Քաղաքականություն

«Հրապարակ». Արցախահայերի ճակատագրերի համար ինձ բացարձակ չեն մեղադրում

«Հրապարակ». Արցախահայերի ճակատագրերի համար ինձ բացարձակ չեն մեղադրում

44-օրյա պատերազմի ժամանակ սփյուռքից «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղարկված գումարների վատնումը, կառավարության կողմից այդպես էլ նորմալ հաշվետվություն չներկայացնելը սասանել են սփյուռքահայ բարերարների հավատը։ Դա վատ դաս է եղել` նրանք այլեւս ՀՀ կառավարությանը, նաեւ՝ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակին չեն վստահում, եւ դա է պատճառը, որ այս օրերին սփյուռքից մեծ օգնություն չի գալիս Հայաստան։ Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար բարերարները հաճախ ֆինանսական եւ նյութական աջակցությունն ուղարկում են կամավորների միջոցով կամ էլ` հասցեական։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ օգնությամբ բեռնված բեռնատարները Հայաստան են մտնում նաեւ ՀՀ ներքին գործերի նախարարության անունով, ստուգվում, ապա ուղարկվում մարզեր` բաշխվելու։ 

Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը պարբերաբար հանդիպումներ է ունենում սփյուռքի հայ համայնքների հետ եւ տարօրինակ է համարում այն պնդումը, թե անվստահություն կա իրենց կառավարության հանդեպ։ Նա կարծում է, որ իրենց միանշանակ վստահում են: Հետաքրքրվեցինք․ արդյոք իրեն՝ որպես այս կառավարության անդամի, սփյուռքում մեղադրո՞ւմ են՝ արցախահայերի զանգվածային տեղահանության եւ նրանց ճակատագրերի խեղման համար, իր այցելությունների ժամանակ սփյուռքահայերը չե՞ն արտահայտվում, ի՞նչ տրամադրություններ են տիրում սփյուռքում։ 

«Տրամադրությունը բնութագրելու կարիք չկա, մարդիկ սարսափելի սթրեսի մեջ են, ո՞ր մի նորմալ մարդն իրեն լավ կզգա։ Ինձ բացարձակ չեն մեղադրում, իսկ մեղադրանքները գիտենք, թե ովքեր են ուղղում։ Այն մարդիկ են, որոնք պիտի կրեն այդ մեղադրանքները, ուղղակի ուրիշի վրա են գցում»,- ասաց Զարեհ Սինանյանը՝ հավանաբար, ակնկարկելով Դաշնակցությանը։ 

Սփյուռքի հանձնակատարի խոսքով՝ արցախահայերին ուղղված օգնության հոսքերը վերահսկվել են կառավարության կողմից ստեղծված հումանիտար խմբի կողմից, որի անդամ է եղել նաեւ ինքը։ «Ամենալավ պետություններում էլ նման ճգնաժամերը, իհարկե, շատ դժվար է կառավարել միայն պետական ջանքերով, եւ, բարեբախտաբար, մենք ունենք բարեգործական եւ հասարակական կազմակերպություններ, որոնք միանգամից գործի լծվեցին։ Այդ կազմակերպությունների մեծ մասը սփյուռքում է։ Այս պահին էլ սփյուռքի տարբեր կազմակերպություններ միջոցներ եւ ջանքեր են գործադրում, որպեսզի այդ բացը լրացնեն։ Կանադայում դրամահավաք էր կազմակերպվել, եւ համայնքային ղեկավարների մեծ մասը ներկա էր ու մասնակցում էր դրամահավաքին։ Կազմակերպվում են դրամահավաքներ նաեւ Ռուսաստանում»,-նշեց նա: Սինանյանը, ի դեպ, վերջերս է վերադարձել Ֆրանսիա կատարած այցից, որտեղ սակավաթիվ դահլիճներում հանդիպումներ է ունեցել ֆրանսահայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ: Նիցցայի թուրքահպատակ մի խումբ հայեր են կազմակերպել այդ հանդիպումներից մեկը, հայ համայնքի գերակշռող մասը դրանց չի մասնակցել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image