Պատմությունը գիտությու՞ն է, թե՞ հայրենասիրության դաս

Պատմությունը գիտությու՞ն է, թե՞ հայրենասիրության դաս

Նախապես ասեմ, որ պատմաբան չեմ, ԿԳՄՍ առաջարած չափորոշիչները չեմ կարդացել: Եւ խնդրի վերաբերյալ չէի արտահայտվի, եթե չկարդայի «Դա սորոսական ձեռագիր է» վերտառությամբ հրապարակումը, որի հեղինակը Հայաստանի առաջին նախագահին մեղադրում է ապազգայնության եւ սորոսականության մեջ:

Ինչ է թե նա «նվաստացուցիչ դեգրադացիա» է գնահատում իրավիճակը, երբ պատմության թուրք եւ ադրբեջանցի կեղծարարներին հակադարձելիս մեր պատմագիտությունը նույն մոտեցումն է որդեգրում: «Այս մարդը «ազգային խայտառակություն» է համարում Պատմության ինստիտուտի (եւ ոչ միայն) կռիվը սորոսական՝ ապազգային ուժերի դեմ, որոնք այսօր կառավարությունում նստած հայոց պատմության ծրագիր ու չափորոշիչներ են գրում՝ թուրքերի հետ «դրամաշնորհային համագործակցության տպավորիչ փորձառությամբ»- առաջին նախագահի մասին գրում է Լեւոն Սարգսյանը:

Ի՞նչ կռիվ է տալիս Պատմության ինստիտուտն այսօր, թողնենք մի կողմ: Բայց ահա ակադեմիական այդ հաստատության  տնօրենի խմբագրությամբ հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի «Ներածություն» բաժնում, որ, ի դեպ, հեղինակել է ինքը՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, կարդում ենք, որ մեր Հայրենիքն արեւելքում սահմանակցում է (հենց այդպես՝ ներկա ժամանակով էլ գրված է) Կասպից ծովին:  Նույն դասագրքում «Հայասա» կազմավորումն անառարկելիորեն համարվում է հայկական պետություն, որ հիշվում է շումերական արձանագրություներից մեկում: Հիմնավորու՞մը: Հեղինակն այս դեպքում հանդես է գալիս որպես լեզվաբան եւ բացատրում, որ  անվանումը կազմված է «հայ» արմատից եւ «սա» մասնիկից, որ շումերերենում ուներ «տեղանվանակերտ» իմաստ: Մնում է ասի՝ «ա-ն էլ հայերենի հոդակապն է»:

Ճիշտ նույն ոգով ադրբեջանցի հեղինակն ասում է, որ Հայկական լեռնաշխարհի «Ազզի  ցեղային կազմավորումն առաջին ադրբեջանական պետությունն է»: Եւ դարձյալ հանդես է գալիս որպես «լեզվաբան»՝ «ազզի-ազերի-Ադրբեջան»: Նույն դասագրքի  «Ներածականում» Ուրմիա (Կապուտան) լիճը տեղորոշված է Հայկական լեռնաշխարհում՝ մեր պատմական Հայրենիքում, իսկ ահա քարտեզում չկա: Ինչու՞: Որովհետեւ Իրանը, որի ներկայիս տարածքում է Ուրմիան, Հայաստանին բարեկամ երկի՞ր է: Սա գիտությու՞ն է, թե՞ քաղաքականություն, երբ մի դեպքում Հայաստանի արեւելյան սահմանը հասնում է Կասպից ծովին (քանի որ այդ տարածքները ներկայումս Ադրբեջանի՞ մաս են կազմում), իսկ երբ խնդիրը վերաբերում է Իրանին, Ուրմիա լիճն ու հարակից տեղաշրջանը քարտեզից դուրս են  թողնում: Եթե մի ուշիմ աշակերտ այդ քարտեզն ուսումնասիրի, համեմատի դասագրքի ներածականի հետ եւ  հարցնի, թե ինչու՞ Ուրմիան Հայկական լեռնաշխարհի քարտեզից դուրս է մնացել, ուսուցիչն ի՞նչ  պատասխանի:

Պիտի ասի՝ ճիշտ է, դա մեր պատմական Հայրենիքի մասն է, բայց քանի որ Իրանով է անցնում Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող երկու ճանապարհներից մեկը, ապա դասագրքի հեղինակներն այդպե՞ս են նպատակահարմար գտել: Կարելի է ասել, որ Ջավախքը մեր Հայրենիքն է, իսկ Պարսկահայքի մասին դիվանագիտորեն լռե՞լ: Առաջին նախագահի ասած «գավառամտությունը» հենց սա չէ՞: Եթե Հայկական լեռնաշխարհի հայկանությունը գիտականորեն ապացուցված  է, ապա ինչու՞  ոչ մի խոսք չկա այն մասին, որ վաղնջական հայկական պետական կազմավորումներից մեկն էլ տեղորոշվում է ներկայիս Իրանի հյուսիս-արեւմուտքում: Եթե նոր չափորոշիչների  պատվիրատուն «Սորոսը եւ թուրքերն են»՝ ինչպես ասում են, ապա պատմական հիշողությունից Պարսկահայքը ջնջելու պատվիրատուն ո՞վ է: Իրանի կառավարությու՞նը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպու՞սը: Պատմությունը գիտությու՞ն է, թե՞ հայրենասիրության դաս: Եթե գիտություն է, պետք է գրվի խիստ գիտականորեն: Եթե հայրենասիրական դաս է, ի՞նչ կարիք կա լրացուցիչ ծախսեր անել եւ պատմության դասագրքեր տպագրել: Աշակերտներին հանձնարարենք՝ կարդան Հայկ Խաչատրյանի պատմավեպերը:  Աբովյան, Րաֆֆի, Մուրացան, Լեո: Կիլիկյան Հայաստանի մասին՝ Շանթի դրամաները: Փառք աստծո, հայ գրեթե բոլոր գրողները պատմական թեմայով մի բան ունեն: Բայց՝ լուրջ. այսպե՞ս ենք արդի աշխարհում մրցունակ սերունդներ կրթելու: