Պետք էր նախ՝ քայլ անել

Պետք էր նախ՝ քայլ անել

Վազգեն Մանուկյանն ասում է՝ Օնիկ Գասպարյանի փոխարեն ես այլ կերպ կվարվեի… Ի դեպ՝ ես էլ: Բայց ես չգիտեմ նաեւ, թե ինչպես կվարվեր Վազգեն Մանուկյանը: Եթե հիշում եք, մի առիթով նա հարթակից հայտարարեց՝ մենք ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա խաղաղ եւ անցնցում ձեւով, իսկ եթե չգնա, ուժով կհեռացնենք: Դեռ ձեռքի շարժումով էլ ցույց տվեց, թե ինչպես կանի դա: Բայց ես Վազգեն Մանուկյանի հնարավորությունները չունեմ եւ Օնիկ Գասպարյանի քայլերի ճիշտն ու սխալն իմ հնարավորությունների սահմաններում եմ դիտարկում:

Փետրվարի 25-ի առավոտյան, երբ հայտնի դարձավ, որ ԳՇ-ն հայտարարություն է տարածել Փաշինյանի հրաժարականի պահանջով, ես «տուտ ժե» վատացա: Ես միշտ եմ ասել, որ զինվորականությունը, իր բոլոր լավ կողմերով հանդերձ, բացասական կողմ էլ ունի՝ նրանց գլխում մեկ էլ արգելակում է տեղի ունենում, եւ սկսում են սապոգով մտածել: Խոսքը, իհարկե, լուրջ զինվորականների մասին է: Այ Օնիկ Գասպարյան ջան, դու չգիտեի՞ր, որ ձին պետք է սայլի առջեւից կապել: Դու Նիկոլին չէի՞ր ճանաչում, չգիտեի՞ր, թե ինչերի է ընդունակ նա: Մի՞թե չէր կարելի սկզբում բանակի պահպանության ներքո վերցնել կառավարական շենքերը, ռազմավարական կարեւոր հանգույցները, տո հենց Նիկոլին եւ փետրվարի 25-ի երեկոյան միայն հայտարարություն անել: Օնիկ Գասպարյանի փոխարեն ես այդպես կվարվեի, իսկ թե ԱԱԾ պադվալից ինչ կհայտարարեր Նիկոլ Փաշինյանը, ինձ նույնիսկ չէր էլ մտահոգի: Ի վերջո կարելի էր իմանալ, որ ռազմական դրության պայմաններում ռազմական հեղաշրջման փորձի մասին հայտարարելը ամենածիծաղելի բանն էր, որ կարող էր անել քաղաքական իշխանությունը:

Ի՞նչ ունեցանք այն բանից հետո, երբ Օնիկ Գասպարյանը БТР-ներով հրապարակ իջնելու փոխարեն, հայտարարությամբ հանդես եկավ: Նիկոլ Փաշինյանը, տեսնելով որ ԳՇ հայտարարությունից հետո էլ հրապարակում БТР-ներ չկան, նույն օրն իսկ հանրահավաք հրավիրեց, որպեսզի ցույց տա, թե իրեն մերկ ձեռքերով «վերցնել» ոչ մեկին չի հաջողվի: Ծնկի վրա էլ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մի հրամանագիր գրեց եւ ուղարկեց ՀՀ նախագահին՝ ստորագրության: Այստեղ պետք է մի պահ կանգ առնեմ, որովհետեւ ՀՀ նախագահն էլ մի ուրիշ օպերա է այս ողջ պատմության մեջ:

Նախ՝ հայտարարեցին, որ Արմեն Սարգսյանը տանն է, սիստեման միացրած, հայացքը առաստաղին՝ պառկած: Իհարկե, քչերը կհամաձայնեին այդ վիճակում Նիկոլի հերթական արկածախնդրության տակ մտնել, բայց, ինչպես ասացի, Արմեն Սարգսյանն այլ օպերայից է եւ ամենեւին էլ չընկրկեց: Վերցրեց ու Նիկոլին գրեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագծի մեջ Սահմանադրությանն առերեւույթ չհամապատասխանող կետեր կան: Նիկոլն այդ թուղթը հետ ուղարկեց նախագահական, բայց Արմեն Սարգսյանը, կիսատ չթողնելով բուժումը, ՍԴ դիմեց բոլորովին այլ հարցով, որ ավելի շատ «մոլլի բեղերի հետ» առնչություն ուներ, քան Նիկոլի հրաժարականը պահանջող ԳՇ պետի եւ գեներալիտետի հետ:

Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից իրավունքի ուժով հեռացնելու իրողությունը Վազգեն Մանուկյանը բացատրեց գեներալների եւ, առհասարակ, զինվորականների անսահման կարգապահությամբ ու օրինապաշտությամբ: Բայց նա նաեւ հավելեց, որ ինքն այլ կերպ կվարվեր: Ինչպե՞ս… Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն «էս ոչխարների պատմությունն» ավարտվելուց հետո դեռ կխոսի այդ մասին, բայց ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ քաղաքական խարդավանքներից բան չհասկացող Հայոց բանակը պետք է նախ՝ չեզոքացներ մեր ազգային անվտանգությանն ու երկրի տարածքային ամբողջականությանն սպառնացող վտանգները եւ հետո միայն հասարակական-քաղաքական շրջանակներին հրավիրեր նոր իշխանություն ձեւավորելու: Թե ինչ կասեին օտարները, մասնավորաբար Էրդողանն ու Ալիեւը, թե դա իբր ռազմական հեղաշրջում էր, ֆլան, ֆստան, էական չէր լինելու եւ եղանակ չէր փոխելու Հայաստանի վարկաբեկված միջազգային հեղինակության առումով:

Քաղաքական խարդավանքների մեծ վարպետ Տեր-Պետրոսյանը, սակայն, ասում է, որ նման սցենարի դեպքում մենք այլեւս ոտքի կանգնել չենք կարող: Բայց նա սխալվում է, սխալվում է՝ ինչպես միշտ: Նա պարզապես վախեցնում, հնազանդության կոչ է անում Հայոց բանակին, որին գլխատման դուռն է հասցրել նույն այդ էրդողանների եւ ալիեւների կծիկը թելող Փաշինյանը: Պատրվակ բերելով Սահմանադրությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը գեներալներին հորդորում է հանգիստ նստել տեղները եւ լուռ հետեւել իրենց աչքի առաջ տեղի ունեցող այս աննախադեպ հայրենադավությանը: Տարօրինակ է, որ Տեր-Պետրոսյանը սպանիչ ածականներ է օգտագործում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հասցեին: Այդ որակումները լիուլի բավարար են ՀՀ «գործող» կառավարությանը ոչ միայն հրաժարական պարտադրելու, այլեւ ողջ կազմով ձերբակալելու եւ բանտ նետելու համար:  Եվ ի՞նչ, գեներալները պետք է լռեի՞ն:

Եվ վերջում երկու խոսք նրանց համար, ովքեր անգիտության մեջ տոնում են Օնիկ Գասպարյանի դեմ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը: Նախ՝ Նիկոլը Օնիկին չի հաղթել: Օնիկին հեռացրել են իրավունքի ուժով: Իսկ իրավունքի ուժ ասվածը ոչ թե Նիկոլի ուժն է, այլ հենց իրավունքի ուժը, որ կիրառվում է մեր Սահմանադրությամբ: Սա՝ մեկ: Երկրորդ՝ Նիկոլը ստում է, թե նախկինների խորհրդով է շարժվել Օնիկ Գասպարյանը: Հար եւ նման մեղադրանքներ նա հնչեցրել է բոլորի կամ գրեթե բոլորի հասցեին՝ բժիշկներ, բուհերի ռեկտորներ, մանկապարտեզի վարիչներ, դատավորներ, օլիգարխներ, փողատերեր, տարատեսակ պաշտոնյաներ եւ այլն: Բայց ես չեմ կարծում, որ Օնիկ Գասպարյանի անձն էր Փաշինյանի հերթական թիրախը: Փաշինյանին պետք էր ցրել, փոշիացնել իր հրաժարականի պահանջով բանակի հայտարարության տպավորությունն ու հետեւանքները, ինչը նրան ակնհայտորեն չհաջողվեց: Բանակն այս պահին էլ պահանջում է վարչապետի հրաժարականը: Օնիկ Գասպարյանի եւ ԳՇ հայտարարության ծանր տպավորությունը տակավին պահպանվում է, իսկ հետեւանքներին ականատես կլինենք շուտով: