Տվեք մեր փողերը    

Տվեք մեր փողերը    

Շուրջ ինն ամիս է, ինչ Հայաստանի բոլոր լրատվամիջոցներն անդրադառնում են մանկապատանեկան «ավանդական» պարբերականների՝ պետական աջակցությունից զրկվելուն: Իրականում, աջակցություն ասելը ճիշտ չէ, որովհետեւ, ունենալով աննշան իրացում, այդ պարբերականները տպագրվում էին բացառապես պետական միջոցներով: Արդյունքը, մեղմ ասած, գոհացուցիչ չէր: Վերջապես այս տարի իրավիճակ փոխվեց: Հայտարարվեց մրցույթ: «Աղբյուր»-ն ու «Խատուտիկ»-ը, որ միջին դպրոցական տարիքի համար էին, մասնակցում էին նույն չափաբաժնով: «Խատուտիկ»-ը խնդրել էր 6 միլիոն գումար, «Աղբյուր»-ը, եթե չեմ սխալվում՝ 11 միլիոն: «Աղբյուր»-ը պարտվեց: Գլխավոր խմբագիրը սկսեց աղմկել, եւ առաջին հերթին թիրախավորվեց «Խատուտիկ»-ը: Հարկ չէի համարում պատասխանել, բայց երեւի ճիշտ չէր: 

«Պիոներ» ամսագիրը, իսկապես, սերունդ էր դաստիարակում: 70-ականների սկզբին «Պիոներ»-ի եւ նրա հավելված «Ծիծեռնակ»-ի արձակի բաժնի վարիչն էի: Տպաքանակը, կարծեմ, 120 հազար էր: Շատ ջրեր հոսեցին: Ժամանակները փոխվեցին, «Պիոներ»-ն «Աղբյուր» դարձավ: Ամսագրի ֆինանսական վիճակը չվատացավ՝ գումար միշտ հատկացվել է, բայց «Աղբյուր»-ը վատնել է երբեմնի համբավը: Տպագրվածը չի իրացվել: Մերկապարանոց հայտարարություններ չանելու համար հիշատակեմ մի երկու թիվ, որ վերցված է ամսագրի 2018 թվականի 3-4-րդ համարներում տպագրված տարեկան հաշվետվությունից․ «Աղբյուր»-ը ստացել է բյուջեից 10 միլիոն 543 հազար դրամ: Տպագրել է ընդամենը 6 միացյալ համար եւ այն էլ խախտումով՝ միացյալ համարը պետք է ավելի ծավալուն լինի, բայց այս պարագայում ուղղակի ամսագրի վրա երկու համար է գրվել եւ վերջ: Տարեկան 12 հազար տպաքանակից իրացվել է 13,4 տոկոսը: Մնացածը, իրենց ասելով, նվեր են ուղարկել Արցախ եւ Աբխազիա: Ստացվում է, որ պետական հսկայական միջոցներ մսխելով՝ ամսական իրացվել է շուրջ 250 օրինակ ամսագիր: Եվ նորից Տոնոյանը պահանջում է՝ տվեք մեր փողերը: Եվ հերթական տեսանյութում հայտարարում է, որ ինքը ո՛չ մենեջեր է, ո՛չ մարկետոլոգ: Իսկ նրանք, որ հաղթել են այս տարվա մրցույթում, «եփված են, կոփված եւ քոքված»: Եվ նախարարը պետք է հրաժարական տա՝ իրենց փողից զրկելու համար: Որ գումարները «տվել են փողոցի պատահական մարդկանց»: Ասեմ, որ «Խատուտիկ»-ն ու «Լուսապսակ»-ը տպագրվում էին արդեն 21 տարի, ստանում էին 5 անգամ պակաս ֆինանսական աջակցություն՝ տպագրելով 9 համար, ապահովելով 100 տոկոս իրացում։ Բայց «Աղբյուր»-ը, ըստ խմբագրի, բացառիկ է, որովհետեւ 100 տարվա պատմություն ունի (ավելի ճիշտ` 96), եւ ակունքներում Չարենցն ու Զորյանն են կանգնած եղել: Միայն հասկանալի չէ, թե ինքն այդ ամենի հետ ինչ կապ ունի: 

Բայց հարկավոր էր ապացուցել, որ սխալ ընտրություն է կատարվել, բացասական կարծիք ստեղծել «Խատուտիկ»-ի շուրջ՝ դրանով նաեւ հարվածի տակ դնելով մրցույթի կազմակերպիչներին: Եվ բախտը վերջապես Տոնոյանին Ժպտաց՝ «Խատուտիկ»-ի՝ համացանցից վերցված միակ նյութի մեջ թվի սխալ էր արտատպվել, նաեւ՝ մի երկու վրիպակ: Հայաստանի Հանրապետության ողջ լրատվական դաշտն արձագանքեց: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից Տոնոյանը պահանջեց պատժել «Խատուտիկ»-ի խմբագրին:

Ինձ հետաքրքրեց, թե ինչպիսին է «Աղբյուր»-ը, եթե «Ջիվան» անվան վերջում «ք» վրիպակ թույլ տալը մահացու մեղք է: Մեր համատեղ, վատ հիշողություններ արթնացնող աշխատանքային տարիներից անցել է 25 տարի, ամսագրի ոչ մի օրինակ չէի տեսել: Թեթեւ աչքի անցկացնելով մի երկու համար՝ պարզվեց, որ 9 աշխատակից ունեցող խմբագրությունն ավելի հետաքրքիր բան չի մտածել, քան թիվ 136 դպրոցի աշակերտական թերթն առանց խմբագրելու արտատպելը եւ այն էլ՝ ոչ մեկ անգամ: Տպագրել էին ամսագրային 2 էջ «Աղբյուր»-ին ուղղված դիֆերամբներ, անթիվ-անհամար մանկական բանաստեղծություններ, որոնք տեղ չեն թողնում միտք զարգացնող որեւէ նյութի: Ամենացնցողը բախտագուշակն էր. «Դուք, հավանաբար, կսիրահարվեք երիտասարդ հասակում, սակայն կամուսնանաք ավելի հասուն տարիքում... Վաղ թե ուշ Դուք Ձեր թշնամիներից վրեժ եք լուծելու», «Հակառակ սեռի ներկայացուցիչները պարզապես խենթանում են Ձեզ համար: Այս համարի աղջիկները սովորաբար վաղ տարիքում են ամուսնանում»: Կամ՝ սա ի՞նչ լեզու է. «Գերմանացի հոգեբան Լարս Շվաբեն եւ բժիշկ Օլիվեր Ուոլֆն իրականացրել են գիտափորձ ու պարզել, որ սթրեսն ազդում է ուսումնական գործընթացում ուղեղի կողմից տարբեր ստրատեցիաների կիրառման, ինչպես նաեւ ուղեղի տարբեր մասերի ներգրավվածության վրա: Ինչպես գիտնականներն են պարզել, սթրեսն ուղեղին ստիպում է աշխատել կոշտ ռեժիմով եւ բարդ մոտեցումներ կիրառել՝ նյութը սովորելու համար»: Եվ կամ՝ երեխան ի՞նչ հասկանա սրանից. «Հուլիսի 28-ին ներկայացվել էր 51 կուբիթանոց ռեկորդային քվանտային համակարգիչ, որը ճանապարհ է բացում դեպի տեխնոլոգիաների նոր կիրառում: Հարվարդի ռուս եւ ամերիկացի գիտնականները ստեղծել եւ փորձարկել են աշխարհի առաջին 51 կուբիթից բաղկացած քվանտային համակարգիչը: Սարքն իր տեսակի մեջ ամենաբարդ համակարգն է: Քվանտային համակարգիչները հատուկ հաշվարկային սարքեր են, որոնց հզորությունն ուժեղանում է քվանտային մեխանիկայի օրենքների կիրառման շնորհիվ...»։ Անվերջ կարելի է շարունակել:

Մեկ-երկու լավ հեղինակից բացի, «Աղբյուր»-ում համատարած գորշություն է: Շատ նախադասություններ պարզապես հայերեն չեն: Լիքն են ոճական անհարթությունները: Ե՛վ վրիպակներ կան, ե՛ւ տառասխալներ, ե՛ւ երկու, երեք բաղաձայնով բազմաթիվ տողադարձեր:
 Եվ վերջում հիշեցնեմ աստվածաշնչյան պատվիրանը՝ ուրիշի աչքի չոփը տեսնելու եւ սեփական աչքի գերանը չտեսնելու մասին:


Ֆենիքս ՍԱՐԴԱՐՅԱՆ
«Խատուտիկ» ամսագրի գլխավոր խմբագիր