Նախընտրական մտորումներ-2

Նախընտրական մտորումներ-2

«Միակը»

1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում տեղի ունեցավ սողացող իշխանափոխություն: Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ձեւավորած իշխանությունը գլխատվելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատն արեց հնարավորը՝ իշխանության ղեկը ձեռք գցելու համար: Բայց գործող նախագահը բնատուր խելքի, խորամանկության ու կամային հատկանիշների շնորհիվ կարողացավ պահպանել իշխանությունը: Երկու ճամբարում էլ առկա էին «Միասնություն» դաշինքի ուժերից ազատվելու տրամադրություններ, իշխանություն կորցրածները՝ նեղացածության պատճառով, գործող իշխանությունը՝ յուրայիններով ամրապնդվելու նպատակով: Դա բերեց ժամանակավոր հաշտության, գուցեեւ՝ փոխզիջման: Սակայն ավարը կիսելու եւ իշխանության համար չթուլացող պայքարը ստիպեց նրանց կանգ չառնել միջոցների առջեւ: Դրա բարձրակետը եղավ 2008 թվի մարտի 1-ը:

Հանուն ճշմարտության նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը միջազգային ատյաններում Հայաստանի նախագահներից ամենահամոզիչ ու սկզբունքային դիրքորոշումն է դրսեւորել արցախահայության դատը պաշտպանելիս: Որպես Հայաստանի ղեկավար՝ նա ձեռք բերեց վստահելի գործընկերոջ համբավ: Նրա կառավարման վերջին տարիներին երկրի անվտանգությունն ակնհայտորեն գտնվում էր կայուն եւ հուսալի վիճակում: Հնարավոր է, որ այդ ամենի գինը Հայաստանի ռազմավարական հարստության մեծ մասի փոխանցումն էր հյուսիսային դաշնակցին, որով անուղղելի հարված հասցվեց Հայաստանի տնտեսական անկախությանը: Իշխանությունը պահելու նպատակով, Ռոբերտ Քոչարյանը որոշակիորեն օգտվեց մարդկային թուլություններից ու արատներից: Ոմանց կաշառեց գեներալական ուսադիրներով ու պաշտոններով, բարենպաստ պայմաններ ստեղծեց հայրենական օլիգարխիայի ձեւավորման համար: Այդպես ձեւավորվեց երկրի «միակ տղամարդու» ինքնագնահատականը:

2003 թվի խորհրդարանական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թողտվությամբ ընտրակաշառքն առաջին անգամ ստացավ տոտալ բնույթ: Անկախության ճամփան բռնած ժողովրդին երազել ու թռչել սովորեցնելու փոխարեն, երկրի առաջնորդը նրանց տարավ մուրացիկի պես կռանալու, սողալու ճանապարհով: Մենք տանուլ տվեցինք պետական մակարդակով մեր ժողովրդին՝ ծախվել սովորեցնելով: Եվ ո՞վ կարող էր երաշխավորել, որ տարիներ հետո թշնամական որեւէ պետության բյուջեից գումարներ չէին հոսի Հայաստան, եւ չէին գտնվի մարդիկ, որոնք կարող էին զգոնությունը կորցրած ժողովրդի մասնակցությամբ իրականացնել խաղաղ իշխանափոխություն ու մի գիշերվա մեջ փոշիացնել անկախության տարիների մեր նվաճումները:

«Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսի հեղինակն ինչքա՞ն պիտի չսիրեր իր երկիրը, որ իշխանության ղեկին մնալու համար ձեւախեղեր իր իսկ «կուսակցությունը»՝ նրան դարձնելով մեղկ եւ ուզվոր: Արդյոք գիտակցո՞ւմ էր նա, որ իր գործադրած մամլիչի ներքո երբեմնի ըմբոստ ժողովուրդը կարող է կորցնել ինքնապաշտպանության բնազդը, տարիներ անց վերածվել միմյանց մեղադրող «զոմբիների» ու «պիցայակերների»: Տնտեսական աճի ու աշխատատեղերի ստեղծման անգամ իրական ցուցանիշների թմբկահարումը չէր կարող դառնալ այնպիսի արժեք, ինչպիսին անկախ պետության քաղաքացու ձեւավորումն է: Ու հիմա զարմանում են, թե ոնց են մարդիկ հանդուրժում այսօրվա իշխանություններին: Վաղը, երիցս հիասթափված այս ժողովրդին ուր ասես կարող են շրջել՝ այն պարզ պատճառով, որ նրանց հոգիներում վաղուց արժեզրկվել է անկախության գաղափարը, խամրել նրա զգացողությունը: Մի՞թե սա չէ պատճառը, որ պատմության թոհուբոհում քանիցս դժվարությամբ նվաճել ու հազարապատիկ թեթեւությամբ կորցրել ենք մեր անկախությունը:
Առաջնորդներն իրենց որակները փոխանցում են ժողովրդին: Ամեն առաջնորդ չէ, որ կարող է իր ժողովրդին պատրաստել թռիչքի: Դրա համար առաջնորդն ի՛նքը պիտի թռչել կարողանա: Այս հարցում մեր բախտն այնքան էլ չբերեց: Այդպես էլ չիմացանք՝ մերոնք թռչելու շնո՞րհ, թե՞ ցանկություն չունեցան:

Շախմատիստը

2008-ին իշխանության եկավ երրորդ նախագահը: Խոստումնալից էին նրա ծրագրերն ու հնչեցրած գաղափարները: Չնայած մեկ տասնամյակ տեւած կառավարման շրջանում դրանց մեծ մասը մնաց անկատար, բայց մարդիկ հասկանում էին, որ գլխավոր հարցն արցախյան խնդրի կարգավորումն էր: Ուստի հանուն Արցախի, նրանք համբերությամբ տարան իրենց բաժին հասած փորձությունները, ներեցին կամ չնկատելու տվին իշխանությունների սխալները:

2018-ի գարնանը սկզբում անհեռանկարային թվացող միտինգների ու ցույցերի «ճնշման» ներքո երրորդ նախագահը գրեց հրաժարականի դիմում: Դա նշանակում էր, որ նա իր ուսերից վար էր դնում արցախյան հարցի լուծման պատասխանատվությունը: Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ փախուստ՝ բաժին հասած առաքելությունից: Միայն միամիտները կարող են կարծել, որ այդ իշխանափոխությունը բնական էր ու դեպքերի տրամաբանական արդյունք: Երրորդ նախագահը բոլոր հնարավորություններն ուներ կիրթ ու փորձառու որեւէ մեկին իրավահաջորդ պատրաստելու: Բայց նա իշխանության գնդակը գլորեց անփորձ, կառավարման այբուբենը չիմացող մարդու ձեռքերի մեջ՝ դրանով իսկ դառնալով հետագա իրադարձությունների մեղսակիցն ու համապատասխանատուն:

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ ինքը համար մեկ պատասխանատուն է, սակայն ո՛չ համար մեկ մեղավորը: Դրանով նա շատ ուղղակի ասում է, որ նախապես ծրագրված խնդրի կարգավորման հոգսն իր ուսերին առնելով, ինքն այն լուծել է այնքանով, որքանով ներել են իր ուժերը: Եթե դա դավաճանություն է, ապա այդ դավաճանությանը նպաստել են նրանք, ովքեր կարող էին ավելի վաղ լուծել խնդիրը՝ չփոխանցելով այն անկարող ու անտեղյակ մարդու:
Խղճի դեմ չմեղանչելու համար նշենք, որ կարող էր լինել մեզ անհայտ մի տարբերակ. գուցե երրորդ նախագահը բանակցային գործընթացում անհանդուրժելի է համարել Հայաստանին ներկայացված պահանջը եւ իր հրաժարականով հնարավորություն տվել նոր ղեկավարին՝ փոխելու խաղի կանոնները, փորձելով թեկուզեւ ծանր պատերազմի գնով ինչ-որ բան ավել պահել, քան նախատեսված էր խաղաղ հանգուցալուծման տարբերակով: Եթե այդպես է, ժամանակն այլ գնահատականներ կտա կատարվածին: Սակայն այսօր փաստն այն է, որ այդ գործողությունը ձախողվել է. անդամահատվել է Արցախը, հարված է հասցվել Հայաստանի ինքնիշխանությանը, փշրվել է տառապանքով ու զոհերով ձեռք բերված հաղթողի մեր զգացողությունը: Դրա փոխարեն բացվել է ազգային զարթոնք ապրող թշնամու ախորժակը:

Քաղաքականության մեջ բոլորն են այս կամ այն չափով շախմատ խաղում: Ասում են՝ երրորդ նախագահն այս հարցում վարպետ է: Հնարավոր է, որ նա նոր մտահղացումներով փորձում է ամրապնդվել քաղաքական դաշտում: Հնարավոր է նաեւ, որ խաղում է քաղաքական շախմատի իր վերջին պարտիան: Մի բան ակնհայտ է՝ նա իր թիմին, ուր, անկասկած, կան առողջ ուժեր, շատ ավելի մեծ օգուտ կտար, եթե կուսակցության ղեկը հանձներ մեկ ուրիշին: Եթե Հանրապետականի մասնակցությամբ դաշինքը ակնկալածից քիչ ձայներ հավաքի, պատճառներից գլխավորը վերոհիշյալ հանգամանքը կլինի: Թեեւ անժխտելի է, որ Հանրապետականի առաջնորդը վերջնախաղում ունի ձիու քայլ անելու բացառիկ հնարավորություն. նա կարող է մինչեւ ընտրությունների օրը հրապարակավ հայտարարել կուսակցության ղեկը գործընկերներից մեկին փոխանցելու մտադրության մասին:

Ճոճանակի սկզբունքը

Քաղաքականության մեջ կա մի երեւույթ, որ պայմանականորեն կարելի է կոչել ճոճանակի սկզբունք: Դա այն դեպքն է, երբ որեւէ մեկի գործունեությամբ պայմանավորվում է մեկ այլ գործչի գոյությունը: Չլինեին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կուտակած խնդիրները, չէր կարող ի հայտ գալ Նիկոլ Փաշինյանի տիպի գործիչը: Նույն տրամաբանությամբ էլ՝ չլիներ Նիկոլ Փաշինյանի եռամյա ձախավեր գործունեությունը, չէին վերակենդանանա մերժվածների կերպարները: Ահա այսպես՝ մեկի գոյությամբ պայմանավորվում է մյուսը:

Առաջինների ակտիվացումն ու նրանց վերադարձի վախը Նիկոլ Փաշինյանից շատ ու շատ հիասթափվածներին նորից համախմբեց նրա շուրջը: Նախկին գործիչները քաղաքական հայտ ներկայացնելով, ակամա ամրապնդեցին Փաշինյանի դիրքերը՝ նպաստելով նրա քաղաքական երկարակեցությանը: Եթե նրանց նպատակը Նիկոլ Փաշինյանից ազատվելն ու երկրին անշահախնդրորեն ծառայելը լիներ, նրանք կպատրաստեին ու առաջ կմղեին անխոցելի հեղինակություն ունեցող գործիչների: Մինչդեռ ակտիվություն դրսեւորելով՝ նրանք մատնում են իրենց ցանկությունները: Անցյալի փառքը նրանց հանգիստ չի տալիս: Մոտալուտ իշխանության խենթացնող բույրը գլխապտույտ է առաջացրել նրանց մոտ, հոգիներում վառել վաղեմի կիրքն ու կարոտը: Հաջողությունը նրանց շատ մոտ է թվում: Բայց հաշվի չեն առնում մի բան, որ իրենց «ձեռքբերումները» գրանցվել են այն ժամանակ, երբ ունեցել են պաշտոնական դիրք ու ծառայամիտ թիմ:

Ընտրական գործընթացներում նախկին նախագահների մասնակցությունը կանխեց այլընտրանքային նոր ուժի ձեւավորումը, որին ժողովուրդը հանգիստ խղճով իր ձայնը կտար, ազատվելով քաղաքական մայրամուտ գնացող Նիկոլ Փաշինյանից: Մինչդեռ ստեղծված հանգամանքներում Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու լուրջ հնարավորություն է ստանում հենց նախկինների շնորհիվ, որոնց կառավարման տարիները դառը հիշողություն են թողել շատ մարդկանց հոգիներում: Իսկ, ինչպես կյանքը ցույց տվեց, ատելությունը զորեղ միջոց է մերժման գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու գործում: 

Շարունակելի 

Ֆիրդուս Զաքարյան