Փաշինյանը հապաղում է

Փաշինյանը հապաղում է

Չի բացառվում, իհարկե, որ Նիկոլ Փաշինյանը մտածում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին եւ էլի մի քանիսին, ներողություն արտահայտությանս համար, «ռադ անելու» մասին։ Բայց եթե Փաշինյանը նոր է սկսել մտածել այդ մասին, ապա նա կարգին ուշացել է, քանզի այսօր արդեն, ի դեմս նշվածների, մենք ունենք հիմնահատակ ավերված ամբողջական ոլորտներ։ Էն էլ ի՛նչ ոլորտներ՝ առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակույթ եւ սպորտ։ Ինչո՞ւ են քանդել՝ հասկանում ենք, իսկ ո՞վ է պատասխան տալու՝ հայտնի չէ։

Արսեն Թորոսյանի մնալ-չմնալու հարցն այլեւս քննարկման ենթակա չէ։ Նրա խորհուրդների եւ մտավոր կարողությունների պատճառով մենք ունենք մոտ 700 զոհ, նաեւ հազարավոր հիվանդներ, որոնց մի մասը եւս դատապարտված է մահվան։ Պետությունը հսկայական միջոցներ է վատնել, իսկ արդյունքում հանրությունն այդպես էլ մնացել է անօգուտ դիմակների եւ ալկոգելների հույսին։ Առողջապահական հիմնարկներում կատարյալ քաոս է տիրում, ԲԿ-ների նորանշանակ ղեկավարները ոչինչ չեն կարողանում կազմակերպել, որովհետեւ այդ պաշտոնին են հայտնվել Թորոսյան Արսենի ԽԾԲ-ական քաղաքականության շնորհիվ, իսկական մասնագետները կա՛մ դուրս են մնացել ոլորտից, կա՛մ փախել երկրից՝ խուսափելով անվերջանալի թվացող հետապնդումներից։ Արսեն Թորոսյանը, գուցե, Նիկոլ Փաշինյանին համոզել է, որ սա է առողջապահության համաշխարհային փորձը Հայաստան բերելու, գլոբալիզացվող աշխարհին ինտեգրվելու միակ ճանապարհը, բայց ինչ էլ լինի, Թորոսյանի ցույց տված արդյունքներն ավելի քան ցավալի են, եւ նա պետք է հեռանա։ Փաշինյանը պետք է հեռացնի նրան, այլապես ստիպված է լինելու անձամբ պատասխան տալ երկրի առողջապահության համակարգը ոչնչացնելու համար։

Իր ո՞ր արժանիքի համար է Արայիկ Հարությունյանն զբաղեցնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնը։ Փաշինյանը գոնե տեղյա՞կ է, որ իր նախարարի մասին խոսելիս նույնիսկ ուսուցիչներն ու աշակերտներն են օգտագործում հայտնի մականունը։ Մի մարդ, որ երես չունի եկեղեցի, դպրոց, բուհ, մշակութային կամ մարզական օջախ մտնելու, բացարձակապես չի շփվում իր նախարարության աշխատակիցների հետ, ինչպե՞ս կարող է համակարգել այդ հսկա ոլորտների աշխատանքը։ Հարյուր հատ տեղակալ ու օգնական թող պահի այդ մարդը, դրանից ի՞նչ է փոխվելու ուսանողի, սովորողի, գիտնականի, մշակույթի գործչի, մարզիկի մոտ, եթե այսօր նրանք ընդամենը քամահրական ձեւով ժպտում են իրենց նախարարին հիշելիս կամ նրա հերթական արկածների մասին լսելիս։ Պահիր Արայիկ Հարությունյանին, պարոն Փաշինյան, պինդ պահիր։

Պահիր այնպես, ինչպես պահեցիր այն ժամանակ, երբ նա, առանց հասկանալու, հայագիտական առարկաների դասաժամերն էր կրճատում բուհերում, երբ նա կրոնավոր էր վռնդում դպրոցից, երբ սիրալիր ընդունելության էր արժանացնում անհասկանալի սեռի կապիկներին, բայց մերժում էր ընդունել իր ուսանողին, հրաժարվում էր խոսել իր գիտնականների եւ դասախոսների հետ, երբ աջ ու ձախ ռեկտորներ էր ազատում աշխատանքից եւ ապօրինաբար իր մարդկանց նստեցնում բուհերի ղեկավարների աթոռներին։ Հիմա էլ այս նոր խայտառակությունը՝ «Հայ գրականություն» առարկայի վրայից հանում են «Հայ» բառը, մեր երեւելի հեղինակներին դուրս թողնում ծրագրերից, փոթորկում ոչ միայն գիտականներին, այլեւ մանկավարժներին եւ ուսանողությանը։ Բարձր միավորներ ստացած դիմորդները նախարարի ու նրա ղեկավարած սուպերհաստատության մեղքով դուրս են մնում բուհերից։ Ինչո՞ւ։ Եթե դա սխալմունքի հետեւանք է եւ ոչ միտումնավոր ստորություն, ապա ինչո՞ւ նախարարը չի բարեհաճում հանդիպել բողոքող դիմորդներին ու նրանց ծնողներին։ Փաշինյանը հեռացներ Արայիկ Հարությունյանին այն ժամանակ, երբ ՀՅԴ երիտասարդներն ու տարբեր բուհերի ուսանողներն էին դա պահանջում, այսօր գուցե այս վիճակը չունենայինք։

Փաշինյանի շատ կադրեր պարզապես չեն համապատասխանում այն պաշտոններին, որ զբաղեցնում են։ Կարդում ես նրանց կենսագրությունները՝ բոլորն անխտիր կուսակցական, քաղաքական եւ պետական գործիչ են հորջորջված՝ առանց նվազագույն աշխատանքային փորձի։ Մարդ կա՝ դպրոցի նստարանից է պաշտոնի անցել, կենսագրության մեջ մի տասը տարին ուղղակի բացակայում է, որովհետեւ տաքսի է քշել կամ՝ «դիվան», ամաչել է այդ մասին կենսագրության մեջ հիշատակել։ Սրանց հետ, որ չեն կարողանում երկու էշի գարի ջոկել, ո՞ւր է հասնելու Փաշինյանը, ո՞ւր ենք հասնելու մենք, ո՞ւր է հասնելու երկիրը՝ պատերազմի մեջ գտնվող մեր պետությունը, որտեղ, թվում էր, ամեն ինչ պետք է աշխատեր ժամացույցի պես։ Իսկ մեզ մոտ, փաստորեն, ժամացույցի պես միայն պարգեւատրումների ու հավելավճարների համակարգն է գործում։ Փորները կուշտ լինի, իսկ մնացած ամեն ինչի վրա թքած։