Ոստիկանությունը գողին ճանաչում է, բայց չի կարողանում բռնել (տեսանյութ)

Ոստիկանությունը գողին ճանաչում է, բայց չի կարողանում բռնել (տեսանյութ)

Նոյեմբերի 27-ին Երևան քաղաքի Հանրապետության փողոցի մթերային խանութներից մեկում օրը ցերեկով, տեսախցիկների առաջ մի տղամարդ գողանում է քաղաքացի Էմմա Բաղդասարյանի I Phone 8 տեսակի հեռախոսը։ Այդ ամենը ֆիքսել են տեսախցիկները, որտեղ պարզ երևում է՝ ով է մոտենում և ինչպես է քաղաքացու գրպանից հանում հեռախոսն ու տանում։ Բայց ոստիկանությունը որևէ կերպ չի կարողանում հայտնաբերել գողին։

Էմմա Բաղդասարյանը դիմել է ոստիկանություն, որտեղ տեսախցիկների արձանագրությամբ պարզել են՝ ով է գողը, ճանաչել են նրան անձամբ, որ Արտակն է, գտել են անգամ նրա ֆեյսբուքյան էջ՝ Արտակ Խորենյան անուն-ազգանունով, որտեղ նշված է, որ ապրում է Երևանում, աշխատում Մարտունիում, ու այդքանով հանդերձ՝ մինչ օրս չեն կարողանում հայտնաբերել նրան։

Ոստիկանությունը քննչականի վրա է գցում, հետո ասում են՝ գործը հետաքննիչի մոտ է, հետո ասում են՝ ծանուցագիր են ուղարկել Արտակ Խորենյանին, սակայն չի ներկայացել ոստիկանություն, քննիչն էլ զանգերին գրեթե չի պատասխանում։ Մի խոսքով՝ մեկը մյուսի վրա է գցում, մինչդեռ սա, դատելով նրանից, որ բոլոր փաստերն ու տվյաներ կան, երևի ժամերի ընթացքում բացահայտման ենթակա գործ էր։ Ոստիկանությունից մեզ ընդամենը ասացին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, այսինքն՝ դեռ քրգործ էլ չեն հարուցել։

Եվ սա առաջին դեպքը չէ, երբ «Նոր Հայաստանում» ոստիկանությունն ուղղակի ի վիճակի չի լինում կամ պարզապես չի ցանկանում բացահայտել նման պարզունակ հանցագործությունները։

Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ հայտնվում են անպաշտպան վիճակում, երբ կարող են օրը ցերեկով իրենց իրերը գողանալ, ու ոստիկանությունը մատը մատին չխփի դա հայտնաբերելու հարցում։ Սա ևս մեկ անգամ գալիս է խորացնելու այն կասկածը, որ ոստիկանությունը համագործակցում է գողերի, ջեբկկիրների հետ, որ դեմքով բոլորին շատ լավ ճանաչում են, գիտեն՝ ով ով է, ինչով է զբաղվում, բայց չեն կարողանում նրանց բռնել։ Կամ էլ պարզապես պետք է արձանագրել, որ մերօրյա ոստիկանությունն ուղղակի անզոր է, ի վիճակի չէ հանցագործություն բացահայտել։