Հակահայկական հիստերիայի հայկական պատճառը

Հակահայկական հիստերիայի հայկական պատճառը

Ռուսական մամուլում օրերս բարձրացված հակահայկական հիստերիան ստիպեց տեղից շարժվել մի այնպիսի անշարժ կառույցի, ինչպիսին ՀՀ ԱԳՆ-ն է: Մոսկվայում մեր դեսպանը հայտարարեց, որ դիմել է համապատասխան կառույցներին՝ ռուսական լրատվամիջոցներում հրապարակված հակահայկական հոդվածների առնչությամբ: 

Թե ինչ հետեւանքներ կլինեն, չենք կարող ասել, բայց այն, որ ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա չի հղել ՌԴ արտաքին գերատեսչությանը, խոսում է այն մասին, որ անհրաժեշտ հիմնավորումները չունի դրա համար: 

Բանն այն է, որ մամուլն ազատ է նաեւ Ռուսաստանում, եւ Երեւանի «գանգատները» կարող են ընդամենը Մոսկվայի ժպիտն առաջացնել:
Ի լրումն այս ամենի՝ Ռուսաստանի մամուլի դեմ բողոքող հայ հանրույթին հիշեցնեմ, որ ընդամենը մեկ ամիս առաջ ՀՌԱՀ-ի նախագահը, այն է՝ պաշտոնական անձը, Երեւանում հարց էր բարձրացրել ռուսական հեռուստաալիքները փակելու մասին՝ դրանք անվանելով ազգային անվտանգության սպառնալիք: Հայ-ռուսական հերթական սկանդալից խուսափել մեզ հաջողվեց մի կողմից ՌԴ դեսպանատան արագ արձագանքի եւ մյուս կողմից՝ ՀՌԱՀ-ի ղեկավարի արագ «ներողությունների» շնորհիվ: Չմոռանանք նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օրումեջ է կրկնում, որ Հայաստանում մամուլի եւ խոսքի աննախադեպ ազատություն է:

Եվ ուրեմն՝ ի՞նչ ենք ուզում ռուսաստանյան թերթերից, եթե հայաստանյան որոշ լրատվակայքեր ռուսերեն, անգլերեն եւ հայերեն լեզուներով օրական 2-3 հակառուսական հոդված են հրապարակում, իրենց առցանց եթերներում եւ թղթային տարբերակներում ամբիոն տրամադրում հակառուսական կողմնորոշում ունեցող գործիչների: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանում տպագրվող, հեռարձակվող եւ համացանցով տարածվող հակառուսական այդ լրատվամիջոցների տերերը Հայաստանում կա՛մ թառած են Ազգային ժողովում, կա՛մ կառավարական շրջանակներ են ներկայացնում, կա՛մ էլ ուղղակի նստած են սորոսական «կանաչ ասեղի» վրա:

Հիմա խոսենք փաստերով: Բայց մինչ այդ՝ վստահեցրեք ինձ, խնդրում եմ, որ ՀՀ ԱԱԾ-ն, ՀՀ ՊՆ-ն, ՀՀ նախագահը, ՀՀ ԱԺ-ն, ՀՀ ԱԳՆ-ն, ՀՌԱՀ-ը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը տեսողության խնդիրներ չունեն, իսկ նրանց սպասարկող անձնակազմերն էլ հայաստանյան մամուլը մոնիթորինգի են ենթարկում: Եթե այո, ապա նրանք անպայման տեղյակ են, թե ինչ է հրապարակվել 1in.am-ում հետեւյալ հղման տակ. https://www.1in.am/2709194.html: Եթե փորձեմ շատ համառոտ ներկայացնել այդ լրագրային աղտեղության միտք բանին, ապա պետք է նշեմ, որ հեղինակը փորձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացնել որպես մի շարքային «փուռը տվող», որն իր նախկին գործընկերներին հերթով «հանձնում է» հետխորհրդային տարածքի պետությունների նոր իշխանություններին: Պատճառը, ըստ հեղինակի, համաշխարհային ասպարեզում Պուտինի դիրքերի թուլացումն է: Եթե մեր հանրապետության հարգարժան ղեկավարները չգիտեն, թե ով է հոդվածագիրը, ապա կարող եմ հուշել՝ Արամ Ամատունի: Տեղը չբերի՞ք: Օ՛, նա ամեն օր տեսնում է Փաշինյանին, ընդունելության արժանանում ՀՀ նախագահի մոտ, ԱԱԾ-ն դողում է նրանից, նա Արթուր Վանեցյանի թիվ 1 հակառակորդն է, Հրայր Թովմասյանի մատնիչը, հոկտեմբերի 27-ի գործով՝ դիակապտության անգերազանցելի մասնագետ: Նա սրսուռ սորոսական է, արեւմտյան աղբյուրների վկայությամբ՝ օտարերկրյա գործակալ, վերջապես՝ հանրահայտ գործ տվող… Պարոնայք ղեկավարներ, ես լրջագույն կասկածներ ունեմ, որ այդ Արամ Ամատունին իր կապերի ու մանդատի շնորհիվ ձեռնահասություն ունի պետական շատ գաղտնիքների, որոնք անպատիժ փոխանցում է իր օտարերկրյա տերերին: Այդ նույն կենդանուն պատկանող լրատվամիջոցներն զբաղված են խառնակչություն հրահրելով ինչպես մեր հասարակության ներսում, այնպես էլ մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում:

Նրա գործողություններին իրավական գնահատական տալու հարցում, ափսոս, չեմ կարող օգտակար լինել, բայց չեմ էլ կարծում, որ ազգային անվտանգության համար պատասխանատու կառույցները զգում են իմ օգնության կարիքը: Ես իմն ասացի՝ հետեւությունը դուք արեք, պարոնայք, Արամ Ամատունու հարցը լուծեք: Դրա համար վերեւում ահագին պատճառներ եմ թվարկել, խնդիր չեք ունենա, ավելին՝ հետո գուցե ինձ պարգեւատրեք, որ օգնել եմ ձեզ՝ «սատանա» բռնելու այս դրվագում:

ՀԳ. Նյուտոնի 1-ին, թե 2-րդ օրենքով F=-F: Սա նշանակում է, որ ազդող ուժը հավասար է հակազդող ուժին: Ենթադրում եմ, որ ռուսաստանյան մամուլի հակահայկական հիստերիան համարժեք է հայաստանյան մամուլի հակառուսական ճղճղոցին, իսկ նրանց կապը՝ ուղիղ համեմատական: