Հարգելի Մանե, մենք ենք որոշում՝ որ նյութի համար ում դիմել եւ որ մեկնաբանությունը տեղադրել

Հարգելի Մանե, մենք ենք որոշում՝ որ նյութի համար ում դիմել եւ որ մեկնաբանությունը տեղադրել

Երեկ մենք մի հրապարակում ունեինք՝ Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքն էր տեղի ունեցել շաբաթ օրը, որին մեր տեղեկություններով՝ մասնակցել էր նաեւ ԺՊ-ի սանիկը՝ Նիկոլ Փաշինյանը։ Հարսանիքի մասնակիցներից մեկը մեզ տեղեկացրել էր, որ Փաշինյանը ժամանել է, կարճ ժամանակ մնացել, շնորհավորել ու հեռացել, իսկ թիկնազորը հետեւել է, որ լուսանկարներ չարվեն։ Առհասարակ՝ հյուրերին զգուշացվել է, որ ոչ մի գրառում, լուսանկար չհայտնվի համացանցում։ Դա էր պատճառը, որ անգամ հարսիկն իր էջում գրառում ու լուսանկար չէր տեղադրել, եւ մարդիկ շնորհավորանքներ էին գրել նրա էջում։ Իսկ անտեղյակ անձին հասկանալի չէին լինի, թե այդ ինչն են շնորհավորում։

Մենք կապվել էինք քաղաքապետի եղբոր՝ հարսնացուի հորեղբոր հետ՝ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի հետ եւ հարցազրույց էինք արել նրա հետ։ Նա հաստատել էր հարսանիքի փաստը, ասել էր, որ շաբաթ օրն է կայացել, բայց հերքել էր վարչապետի մասնակցությունն, ասելով, որ այդ օրը վարչապետը Սիսիանում է եղել։ Եւ քանի որ Սիսիանում վարչապետը եղել էր հարսանիքից 2 օր անց, մեզ արժանահավատ չէր թվացել այդ հերքումը, ուստի նյութը հրապարակել էինք։ Բնականաբար, Վահե Ղալումյանի ասածները բառացի զետեղելով հոդվածում։

Այսինքն, ներկայացրել էինք երկու հակադիր տեսակետ եւ թողել էինք, որ ընթերցողն ինքը որոշի՝ որքանով է ճիշտ պատգամավորի հերքումը, եւ ինչքանով է հավաստի մեր տեղեկատվությունը։  
Մեր հրապարակումից հետո գրառում է կատարում վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ կրկին հերքելով վարչապետի կողմից հարսանիքին մասնակցությունը եւ իր զարմանքը, գուցե՝ զայրո՞ւյթը․ հայտնելով, թե ․«Տեղեկությունը ճշտելու հարցով լրատվամիջոցները ինձ չեն դիմել եւ այն հրապարակել են առանց պաշտոնական պարզաբանման փորձի»։ Ապա նաեւ նեղվել է, որ իր հերքումը չենք տեղադրել մեր կայքում։

Հարգելի Մանե, մենք ձեր տեղը շատ լավ գիտենք եւ երբ դրա կարիքը լինում է՝ դիմում ենք ձեզ։ Եթե չենք դիմել, ուրեմն հարկ չենք համարել։ Իսկ հարկ չենք համարել, որովհետեւ գտել ենք, որ Վահե Ղալումյանին դիմելը բավարար է՝ նա հաստատապես ներկա է եղել նշված արարողությանը եւ սիրտն էլ վարչապետի համար պակաս չի ցավում, քան ձերը։ Այնպես որ զբաղվեք ձեր գործով եւ այդպես օպերատիվ արձագանքեք միայն այն ժամանակ, երբ ձեզ կդիմենք։

Ինչ վերաբերում է հարսանիքին, ապա, ցավոք սրտի, հույժ կոնսպիրացիայի պատճառով մենք չունենք լուսանկարներ այդ արարողությունից եւ չենք կարող պնդել, թե քանի հոգի է մասնակցել դրան, ինչ պայմաններում, որքանով են պահպանվել հակահամաճարակային կանոնները եւ չենք կարող հարյուր տոկոսով վստահ լինել նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է։ Սակայն այն փաստը, որ հարսանիքը կայացել է, ճշգրիտ է։ Այս պարագայում՝ երբ հարսանիքն Արտակարգ դրության պայմաններում գոնե մի քանի օրով չի հետաձգվել՝ մինչեւ սահմանափակումների մեղմացումը, վարչապետի չներկայանալն այնքան էլ էական չէ եւ անգամ՝ ինչ որ տեղ հասկանալի չէ։