացառող բաներ են։

- Իսկ որո՞նք են, Ձեր պատկերացմամբ, եվրոպական արժեքները։

- Էստեղ իմ պատկերացումը չէ, ձեւակերպված բաներ գոյություն ունեն․ դա ազատության, հավասարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներն են, որոնք եվրոպական կոնվենցիայում ձեւակերպված են։

- Օրինակ՝ այդ նույն ԼԳԲՏ համայնքի իրավունքներն ու դրանց պրոպագանդան, միասեռականությունը, տրանսգենդերությունը, որոնք մեր պատկերացրած ավանդական արժեքների հետ չեն համընկնում, եվրոպական արժեք համարո՞ւմ եք։

- ԼԳԲՏ համայնքի իրավունքները նույնպես համարվում են, որ մարդու իրավունքների բաղկացուցիչ մասն են։ Եվ քանի որ մեզանում բավականին շատ են մարդիկ, որոնք որ համարում են, օրինակ, որ տրանսգենդերին պետք է քարով խփել եւ սատկացնել, ապա կարծում եմ, որ մեզ մոտ, առհասարակ, լրիվ շեղում է գնում, եւ չեմ պատկերացնում, որ դա հայկական արժեքների բաղկացուցիչ մասն է։

- Մեզ մոտ քիչ չեն նաեւ այն մարդիկ, որոնք պրոպագանդում են միասեռականությունը, որ երկու տղամարդու միջեւ ամուսնությունը լավ բան է, սեռափոխությունը վատ չէ, նույնիսկ խրախուսում են սեռափոխվածներին, պարգեւների են արժանացնում, ֆիլմեր են նկարում նրանց մասին։

- Եթե էդպիսի հարցեր են առաջանում, Վահե ջան, դիմիր էդ տիպի մարդկանց, ինձ ինչո՞ւ ես դիմում։

- Ինձ Ձեր կարծիքն է հետաքրքիր՝ Ձեզ համար ո՞րն է ավելի կարեւոր արժեք, այն, որ պրոպագանդում են ավանդակա՞ն արժեքները, որ տղամարդը պետք է կնոջ հետ ամուսնանա, թե՞ հակառակը։

- Ոչ, ես համարում եմ, որ միասեռական ամուսնությունն անթույլատրելի է մեր իրականության մեջ, եւ դա չի էլ լինի։

- Դուք դիտարկման համար 13 ԶԼՄ եք վերցրել, որոնցում կա երեք տպագիր մամուլ։ Ինչո՞ւ եք առանձնացրել հենց այս երեք թերթերը։

- Ռեսուրսների սահմանափակ քանակով՝ ես պետք է երեք թերթ ընտրեի, ընտրեցի դրանք՝ տարբեր քաղաքական կողմնորոշումներով․ «Հայկական ժամանակը»՝ իշխանամետ, «Հրապարակը»՝ որպես ընդդիմադիր, «Իրավունքը»՝ որպես երբեմնի կուսակցական մամուլ։

- Քանի որ ռուսական լրատվամիջոց էլ էիք ներառել, հնարավո՞ր է մոնիտորինգ անեք հակառուսական պրոպագանդայի թեմայով։

- Չի բացառվում։

- Վերը նշված լրատվամիջոցներում եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումների մեկ-երկու օրինակ կարո՞ղ եք նշել։

- Եթե զեկույցը բացեք նայեք, վերջում կա հավելված, եւ էդ հավելվածներում ես էդ բացասական կարծրատիպերը եւ օրինակները նշել եմ․ դրանք բազմաթիվ են։

- Զեկույցի վերջում հիշատակել եք Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաների մասին։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ Դուք ավելի շատ մտահոգված եք այդ կոնվենցիաների դեմ ուղղված քննադատական նյութերով։

- Չի կարելի, ավելի շատ կամ ավելի քիչ մտահոգված լինելով, մոնիտորինգ անցկացնել։ Առհասարակ, երբ որ փորձագիտական աշխատանք է կատարվում, էդ հակվածությունները պետք է մի կողմ դնել, վեր կանգնել էդ ամեն ինչից ու տեսնել, թե մոնիտորինգն ինչ արդյունքներ է տվել, եւ դրանք հնարավորինս օբյեկտիվորեն վերլուծել։

- Ձեր կազմակերպությունը եվրոպական կամ արեւմտյան աղբյուրների՞ց է դրամաշնորհներ ստանում, թե՞ այլ աղբյուրներ էլ ունեք։

- Ես ստանում եմ դրամաշնորհ ե՛ւ ԱՄՆ-ից, ե՛ւ եվրոպական կազմակերպություններից, ու դրանք երբեք չեմ թաքցրել, եւ իրավունք էլ չունենք ուղղակի թաքցնել, թե որտեղից ենք ստացել։

- Այսինքն՝ այդ դրամաշնորհների ծագումը կարո՞ղ է ազդել ձեր ընտրած թեմաների վրա։

- Ոչ, ես մի անգամ առիթ եմ ունեցել ասելու, հիմա էլ ասում եմ, որ ես, առհասարակ, դրամաշնորհներ ստանում եմ այն պայմանով, որ բովանդակային որեւէ ազդեցություն այդ դրամաշնորհ տվողը պետք է չունենա։ Ես համարում եմ դա գրաքննության կամ վերահսկողության ավելորդ մի ձեւ։