Ոստիկանները դպրոցում ռումբ չեն հայտնաբերել

Ոստիկանները դպրոցում ռումբ չեն հայտնաբերել

Քիչ առաջ տեղեկացանք, որ Երևանի թիվ 27 դպրոցում այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել: Ահազանգ է ստացվել, դպրոցում ռումբ կա տեղադրված: Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հովասափյանն ահազանգել է, նշելով, որ այսօր առավոտյան ժամը 10-ին Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում, որտեղ սովորում են իր երկու որդիները, ռումբի տեղադրման հերթական ահազանգն են ստացել, ի դեպ՝ վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է սա, դպրոցում սովորում է 500-ից ավելի երեխա, դպրոցում կա մոտ 70 ուսուցիչ ու աշխատող։

Դպրոցում տագնապի ազդանշան են միացրել․ քանի որ պատերազմական տագնապի ու ռումբի տեղադրման տագնապը նույն ազդանշանն է, ուսուցիչներն ու երեխաները չեն կարողացել ճիշտ կողմնորոշվել՝ իջեցնեն նկու՞ղ, թե՞ բակում տեղավորեն, չեն հասկացել՝ պատերազմ է, հրդեհ, երկրաշարժ, թե՞ ռումբ:

Դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը  «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ահազանգը ստանալուն պես անմիջապես դիմել են ոստիկանություն, ոստիկանները ժամանել են դպրոց և ոչ մի ռումբ չի հայտնաբերվել, ահազանգը կեղծ է եղել: Մեր այն հարցին, թե չկա՞ն տեսախցիկներ դպրոցի տարածքում, տնօրենն ասաց, որ կան, սակայն մասնակի են աշխատում. «Ոստիկաններն ասացին, որ ոչ մի կասկածելի բան տարածքում չեն հայտնաբերել, դասապրոցեսը կշարունակվի բնականոն հունով»,- ասաց նա: