Իսկ դուք, այնուամենայնիվ, Նիկոլին հարցրեք

Իսկ դուք, այնուամենայնիվ, Նիկոլին հարցրեք

Մի անգամ, լավ չեմ հիշում՝ 2019, թե 2023 թվին, լոլիկն ու վարունգը վիճում են, թե իրենցից ով է վիտամիններով ավելի հարուստ եւ ավելի առողջարար: Վարունգը պարծենում է, թե ինքն անդիմադրելի անուշ հոտ ունի, խրթխրթան է, իր կեղեւներից տիկնայք անգամ դիմակներ են պատրաստում… Լոլիկն էլ հետ չի մնում․ ես էլ կարմիր գույն ունեմ, իսկ բնության մեջ կարմիր գույն ունեցող ամեն միրգ ու բանջարեղեն առողջարար է՝ բալ, կեռաս, ելակ, ձմերուկ, ազնվամորի (մալինա)… Մեկ էլ սրանք տեսնում են, որ էն կողմից դդումը ջիպով գալիս է:
- Արի դդումին հարցնենք,- առաջարկում է վարունգը:
- Արի,- համաձայնում է լոլիկը:
Դդումի ճամփեն կտրում են: Սա գլուխը պատուհանից հանում է, թե՝ ինչ ա էղել, ախպեր, խի՞ եք ճանապարհը փակել: Լոլիկն ու վարունգը, իրար հերթ չտալով, պատմում են իրենց վեճի մասին, հետն էլ ամեն մեկը թվարկում է իր առավելությունները:
- Որոշեցինք այս հարցով քեզ դիմել, դդում ախպեր, թե մեզնից ով է ավելի առողջարար: Ոնց կասես, այդպես էլ թող լինի,- ասացին լոլիկն ու վարունգը եւ աշակերտների պես կանգնեցին-մնացին դդումի առաջ:
Դդումը բավականին երկար մտածեց, մի հատ հըըըմ արեց ու կարճ պատասխանեց.
- Դդումը:
Հետո որ մի հատ սիգնալ չտվե՜ց, լոլիկն ու վարունգը թռան մայթ…

Այս պատմությունը բացարձակապես կապ չունի ՀՀ կառավարության հետ, եւ այն իզուր մի քաղաքականացրեք: Կառավարությունն էլ, առհասարակ, մի մարմին է, որտեղ բոլորը նույնկերպ են մտածում, այլապես կառավարություն չի լինի: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ կառավարության երկու նախարար վիճեն ու դիմեն Նիկոլին, թե՝ մեծարգո պարոն վարչապետ, Դուք որոշեք, թե մեզնից ով է ճիշտ ասում: Դուք նման բան, բնականաբար, չեք էլ լսի, որովհետեւ էդ անտեր ճիշտը մի հատ է, եւ այն միայն Նիկոլն է ասում: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի նման ապուշ հարցով Նիկոլին դիմել:
Այ, օրինակ, վերջին օրերին կառավարությունում բոլորը խառն են: Լարսը փակ է, հայկական բեռները չեն կարողանում տանել Ռուսաստան: Սկզբում եղանակային պայմաններն այն չէին, հետո ասացին՝ ճանապարհն է նորոգվում, իսկ բոլորովին վերջերս էլ քաղաքական պատնեշներ դրեցին մեր բեռների առաջ: Թե ինչու՝ գիտի միայն Նիկոլը, որովհետեւ իր եփած ճաշն է, իր վարած արտաքին քաղաքականության հետեւանքը: Այդ պատճառով էլ ամենահանգիստը Նիկոլն է, իսկ մնացած «խուրդեքը»՝ նախարարներ, փոխնախարարներ, աշխատակազմերի ղեկավարներ եւ այլք, վազվզում են այս ու այն կողմ, ուզում են հասկանալ «անսպասելի» ծագած խնդրի պատճառը: Ամեն մեկը մի բան է ասում, մի պատճառ է բերում, բայց բոլորն էլ գիտեն, որ ճիշտը միայն Նիկոլը գիտի: Եվ անհարմար են զգում Նիկոլին հարցնել՝ պարոն մեծարգո վարչապետ, լրագրողները մեզ կերան արդեն, միայն Դուք կիմանաք՝ ինչո՞ւ է Լարսը փակ:
Թե ինչ կպատասխանի Նիկոլը, ես անգիր գիտեմ: Կասի՝ տղերք, ես կարող եմ ասել, որ Լարսը բաց է, բայց եւ չեմ կարող ասել, որ Լարսը փակ է: Ու երբ չեմ ասում որ Լարսը փակ է, դա չի նշանակում, որ Լարսը բաց է: Դե արի, ՀՀ կառավարության անդամ, ու գլուխ հանիր՝ հիմա էդ անտեր Լարսը բա՞ց է, թե՞ փակ: Եվ դա դեռ ոչինչ: Էն աներես լրագրողները հարցնում են՝ իսկ ինչո՞ւ է Լարսը փակ…

Վերջը, էս կառավարության անդամները, հարցն իրենց մակարդակում երկար-բարակ քննարկելուց հետո, որոշում են իրենցից մեկին ընտրել, որ գնա լրագրողների մոտ ու համարձակ պատասխանի նրանց հարցերին․ ինչ կլնի՝ կլինի: Բա ո՞վ գնա… Եվ բոլորի հայացքը կանգ է առնում իրենցից ամենահամարձակի՝ Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վրա: Սա սկսում է չեմուչում անել եւ ընդհուպ հայտարարել, որ ինքը Լարսի տեղն էլ չգիտի: Բայց, ինչպես վերեւում ասացի, կառավարությունը տարբեր մարդիկ են, բայց մեկ մարմին է` որոշվեց, որ Արայիկ Հարությունյանը պետք է կանգնի կամ նստի լրագրողների առաջ, ուրեմն հենց նա էլ պետք է գնա: Վերջ:

Եվ եկավ Արայիկ Հարությունյանը: Լրագրողների մեջ շշուկներ լսվեցին՝ սամ իդիոտ… Եվ Արայիկ Հարությունյանը լսեց լրագրողների հարցը եւ, ինչու ոչ, պատասխանեց. «Լարսի որեւէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական եւ ոչ տոնական սեղաններին»: Լրագրողները, բնականաբար, իրար նայեցին, որովհետեւ բան չհասկացան Արայիկ Հարությունյանի պատասխանից: Եղբայր, ի՞նչ է նշանակում՝ «նոր շուկաներ գտնել արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական եւ ոչ տոնական սեղանների վրա»: Սեղանի վրա՝ դա տոնական կամ ոչ տոնական սեղանին դրված մրգերն են, բանջարեղենը, մյուս ուտելիքները: Գուցե ուզում էր ասել՝ նոր շուկաներ գտնել սեղանների շո՞ւրջ, այսինքն՝ բանակցելով, խոսելով, պայմանավորվելով: Եվ ապա՝ ինչո՞ւ հանկարծ հիշեց արտասահմանում ապրող մեր հայրենակիցներին, նրանք այդ ինչպե՞ս կարող են նոր շուկա դառնալ Հայաստանի համար, եթե ապրում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում եւ բազմաթիվ այլ երկրներում, որոնք, Հայաստանի հետ սահմանակից չլինելով հանդերձ, իրենց շուկան անառիկ են պահում բոլոր տեսակի, այդ թվում եւ հայկական «ոտնձգություններից»:
Եվ ահա թե ինչ կառաջարկեմ Արայիկ Հարությունյանին: Գնացեք, կառավարությունով ժողով արեք եւ Նիկոլ Փաշինյանից պահանջեք, որ ճիշտն ասի, թե ինչու է Լարսը դեպի Ռուսաստան միակողմանի փակ, եւ դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա:

ՀԳ. Եթե Նիկոլը տեղում չէ, մի քիչ սպասեք, էսա ջիպով կգա: