Մեղադրանքի թելերը տանում են դեպի Արթուր Դավթյան եւ Գեորգի Կուտոյան

Մեղադրանքի թելերը տանում են դեպի Արթուր Դավթյան եւ Գեորգի Կուտոյան

Բժիշկ Արմեն Չարչյանի դեմ առաջադրված մեղադրանքը եւ դատախազի միջնորդությունը կքննարկվի այսօր՝ ԱԺ նիստի երկրորդ մասում, Սեյրան Օհանյանի մասով փակ քննարկման ավարտից հետո։ Հիշեցնենք, որ Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին մեղադրում են Հաց բերող Արթուր Սարգսյանի վերաբերյալ կեղծ բժշկական եզրակացություն ստորագրելու համար, չնայած փորձագետները մի քանիսն են եղել եւ փորձագիտական եզրակացությունն էլ կայացվել է ֆորմալ առումով ընթացակարգերի պահպանմամբ։ 

Հիշեցնենք նաեւ, որ այդ փորձաքննությունից առաջ մեկ փորձաքննություն արդեն Արթուր Սարգսյանի առողջական վիճակի եւ կալանքի հետ համատեղելիության վերաբերյալ արդեն անցկացվել էր եւ եզրակացություն եղել էր Արթուր Սարգսյանի օգտին։ Սակայն, չգիտես ինչու, իրավապահները որոշել էին կրկնակի փորձաքննություն անցկացնել եւ ստանալ իրենց ուզածը, որ Սարգսյանը մնա կալանքի տակ։ 

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, թվում է, որեւէ կերպ կաշկանդված չէր պարզելու, թե ինչ «կասկածներ» են առաջացել՝ կապված առաջին փորձաքննության հետ եւ ինչու է որոշվել երկրորդ փորձաքննությունն անցկացնել։ Այդ հարցերի պատասխանները շատ կարեւոր են, քանի որ դրանից կհասկացվեր, թե ով է «կասկածներ» ունեցել, ով է հրահանգել հակառակ եզրակացությունը տալ եւ ով է ճնշել փորձագետների երկրորդ խմբին։ Իրականում հանցանքը կատարել է հենց այդ անձը, սակայն Վարդապետյանն ուրիշ խնդիր է լուծել՝ պատժել ընդդիմադիր պատգամավորին, վաղեմության ժամկետն անցած արարքի համար։

Այդ գործընթացին սերտ առնչություն ունեցող անձը մեզ պատմեց, թե ինչ է եղել իրականում։ Բանն այն է, որ Հաց բերողը՝ մտնելով ՊՊԾ գունդ, ոչ միայն հաց էր հասցրել արգելափակված Սասնա Ծռերին, այլեւ զենքը ձեռքին հսկել էր գնդի տարածքում պատանդառված անձանց, մասնավորապես՝ բժիշկներին, եւ իշխանությունը լուրջ կասկածներ է ունեցել, որ նա Ծռերի խմբի անդամ է եղել ի սզբանե եւ պետք է հավասարաչափ պատիժ կրի խմբի մյուս անդամների հետ։ Եւ բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն ինչ արել են, որ Արթուր Սարգսյանին բաց չթողնեն։

Աննա Վարդապետյանի նշած «կասկածները»՝ առաջին փորձաքննության վերաբերյալ, ապա եւ կրկնակի փորձաքննություն նշանակելու գաղափարը պատկանել է երկու անձի՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որը հետագայում բարեհաջող տեղավորվեց Նիկոլ Փաշինյանի թեւի տակ եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, որը 2020 թվականի հունվարին ինքնասպանություն գործեց։ 

Նրանք նաեւ ուղիղ ճնշումներ են գործադրել փորձագետների վրա եւ ամեն ինչ արել, որպեսզի ստորագրվի այդ եզրակացությունը։ Եւ եթե Աննա Վարդապետյանը մի չնչին չափով իրավական պարկեշտություն ունենար ու պատվեր չկատարեր, պետք է գնար մինչեւ այս գործի ակունքները՝ բացահայտեր Արթուր Դավթյանի եւ Գեւորգի Կուտոյանի դերակատարությունը Հաց բերողի հարցում։ Դատախազը նաեւ, ենթադրվում է, բժիշկ-փորձագետների նկատմամբ նույն գորովանքը պետք է ունենար, ինչն ունեցել է Վեդու Կադաստրի պետի նկատմամբ, որի անօրինական գործողությունները՝ զորամասն օտարելու հետ կապված, վերագրեցին վերեւից, այն էլ ոչ թե իր անմիջական վերադասից, այլ պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանից եկած ճնշմանը եւ որեւէ բանում նրան չմեղադրեցին։