«Հրապարակ». Ավել գումարը նրա համար է, որ ավտոբուսները շատանան եւ կզած մարդիկ վերանան

«Հրապարակ». Ավել գումարը նրա համար է, որ ավտոբուսները շատանան եւ կզած մարդիկ վերանան

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանի հետ

- Քաղաքացիների մի ստվար հատված քանի օր է՝ բոյկոտում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: Ասում են, որ թանկացումը բարեփոխում չէ։ Դուք վերջին անգամ ե՞րբ եք օգտվել տրանսպորտից. Ձեր կարծիքով` արժե՞ր թեկուզ 50 դրամով ավելացնել ուղետոմսի արժեքը։

- Երբեմն, այո, օգտվում եմ հանրային տրանսպորտից, իսկ վերջերս, նկատի ունենալով Ձեր նշած բողոքները, ավելի շատ եմ փորձում օգտվել։ Ես գտնում եմ, որ ունենալ ժամանակակից տրանսպորտ՝ իր բոլոր հարմարություններով, պատիվ է երկրի համար, ես գտնում եմ, որ նախկին եղած տեխնիկայի եւ ներկայիս նոր տրանսպորտային միջոցների միջեւ՝ մարդկանց ապահովության, կոմֆորտի, քաղաքում ապրելու հարմարավետության տեսանկյունից, տարբերությունն ակնհայտ է։ Միգուցե ինչ-որ բան նոր սկսելիս իդեալական չես կարող անել, միգուցե ունենում է թերություններ, բայց որոնք շատ արագ պետությունը շտկում է, ուղղություններն են շատացնում եւ այլն։ Եվ ես, անկեղծ, չեմ նկատել, որ ժողովուրդը բողոքի, առավել եւս՝ բոյկոտի թանկացման դեմ, ես ոչ ոքի չեմ նկատել։ Այո, ընդամենը համացանցում եմ տեսել թեմային ծանոթ մի քանի մարդկանց դեմքեր, ինչպես տեսնում եմ միշտ` ցանկացած միջոցառումների։

- Ուզում եք ասել, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչնե՞րն են միայն բողոքում, շարքային քաղաքացիները գոհ են։

- Այո, ես տեսնում եմ, որ բոլորը տրանսպորտի թանկացրած գումարը վճարում են մեծ սիրով եւ ուրախությամբ, որ օգտվում են նման տրանսպորտից, չկա բոյկոտ։ Մեր երկրում որոշ մեդիաներ զարգացնում են բացասականն ու մաղձը, այսինքն՝ ուզում են լսցնել, լցնել, որ այդպես է…

- Ուղիղ եթերներ նայե՞լ եք, վերջին օրերին փողոց դուրս եկե՞լ եք:

- Ուղիղ եթերը կարող է մեկ ֆիկցիա կամ դրածո մարդ գնա այնտեղ, դերասանություն անի, նկարեն եւ սարքեն բողոք, բայց չկա բողոք ընդհանրապես։ Մարդիկ ուրախ են, եւ 50 դրամը համեմատած նախկին տրանսպորտի որակի՝ մահվան գազելների եւ հիմիկվա որակի հետ, դա նոնսենս է` եթե ինչ-որ մեկը դուրս է  եկել եւ բողոքում է, թե տեսեք-տեսեք` մեր կյանքը վատացել է։ Չկա նման բան, բողոքող չկա։ Էն կինը, որ ասում էր՝ հետ բերեք մեր հին գազելները, մենք սիրում ենք դրանք, երեւում է, որ այդ կինն այն չի ասում, ինչ պետք է, որ ասեր, ընդհանրապես տարօրինակություն է խոսում։

- Մի կին էլ ասում էր․ ի՞նչ տարբերություն՝ նախկինում ուրիշի տղամարդուն գրկած` կռացած էի երթեւեկում, հիմա՝ կանգնած, այսինքն, որակը չի փոխվել։

- Չէ, ինչպե՞ս... ինչի նախկին գազելների մեջ տեղ կա՞ր։

- Չկար, բայց այդ կինն ասում է՝ հիմա էլ լավ չէ։

- Որ կզած էին, չէին թանկացնում։ Ընդհանրապես ես մտածում եմ՝ ոնց կարելի է, արդյոք մարդիկ չե՞ն ուզում իրենց գրպանից ավել փող վճարել, այս երկիրը զարգանա։ Այդ տված ավել գումարը հենց նրա համար է, որ ոլորտը բարեփոխվի, ավտոբուսները շատանան, եւ կզած մարդիկ վերանան։

- Բայց ինչո՞ւ եք նոր ավտոբուսները գնում ժողովրդի հաշվին, առանց այն էլ գույքահարկ, աղբահանության վարձ, ամեն ինչ բարձրացրել եք, հետո` հաշվարկ չկա ձեր քայլերի տակ:

- Հին գազելները 100 դրամ էին, հիմա դուք ասում եք` մարդիկ հաշվել են, տոմսի ինքնարժեքը 65 դրամ է, բա թող այն ժամանակ էլ 65 դրամ սարքեին, էդ նույն էն կնոջ օրինակն է, որ ասում էր՝ հետ բերեք հին գազելները, երեւի նման տնտեսագետներ են այդ հաշվարկն արել։