Քաշքշուկ հայերի և իսրայելցիների միջև․Երուսաղեմից ահազանգում են (տեսանյութ)

Քաշքշուկ հայերի և իսրայելցիների միջև․Երուսաղեմից ահազանգում են (տեսանյութ)

Իսրայելցիներն այսօր ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ Այդ մասին X-ի՝ իր էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։

Հրապարակված տեսանյութում հայ երիտասարդը պատմել է, որ ոստիկանությունն ապօրինաբար, առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման եկել, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։

«Թեպետ մեկ ամիս առաջ ոստիկանության ղեկավարն ասում էր, որ իրենք այս տարածքում որևէ գործողություն չեն կարող կատարել առանց դատարանի որոշման, բայց այսօր եկել են 20-30 ոստիկանների ուղեկցությամբ և ապօրինի հեռացրել արգելապատնեշները»,- նշել է Իսրայելի համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը։

Մեկ այլ երիտասարդ էլ կոչ է արել աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներին միավորվել և բողոքի ձայն բարձրացնել իրենց կառավարությունների առջև՝ ճնշում գործադրելու Իսրայելի կառավարության վրա այս հարցում․ «Մենք պահանջում ենք ոստիկանությունից հեռու մնալ հայկական թաղամասից, որը հայկական է ավելի քան 1600 տարի»։ Սեդրակ Բալյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և տարածք ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։

Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։ 2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։

Մանրամասն՝ տեսանյութում