Ինչպես են Հայաստանը դարձնում «իզգոյ» պետություն

Ինչպես են Հայաստանը դարձնում «իզգոյ» պետություն

Արցախյան վերջին պատերազմի օրերին պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունը համարյա չունի դաշնակիցներ: Քաղաքագետները մեկիկ-մեկիկ բացատրեցին, թե ՀՀ հին եւ նոր իշխանությունների որ գործողությունների պատճառով ենք հիասթափեցրել, մասնավորապես, Իրանին եւ Չինաստանին, որոնց համար մեր պարտությունը ձեռնտու չէր:      

Ավելացնեմ եւս 2 պատճառ:

Բաքվում Իսրայելի դեսպանատունը գործում է 1993-ից: Բայց Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատուն մինչ օրս չկա: ԿԳԲ-ի գեներալ Հեյդար Ալիեւը եւ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) շրջանավարտ նրա որդին հասկացել են, որ դա կարող է զայրացնել Իրանին եւ իսլամական երկրներին: Իսկ մեր իշխանությունների` «կամրջի վրա պարելու» ցանկությունն առաջացավ 2020-ի սեպտեմբերին, երբ արդեն շատ փորձագետներ նախազգուշացնում էին թուրք-ադրբեջանական հարձակման վտանգի մասին: Եվ նրանք Թել Ավիվում բացեցին ՀՀ դեսպանատունը՝ չսպասելով Երեւանում Իսրայելի դեսպանատան բացմանը: Օրերս ՀՀ ղեկավարներն Ազգային ժողովի նիստի ժամանակ անլուրջ, եթե չասենք՝ ծաղրանքով, վերաբերվեցին չինական պատվաստանյութով պատվաստվելու առաջարկին: Մինչդեռ աշխարհում լուրջ մրցակցություն է ծավալվել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութեր արտադրող երկրների միջեւ: Եվ չինացիները դա կարող են ընկալել որպես հակագովազդ:

Վերադառնանք արցախյան վերջին պատերազմին

Երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանին ռազմական օգնություն է ցուցաբերել Պակիստանը, փորձագետները կանխատեսեցին, որ Հայաստանը կկարողանա սերտացնել հարաբերությունները Դելիի հետ եւ զենք ու զինամթերք գնել Հնդկաստանից: Դա երեւի դուր չեկավ որոշ երկրների հատուկ ծառայություններին, որոնք ցանկանում են մեկուսացնել Հայաստանն ու լքվածության, անելանելիության եւ անպաշտպանության սինդրոմ առաջացնել հայաստանցիների շրջանում: Անհրաժեշտ էր շտապ փչացնել Երեւանի հարաբերությունները Դելիի հետ:  Պարզվեց, որ դա դժվար չէ անել՝ պղծվեց Հնդկաստանում սրբություն համարվող Մահաթմա Գանդիի արձանը: Պատճառաբանությունը ստանդարտ էր: 

Ինչ է պետք անել, որ հայերը հիասթափվեն որեւէ մեկից կամ մարդկանց որեւիցե խմբից

Բոլոր շահագրգռված անձինք եւ կազմակերպությունները, այդ թվում՝ նաեւ հատուկ ծառայությունները, դա գիտեն: Պարզապես պետք է ասել, որ այդ անձնավորության կամ խմբի գործունեությունը կապված է եղել ցեղասպանության հետ առնչություն ունեցած թուրքերի հետ: Ընդսմին, կարելի է բերել ֆեյք փաստարկներ: Ո՞վ ստուգելու հավես ունի: Երբեմն նույնիսկ ցեղասպանության հիշատակման անհրաժեշտության կարիքը չի լինում:

1960-ականների կեսերին հանրահայտ դարձավ ֆրանսահայ երգիչ Մարկ Արյանը (Հարություն-Անրի Մարկարյան), որը հետագայում տեղափոխվեց Բելգիա: Այդ օրերին ֆրանսահայ մի քանի ճանաչված էստրադային երգիչներ կային: Մեծությամբ առաջինը, իհարկե, Շարլ Ազնավուրն էր: Երկրորդը՝ Մարկ Արյանը, որը բազմաթիվ հիթերի հեղինակ էր: Նա համերգներով հանդես էր գալիս աշխարհի շատ երկրներում: Երգեց նաեւ Երեւանում եւ շատ սիրված էր Հայաստանում: Բոլորս հպարտանում էինք, որ այդպիսի երգիչ-երգահան ունենք:  

Բայց հանկարծ լուր տարածվեց, թե նա լքել է իր հայուհի հարսնացուին եւ ցանկացել է ամուսնանալ թրքուհու հետ: Ինչի պատճառով հայուհու եղբայրը… սպանել է այդ  «դավաճանին»: Վերջ: Մարկ Արյանը մոռացվեց: Պետական ռադիոյով օրեր շարունակ հնչող նրա հրաշալի երգերը դադարեցին հեռարձակվել: Հայաստանի անկախության հռչակումից հետո միայն տեղեկացանք, որ Մարկ Արյանն ամենեւին էլ չի սպանվել: Կենդանի է եղել, շարունակել է երգեր գրել եւ մահացել է 1985-ին:
Իսկ թրքուհու հետ ամուսնանալու նրա ցանկության մասին «լուրը», ըստ երեւույթին, ծագել էր Մարկ Արյանի «Istanbul»  երգի պատճառով, որը նա գրել էր Ստամբուլում ունենալիք հյուրախաղի կապակցությամբ: Այդ երգը ոչ թե թրքության կամ Ստամբուլի գովերգ էր, այլ՝ սիրային երգ: Այն օրերին հյուրախաղի հաջողությունն ապահովվում էր, եթե երգիչը կատարում էր նման մի երգ: Մինչ Մարկ Արյանի այդ չարաբաստիկ հյուրախաղը, Ժիլբեր Բեկոն, օրինակ, 1964-ին Մոսկվա կատարած հյուրախաղերի կապակցությամբ գրել էր իր հայտնի «Նատալի»  (Nathalie) երգը, որը նրան մեծ հաջողություն պարգեւեց: Այդ երգում Բեկոն պատմում էր իր եւ իր ռուս զբոսավարուհու միջեւ ծագած սիրո մասին: 

Ըստ բազմամյա լրագրող Տիգրան Ռշտունու, կան Եվրախորհրդարանի պատգամավորների վկայություններ այն մասին, որ երբ 1987 թվականին Եվրախորհուրդն ընդունում էր Հայոց ցեղասպանության մասին հայտնի բանաձեւը, նրանք կողմ են քվեարկել նաեւ այն պատճառով, որ ազդված են եղել Մարկ Արյանի «Զանգեր» երգից: Այդ հիթը մինչեւ 80-ականների կեսերը չէր իջնում եվրոպական հիթ շքերթների առաջին հորիզոնականներից:

Մահաթմա Գանդին, ըստ ամենայնի, «վարկաբեկվեց» նույն սցենարով

Գանդիին քննադատողներն ասում են, որ նա չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Իսկ Գանդիի ժամանակակից քաղաքական գործիչների շրջանում կա՞ն դատապարտողներ: Պնդում են նաեւ, թե նա ժխտել է Հայոց ցեղասպանությունը: Հուշենք, որ ցեղասպանությունը ՄԱԿ-ի կողմից որպես մարդկության դեմ հանցագործություն է ճանաչվել 1948 թվականի դեկտեմբերին: Իսկ Գանդին մահացել է դրանից առաջ՝ նույն թվականի հունվարին: 

Հարցնում են. «Իսկ ի՞նչ է արել նա հայ ժողովրդի համար»: Հակընդդեմ հարց: Երբ, ասենք, Կոմիտասի արձանը հայերը տեղադրում են արտերկրի որեւիցե մայրաքաղաքում, այդ երկրի քաղաքացիները հարցնո՞ւմ են՝ «իսկ ի՞նչ է արել Կոմիտասը մեր ժողովրդի համար»: Ասվում է, որ Գանդին եղել է Թուրքիայի բարեկամը: Իսկ շա՞տ էին կամ կայի՞ն արդյոք Գանդիի ժամանակակից քաղաքական գործիչներ, որոնք խոստովանել են, որ իրենք այդ երկրի բարեկամը չեն: 
Բացի այդ, չեմ հավատում, որ բռնությունը բացառող Գանդին կարող էր ներել հայերին ցեղասպանողներին: Բայց հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր է այնքան մեկուսացնել, որ նա վերածվի «իզգոյ» պետության: 

Եթե, իհարկե, մենք մնանք նույնքան դյուրահավատ ու միամիտ, իսկ մեր «վերնախավը»՝ նույնքան կտրված աշխարհից, գիտելիքներից եւ ռեալ քաղաքականությունից հեռու:

Գրիգոր Էմին-Տերյան