Փրկչի համախտանիշ դիագնոզի հետ գործ ունենք

Փրկչի համախտանիշ դիագնոզի հետ գործ ունենք

Հանցագործների  հոգեբանությունը ուսումնասիրող գիտության (criminal psychology) մեջ կա «Փրկչի համախտանիշ» անունը կրող մի շատ հետաքրքիր եզրույթ։

«Փրկչի համախտանիշ» դիագնոզը կիրառվում է այն դեպքում, երբ հանցագործը, որը ծանր հանցագործություն է կատարել, արդարացնում է իր արարքը` «մարդկանց կամ հասարակությունը փրկելու» մղումներով։
Հաճախ այդ արդարացումից օգտվում են ծայրահեղ վտանգավոր աղանդների ղեկավարները։ Օրինակ, ժամանակին այս ախտորոշումը հայտնաբերվել է ճապոնական «Աում Սենրիկե» աղանդի ղեկավար Սեկո Ասահարայի մոտ` այն բանից հետո, երբ իր աղանդի ներկայացուցիչները ահաբեկչական գործողություն են իրականացրել Տոկիոյի մետրոյում, որի արդյունքում բազմաթիվ անմեղ մարդիկ եին զոհվել: 

Ուսումնասիրելով նման դեպքերը, կրիմինալիստ հոգեբանները եկան եզրակացության, որ այս կարգի արարքների արդարացման հիմքում ընկած է հանցանք կատարած անձի կամ անձանց կողմից իրենց կատարած հանցագործությունը որպես հանրային օգտակար արարք ներկայացնելու փորձերը։ 

Եվ ահա, լսելով թավշյա իշխանությունների տարատեսակ ներկայացուցիչների մտորումներն այն մասին, թե իբր «ղարաբաղյան շարժումը խոչընդոտ էր Հայաստանի անկախության համար» հստակ տպավորություն է ստեղծվում, որ այս բոլոր բառերի և իբր պետականամետ խոսքերի ետևում թաքնված է ուղղակի «Փրկչի համախտանիշի» դասական օրինակը։ Երբ ուղղակի հակապետական, հակահայկական, ապազգային արարքներից հետո փորձ է արվում տեղի ունեցած իրադարձությունները ներկայացնել, որպես «հանրային օգուտ բերող» գործընթաց։
Իհարկե, վերը նշված պնդումները կատարյալ աբսուրդ են և թուրքամետ հիմարություն, քանզի այս իշխանության արարքները Հայաստանի հանդեպ նման են մի իրավիճակի, երբ, օրինակ, բժիշկը միտումնավոր հեռացնում է հիվանդի գլուխը, որ հիվանդը չտառապի գլխացավից։

Սակայն իշխանությունների այս խղճուկ փորձերը` հերթական անգամ ֆռռացնել և մոլորեցնել «հպարտ քաղաքացիներին» միանգամայն հասկանալի են, չէ որ եթե իրենք հանկարծ ընդունեն իրենց մեղքը, ապա իսկույն ստիպված կլինեն լքել իրենց հարմարավետ առանձնասենյակները, իսկ դա իրենց համար մահից ավելի վատ է։